Արքմենիկ Նիկողոսյան "Գրականության Երևանը. մաս երկրորդ"

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հետևում է մայրաքաղաքի կերպարի ձևավորմանը և զարգացմանը հայ գրականության էջերին՝ սկսած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից: Ներկայացնում ենք հետազոտության երկրորդ մասը:


Երևանը՝ Մոսկվայում

...
Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնորդավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ գավառներում ու գյուղերում ապրողների համար «Րևանը» պատկերանում էր իբրև զարմանալի զարմանք ու քաղաքակրթության կենտրոն, ու Բակունցի հերոսներից Տիտոսը «Րևա՜ն, Րևա՜ն» ակնարկից այնտեղ հասնել էր ուզում, ինչպես մահմեդական հավատացյալները՝ Մեքքա, ու նրա «Րևա՜ն, Րևա՜ն» կանչը իբրև չիրականացած երազանքի համընդհանուր ճիչ շարունակելու էր թևածել լեռներում ու ծմակներում...
Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնորդավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ 1931 թվականին արդեն Երևանը դարձել էր նաև վեպի վերնագիր, վեպ, որում հին Երևանի՝ նոր Երևանին աստիճանաբար հանձնվելու ինչ-որ տեղ ողբերգական ընթացքն է մեկնաբանվում: Ի դեպ, մոտավորապես նույն ընթացքն է, ինչ այսօր, բայց այսօր նոր «Երևան» վեպ չի գրվում, կամ գուցե գրվո՞ւմ է...
1931 թվականին Մկրտիչ Արմենը գրեց այդ վեպը: Նրա «Երևանը», սակայն, լույս տեսավ... Մոսկվայում: Սա անհետացող Երևանի ու միևնույն ժամանակ՝ նորովի հառնող Երևանի գեղարվեստական պատկերումն է: Ժամանակին քննադատությունը վեպը որակեց իբրև «մոդեռնիստական», և դա բավական էր, որ այն անտեսվի, մոռացվի ոչ միայն ընթերցողների, այլև հենց իր՝ Մկրտիչ Արմենի կողմից: Ամեն դեպքում, գրողն այն հետագայում չընդգրկեց իր երկերի հինգհատորյակում:
Վեպում նույնիսկ մեր օրերի համար ծանոթ սյուժե է: Երկու ճարտարապետ՝ Արշակ Բուդաղյանն ու Գուրգեն Փարսադանյանն իրենց լուծումներն են առաջարկում մայրաքաղաքի նոր կառույցներին: Նրանցից առաջինի նախագիծը կոչվում է «Արևելք», որում փորձում է պահել քաղաքի կոլորիտը, հին շենքերն ու շինությունները: Երկրորդը կոչվում է «Հաղթանակ» և հնի իսպառ վերացումն է ենթադրում: Մկրտիչ Արմենը վեպում բերում է պատկերներ, առարկայական ու հավաստի նկարագրություններ, որոնք մի կողմից՝ մղում են ափսոսանքի կորսվող հնի համար, մյուս կողմից՝ փոխանցում են նորի հրճվանքը: Ահա, օրինակ, հնի ու նորի հակադրության մի պատկեր, որին, իբրև սահմանաբաժանի խորհրդանիշ, տրամվայի չգոյությունն ու գոյությունն է: Տրամվայի, որն այսօր անհետացել է մեր քաղաքից, և գուցե այդ փաստն իրո՞ք գալիս է ապացուցելու, որ մենք հետքայլ ենք անում: «Նրա դիմաց ելնում էր նոր Երևանը:
...Քաղաքը մեծ ու փողոցները՝ ձգված են բազմաթիվ ուղղություններով: Տեղ-տեղ՝ պլոշչադները և ամենուր պրոսպեկտներն ու փողոցները: Մեծ ու փոքր փողոցներ, մեծ ու փոքր շենքեր: Նաև լայնարձակ պլոշչադները, նաև երկար փողոցները... Եվ այդ բոլորին իրար հետ կապել է արագընթաց տրամվայը: Նա փոխել է հեռվի ու մոտի գաղափարը, հեռուն մոտ է թվում ու մոտը՝ հեռու: Մոտ է ծայրամասում գտնվող շենքը, որովհետև նրա կողքից, յուրաքանչյուր րոպեն մի անգամ տրամվայն է անցնում, իսկ մոտակայքում գտնվող փողոցներից մեկն ավելի հեռու է, քանի որ նրա միջով առայժմ երկաթե գծեր չեն անցնում և տրամվայ չի անցնում...
...Հին Երևանում, ուր տրամվայ չկար, քաղաքն ուներ կենտրոնական մաս՝ լավ փողոցներով ու ծայրամասեր ուներ՝ վատ փողոցներով: Տարբերությունը մեծ էր նրանց միջև ու տարբերությունը շատ էր: Մի տեղում լույսն էր և մութն էր մյուս տեղում: Մի տեղում լայն էր և նեղ էր մյուս տեղում: Շենքերի տարբերություն կար, բնակիչների տարբերություն և դեռ շատ: Տրամվայն այդ բոլորը ջնջել է: Լայն փողոցները ձգվում են մինչև քաղաքի ծայրերը, լույսերը չեն նվազում այն ծայրերում, չկա շենքի տարբերություն ու բնակիչների տարբերություն»:
Այնուամենայնիվ, «Երևան» վեպում գրողի տրամադրություններում գերիշխողը ոչ թե ուրախությունն է այդ նորի հանդեպ, այլ ցավն ու ափսոսանքը հնի, անհետացողի նկատմամբ: Վեպում պարբերաբար շրջանառվող «Մեռնո՜ւմ է հին, դարավոր Երևանը» արտահայտությունը նաև դրա վկայությունն է: Եվ գուցե դրա պատճառո՞վ քննադատները ժամանակին վեպում նաև «անցյալն իդեալականացնելու» հակասովետական միտում տեսան...
Գիտակցելով, որ հինն անհետանում է հավետ ու անհետ՝ վեպում Արմենն ավելի մանրամասն է նկարագրում հենց այդպիսի տեղանքները: «Հին քարվանսարան չկա: Մի քանի խարխուլ բեկորներ, մնացած ամբողջ շենքից, հիշեցնում են նրա անցյալ օրերի մասին: Շենքն անհետացել է երկրի երեսից, որովհետև հեռվից, իր ուրույն ընթացքով ծավալվող ու մոտեցող նոր փողոցը քանդել է նրան, իր ճանապարհը բաց անելու համար:
... Կապույտ Մզկիթը, որն առաջ այնքան հաղթ էր երևում համեմատած իր գորշ շրջապատի հետ, այժմ այդ քարե շենքերի կողքին թվում է թանգարանային գույնզգույն մի առարկա»:
Ծանոթ պատկեր է, անտարակույս, մեր օրերում էլ այսպես է: Բայց ավելորդ չէ հիշել, որ մենք այսօր մեր հերթին պայքարում ու ափսոսում ենք այն շենքերի ու շինությունների համար, որոնց կառուցումով ժամանակին մեկ այլ Երևան էր մոռացության փոշով պատվում:
«Հաղթանակ» ճարտարապետական նախագիծն է հաղթում «Երևան» վեպում: Գրողն արձանագրում է՝ «Մեռնո՜ւմ է հին, դարավոր Երևանը»: Երևանցին ասում՝ «Գնաս բարով, Երևան»:
Պրովինցիայի մայրամուտը
...Ու Ակսել Բակունցը, այնուամենայնիվ, Խաչատուր Աբովյանի ապրած ժամանակների Երևանի պատկերումով չսահմանափակվեց: «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքում նա տվեց նաև 20-րդ դարի 20-30-ական թվականների Երևանի պատկերը՝ շեշտը դնելով այս անգամ... Աբովյան փողոցի վրա: Ասենք՝ էլի չհեռացավ մեծ քանաքեռցուց, թեպետ պատմվածքում անընդհատ փողոցի հին՝ Աստաֆյան անունն է շրջանառվում: Շրջանառվում, շրջանառվում ու մի տեսակ՝ միֆի է վերածվում Աստաֆյան փողոցը՝ իր ուրույն կոլորիտով ու մարդկանցով. «Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությունը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն՝ «անցնում են և բարձրանում»: Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են, և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների: Այս փողոցն ունի նաև վատ համբավ. եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին, ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»: Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները: Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ»:
Նույնքան թանկ են բակունցյան այն վկայագրությունները, որոնք վերաբերում են Երևանի մյուս փողոցներին, վկայագրություններ, որոնք, սակայն, միտված են Աստաֆյանի առավելություններն ու յուրահատկությունը ընդգծելու. «Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա, և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով: Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մար-դիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները: Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր. կանուխ է իջնում մութն այդ փողոցներում, և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների: Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը: Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ. մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով, և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ և, ինչպես երազ, նորից կանհետանա:
...Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը: Տները գետափին են, և շատ պատշգամբներ կախված են ջրերի վրա: Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրանում են վեր: Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը: Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին, և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խազալի վրա...»:
Սա՛ է հին Երևանը, որի մասին անընդհատ հիշում ու որին կարոտում են երևանցիները...
Բայց Բակունցի խոսքերով ասած՝ «անեղծ չմնաց այս պրովինցիան»: Տրամվայը, որ իբրև խորհրդանիշ Արմենի վեպում էլ կար, տրամվայը, որի բացակայության համար այսօր այնքան ափսոսում ենք՝ ինքն էր ժամանակին բացակայություններ պարտադրում. «Բահերով և բրիչներով զինված մի բազմության գրոհի դիմեց: Փորեցին գետինը, և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել: Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերք տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթին: Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա, և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար: Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը: Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք,մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը:
Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով...»:
Էհ, էհ, էհ... Մի ժամանակ նորի խորհրդանիշ, հետո՝ հնի խորհրդանիշ տրամվայ...
Քո մասին են իմ բոլոր երգերը
Ու եկան նոր ժամանակներ, երբ գրականության մեջ Երևանն արդեն մշտական ներկայություն էր: Ամենուր Երևանն էր, ու Երևանն ամենուր էր, որովհետև քաղաքային միջավայր կոչվածը հիմնականում հենց մայրաքաղաքային էր: 1960-ականներին նույնիսկ գրականության մեջ բանավեճ ծագեց՝ գյուղագրությո՞ւն, թե՞ քաղաքագրություն, թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ գյուղագրությո՞ն, թե՞ երևանագրություն: Երևանի առանձին փողոցներ ու տեղանքներ մանրամասն նկարագրելու կարիք կարծես թե չկար: Ընդհակառակը, գրողները, հատկապես պոեզիայում, կենտրոնացան փոքրիկ մանրամասները մանրամասնելու վրա:
Գովերգեցին Երևանի քարը, ջուրը, աշունը, գարունը, ամառը, ձմեռը, ծառը, կանաչը, ծաղիկը, այգիները, օդը, աղջիկներին, բանվորներին, բժիշկներին, գիտնականներին... Ոգևորությունը մեծ էր այն սփյուռքահայ բանաստեղծների մոտ, ովքեր առաջին անգամ էին լինում Երևանում: Այդ ոգևորությունը վերածվում էր բանաստեղծության: Լավ, վատ...
Ահա մի հատված Պարույր Սևակի «Երևանին» բանաստեղծությունից.
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է...
Ախ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
Մի «չքնաղ» է մնում,
Մի «հոյակապ», մի «պերճ»,
Մի մեծ «չնաշխարհիկ»,
Մի «վեհ» փոքրիկ և՝ վե'րջ:
Ու ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիաթներում:
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն...
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:
Արձակում պատկերը մի փոքր այլ էր: Արձակագիրները սկսեցին այսպես ասած՝ տեղայնանալ իրենց թաղերի ու փողոցների նկարագրության վրա: Այդպես գրվեցին Էդվարդ Ավագյանի «Մենք ապրում ենք Կոնդում», Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոցը», Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» գրքերը...
Այդ և շատ ուրիշ գրքեր պահել-պահպանել են բաներ, որոնք այսօր չկան...
Երևան, բոզի՛ աղջիկ
Մեր օրերում պոետները շարունակում են բանաստեղծություններ գրել Երևանի մասին: Դրանք մի փոքր ուրիշ են, ինչպես մեր ժամանակներն են ուրիշ, ինչ-պես Երևանն է հիմա ուրիշ: Պոետները չեն նստում ու փառաբանում-գովերգում Երևանը, նրանք խոսում-զրուցում-կիսվում են Երևանի հետ, գրեթե այնպես, ինչպես ժամանակին Չարենցն էր անում: Նրանք այդպես են սիրում Երևանը, նաև՝ քննադատելով, նաև՝ հայհոյելով: Այդպես են սիրում: Ու նրանց այդպիսի սերն ավելի անկեղծ է, քան հազարավոր ներբողները, որ ձոնվել են Երևանի ցայտաղբյուրներին, քարերին... և այլն, չկրկնվեմ: Որովհետև նրանց տողերում ցավ կա, տագնապ կա, կարոտ կա, որ քեզ էլ է փոխանցվում ակամա: Ցավոտ զգացողություններ, որ ճառերով ու գեղեցիկ բառերով չես ծածկի՝ «Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, աղջիկս, Երևան» (Աշոտ Խաչատրյան): Ու նեղացածություն երբեմն, որ մեր ժամանակների սոցիալական վայրիվերումներն է ի ցույց դնում, ու նաև՝ անհարազատանալու չափ փոխվող Երևանի համար տագնապը՝ «Ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ» (Հուսիկ Արա):
Այդտեսակ զգացողություններն է, որ ընդհանրացրել է Հուսիկ Արան իր «Էգ քաղաք» բանաստեղծության մեջ.
Քո անինքնասեր քրոջ' Բաբելոնի արձագանքն ես, էգ քաղաք,
և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով.
լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում,
երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ'
մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին,
իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացել
արցունքիդ դառը կաթիլի մեջ:
...Ու այնուամենայնիվ, Երևանի մասին շարունակում են գրել, իսկապես նրա մասին են բոլոր երգերը, Երևանը չի նահանջում, Երևանը չի լքում գրականությունը, գրականությունը չի լքում Երևանին, որովհետև, անկախ ամեն ինչից, Երևանը նաև հոգևոր տարածություն է.
Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ
մյուս ու բոլոր հազար տարիներին.
«Երևանը մեծ քաղաք է,
բայց մենակ եմ ես, որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Սկիզբը` այստեղ

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև