Գուրգեն Խանջյան «Ճարպոն և կյանքը»


Առավոտյան, սանրվելու համար հայելուն մոտեցած Ճարպոն տեսավ սեփական արտացոլումը և սոսկաց: Սոսկումը, սակայն, արտաքնապես չարտահայտվեց, որովհետև այն, ինչը  արտացոլված էր հայելով` որևիցե արտահայտություն ունենալ չէր կարող: Ճարպոն սարսափած հեռու փախավ: Հուսալով, թե դեռ քնած է, երազի մեջ է, նա մի քանի անգամ ուժգին կսմթեց իրեն և վախվխելով` վերստին գնաց հայելու մոտ... Ավաղ, երազ չէր, հայելու  մեջ դարձյալ երևաց այն, ինչն արտահայտություն չուներ:

Հախուռն, խուճապահար մտքեր խլրտացին այդ արտառոց գլխում` ինչու՞, ո՞ր մեղքի համար... վերջապես` ո՞նց է ապրելու այսուհետև... ո՞նց է մարդամեջ դուրս գալու...

Այլևս չհամարձակվելով մոտենալ հայելուն` Ճարպոն թուլացած փլվեց անկողնուն:

Անցած կյանքն ինքնաբերաբար հայտնվեց երևակայության մեջ ու գլորվեց` ասես աներևույթ ինչ-որ դրդմամբ, որ հուշում էր, թե հիշողությունները գուցե լույս սփռեն կատարվածի վրա: Թեև ի՞նչ իմաստ, բանը բանից անցած էր...

Այնուամենայնիվ, հիշողությունները գլորվեցին` սկիզբ առնելով այն հեռավոր ժամանակներից, երբ պստիկ, գանգրահեր մանչուկին կոչեցին Ճարպո: Ֆիզիկական ճարպկությունը չէր պատճառը, ոչ, իր մականունը նա ստացավ այլ ճարպկությունների համար` տարիքին անհամապատասխան հարմարվողականություն, արագ արձագանք այն կողմի վրա, որտեղից շահ է ակնկալվում` չխորշելով շողոքորթելուց և ստախոսելուց: Նույնիսկ մանուկ հասակում, երբ նոր էր սկսում խոսել և դեռ մականուն չուներ, եթե, ասենք, հարցնեին` «Պապային ես սիրու՞մ, թե՞ մամային»,  Ճարպոն կմատնանշեր ծնողներից նրան, ում ձեռքին քաղցրավենիք կար, եթե երկուսի ձեռքին էլ կար, Ճարպոն չէր շփոթվում, ասում էր` «Պապային եմ սիրում, մամային եմ սիրում», իսկ եթե քաղցրավենիքը ծնողների ձեռքին չէր, այլ երրորդ` նույնիսկ անծանոթ մեկի, Ճարպոն ծնողներին ուրացած` նրան էր սիրում, նրա գիրկն էր մղվում: Արդեն դպրոցում Ճարպոն կարող էր դասադուլ կազմակերպել, բոլորի հետ փախչել դասից, հետո աննկատ  անջատվել, ետ գալ ու միայնակ նստել դասարանում. հաշվարկը հստակ էր, մեկ աշակերտի հետ միևնույն է` դաս չեն անցկացնի, այսինքն` նա ստանում է նույն ազատությունը, սակայն` նաև ուսուցիչների բարյացակամությունը շահելով, իսկ դասընկերներին կստի, իբր պատահաբար հանդիպեց հորը, որն էլ նրան զոռով քարշ տվեց դպրոց: Ճարպոյի այս կարգի հատկություններն, ըստ երևույթին, ժառանգական նախասկիզբ ունեին` նախատիպ` ոմն նախաՃարպո, սակայն պակաս դեր չուներ նաև դաստիարակությունը. Ճարպոյի ծնողներն ամեն կերպ խրախուսում էին նրա  այդ հատկությունները` ուրախանալով, որ իրենց զավակն այս կյանքում չի կորչի. «Էս լակոտին ոնց գցես` ոտերի վրա կկանգնի»: Այդպես էր, մեջքին ընկնող չէր Ճարպոն: Նույնիսկ բանակում, որից խուսափել չկարողացավ` որքան էլ փորձեց հիվանդություններ կեղծել, նա հաջողացրեց մի տաքուկ տեղ ձեռ գցել զորամասի պարենային պահեստում: Սրան, անշուշտ, քիչ չնպաստեցին տնից ուղարկած կոնյակ-սիգարետները, սակայն պետք էր ունենալ ճարպոյական հոտառություն և մոտեցում, կողմնորոշվելու համար, թե ում, ինչ, ինչքան, որտեղ և երբ:

Զորացրվելուց հետո ուսումնառությունը շարունակել կամ որևիցե արհեստ սովորել չուզեց` ապավինելով միմիայն իր ճարպկությանը. ժամանակ չկար, ժամանակը փող էր: Եվ ի՞նչ մի հատուկ ուսում էր պետք բանջարեղենի բաժնում վաճառող աշխատելու համար... Այս գործի նրբություններն արագ յուրացրեց Ճարպոն և շուտով այնպես հմտացավ, ասես վաճառող լինելը նախանշված էր ճակատագրով: Նրա գործողությունները` կապված մթերքի, կշեռքի, կշռամանի, կշռաքարերի և փողի հետ, կշարժեին ցանկացած առաջնակարգ աճպարարի նախանձը: Բացի այդ, նա հոգեբանի խորաթափանցություն էր դրսևորում, երբ ըստ գնորդի արտաքինի և դեմքի` որոշում էր թերակշռման կամ գերհաշվման չափը: Ճարպոն իր տարերքի մեջ էր: Սակայն, ինչպես նման դեպքերում հաճախ պատահում է և հատկապես` սկսնակի հետ, հեշտ փողն ավելորդ վստահություն ներշնչեց, և մի օր, զգոնությունը կորցրած, Ճարպոն սայթաքեց: Իհարկե, կարող էր ուրիշ մի տեղ փնտրել ու գտնել, սակայն չուզեց, չկա չարիք առանց բարիք` մտածեց նա, և իսկապեսի՞նչ է կառչել վաճառասեղանին, երբ դեմը անծայրածիր երկիրն է. երկիրն անծայրածիր, Ճարպոն` ճարպիկ:

Եվ այս անծայրածիր երկրում ապրանքի անհավասար բաշխում էր տիրում. մի տեղում մի ապրանքից շատ կար` թափած, մի ուրիշ տեղում դրանից ամենևին չկար, բայց կար մի ուրիշ բան, որից այն մի տեղում ամենևին չկար: Ճարպոն եռանդով լծվեց բաշխման այս անարդարությունը գոնե իր կարեցածի չափով մեղմելու գործին. բերում էր ու տանում, տանում էր ու բերում, էժան բերում` թանկ ծախում, էժան տանում` թանկ ծախում. ազգականին, բարեկամին, ընկերոջը, ծանոթին, անծանոթին...

Հետո ուրիշ ճարպիկներից տարբեր ճարպկություններ սովորեց` պիտակներ կեղծել ու տեղականը արտասահմանյանի տեղ իրացնել, մելխիորը` արծաթի, պղինձն ու լատունը` ոսկու, ցիրկոնը` ադամանդի և այլն, և այլն, և այլն: Հատուկ հոտառությունը Ճարպոյին  օգնում էր խուսափել քրեական վտանգից, նա այդ վտանգն ասես ողնաշարով էր զգում` կանխավ, այնքան, որ միշտ հասցնում էր մաքրել հետքերն ու չքվել:

Ժամանակ անցավ, Ճարպոն մտածեց` նախ առևտրի ուսումնարանի դիպլոմ է պետք ձեռ գցել, ապա` խանութի վարիչի տեղ. հա, բա ի՞նչ, ինչքա՞ն գնա-գա, տանի-բերի, ջահել չի արդեն, ընտանիք ունի... Նույն փողը կարող է նստած տեղում սարքել, նարդի խաղալով ու գարեջուր խմելով, հանգիստ, ֆակտուրա ստորագրելով, ելքն ու մուտքն իրար բերելով, ներքևից վերցնելով` վերևին բաժին հանելով...

Սակայն մինչ այս, մինչ այն... Կատարվեց անհավատալին` մեծ երկիրն սկսեց քանդվել, սկզբում` դանդաղ, այնքան դանդաղ, որ համարյա ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, Ճարպոն` նրանց թվում. ո՞նց, սովետը քանդվի՞... չէ, շուլուխ են անում Կրեմլի բիձեքը, պրովոկացիա, ուզում են տեսնեն` ով-ով ա: Ավաղ, հատուկ հոտառությունն այս անգամ խաբեց, երկիրը շարունակեց քանդվել ու վերջնականապես ավերակվեց:

Ճիշտ է, Ճարպոն այնուամենայնիվ ձեռքերը մի քիչ տաքացրեց օգնության նավթի, լոբու և դեղի, հետո էլ արտարժույթի փողոցային փոխանակման վրա: Սակայն դա կարճ տևեց. բոլոր քիչ թե շատ շահութաբեր ասպարեզները բաժանվեցին-կենտրոնացան ազդեցիկ մարդկանց ձեռքին, Ճարպոյի առջև դռները մեկիկ-մեկիկ շխկալով փակվեցին: Վիճակն այնքան վատացավ, որ Ճարպոն նույնիսկ մտածեց պատերազմին մասնակցել` էնպես, կողքից, թալանի մասով, բայց ինքնապահպանման բնազդն այնուամենայնիվ հաղթեց` բա որ խփե՞ն...

Այդպես գլորվեց  մեկ տարի, երկուս, երեք... Ճարպոն խաղից իսպառ դուրս մղվեց: Ի՞նչ էր կատարվում, նույնիսկ  էն տոտալիտար երկրում իր ճարպկությանն ասպարեզ գտնում էր, իսկ հիմա, երբ ազատ ձեռներեցություն է հայտարարված` ոչինչ չի ստացվում, ինչու՞, ճարպկությունը մնաց հին ժամանակներու՞մ, առաջ չի գալի՞ս... Հուսահատությունը կաթ-կաթ լցնում էր հոգին, բայց նա դեռ սպասում էր, ինքն էլ չգիտեր ինչին, բայց սպասում էր, տոնավաճառում ոտի վրա սիգարետ էր ծախում, յոլա գնում ու սպասում. «Մի դուռ պիտի բացվի, էսպես մնալ չի կարող»: Ճարպոն նույնիսկ սկսեց եկեղեցի մտնել, մոմ վառել... Եվ ահա, մի գեղեցիկ օր...

Մի գեղեցիկ օր Ճարպոն հոգնած քայլում էր տոնավաճառի նեղլիկ անցումներով` բացարձակապես չկասկածելով, որ օրը գեղեցիկ է: Հին ծանոթ հանդիպեց` դպրոցական ընկեր, սիգարետ գնեց Ճարպոյից, ծխեց ու զրույցի բռնեց. բարև-բարլուս, ոնց ես-ոնց չես... Ճարպոն առանձնապես խանդավառ չէր այս հանդիպման առիթով` բժշկից, թող որ` հիվանդանոցի գլխավորի տեղակալ, ի՞նչ պիտի սպասեր, հո վիրաբույժի կամ գինեկոլոգի տեղ չէ՞ր խնդրելու, շատ-շատ` սանիտարի, բայց դա իրեն ի՞նչ պետք էր: Համենայնդեպս հարցրեց: Ու էստեղ բժիշկ ընկերը ոչ էս-ոչ էն, հանկարծ ասաց.

- Օրերս մի տեղ է բացվել, մեջը փող կա, բայց...

- Հը՞,-  տագնապեց Ճարպոն:

- Բայց առանց նեղանալու...

- Այ մարդ, ի՞նչ նեղանալ, բանը բանից անցած ա, խոսի:

- Մերը պրակտոլոգիական հիվանդանոց է, գիտես:

- Էդ ո՞րն ա, էն քամակի հիվանդությունների՞...

- Հա. թութք, կիստա, թարախապալարներ... Մենք մի սափրիչ ունեինք, անցյալ շաբաթ մահացավ, տեղն առայժմ ազատ է:

Ճարպոն անմիջապես կռահեց, թե ինչ էր սափրելու, եթե համաձայներ:

- Սուրճ խմենք,- առաջարկեց` ժամանակ շահելու համար:

- Չէ, այդքան ժամանակ չունեմ, ուրիշ անգամ,- մերժեց ընկերը:-  Ասեմ, որ այդ տեղը երկար պահել հնարավոր չի, հիվանդներն իրենք իրենց սափրել չեն կարող, հասկանում ես, այնպես որ... -  ավելացրեց նա ու սպասեց:

Ճարպոն սիգարետ վառեց, ծխեց, էլի ծխեց...

- Փողից հոտ չի գալիս, ախպեր,- վերջապես խոսեց նա,-  անփողությունից ա հոտ գալիս ու էն էլ` շատ գեշ:

Համաձայնվեց:

Հաջորդ օրը Ճարպոն հիվանդանոց ներկայացավ` արդեն սափրիչային պիտույքներով զինված: Ու սկսվեց...

Ավելի լավ գործ պատկերացնել չէր կարելի. հետույք սափրելը, դեմք սափրել չէր, ոչ բեղ կար, ոչ բակենբարդ, ոչ խոր կնճիռ: Իհարկե, այստեղ էլ մի քանի այլ նրբություններ կային, որոնք Ճարպոն արագ յուրացրեց, և ամբողջ արարողությունն արդեն մի քանի րոպեից ավելի չէր տևում. վերջապես` օծանելիքով թարմացում ու` թրաշդ անուշ: Հիվանդների պակաս չկար. հաստ աղիքի հիվանդությունները տարածված էին, մարդիկ հերթագրվում էին և շաբաթներով սպասում վիրահատության: Ճարպոյի վաստակը բնականաբար չէր հարկվում պետության կողմից, թեյավճարի պես մի բան էր, բայց ի՜նչ թեյավճար, ոչ մի մատուցող երազել չէր կարող նման թեյավճար: Հիվանդանոցի տնօրինությունն էլ հարկ չէր վերցնում Ճարպոյից. ո՞նց փայ ուզեն մի մարդուց, որն իր փողը վաստակում է հետույք սափրելով:

Անցան տարիներ, Ճարպոն գոհ էր  կյանքից, և թքած, թե ծանոթները, թաքուն, տարբեր անվայել մականուններ են  կպցնում- թող նախանձեն: Երբ նա իր շքեղ մեքենան կանգնեցնում էր հիվանդանոցի բակում և ինքնագոհ քայլում դեպի մուտքը, պատուհաններից նայող նորեկ հիվանդներին թվում էր, թե  նա է հիվանդանոցի տնօրենը: Որքան մեծ էր լինում նրանց զարմանքը, երբ իմանում էին Ճարպոյի ով լինելը:

Ամեն բան հրաշալի էր ընթանում և այդպես էլ կընթանար երևի, եթե չկատարվեր այս անհավատալի դժբախտությունը, դժբախտություն, որին նախորդել էր անհեթեթ հոգեվիճակների մի ամբողջ շարք: Իսկ այդ շարքն, ամենայն հավանականությամբիր սկիզբն առավ այն չարաբաստիկ երեկոյից: Ճարպոն հյուր էր քրոջ տանը. սովորականի պես  խոսում էր իր մեծ շրջապատի, ազդեցիկ մարդկանց հետ մոտիկ հարաբերությունների, լայն հնարավորությունների, վերջերս գնած թանկարժեք իրերի և նման այլ բաների մասին: Իրեն գովելու թեժ միջոցին նրա հայացքը հանկարծ հանդիպեց հարևան սենյակում դասերը սերտող քրոջ դստեր հայացքին: Աղջնակի մեծ, պարզ աչքերի այդ հայացքն ասես շամփրեց Ճարպոյին. ինչ-որ  առեղծվածային, խորհրդավոր բան կար նրա աչքերի երկնագույնի մեջ: Թվում էր` մանկան աչքերով Ճարպոյին է նայում ուրիշ մեկը, որ թափանցում է հոգու ամենաթաքուն խորշերը և ամեն բան գիտի: Հայացքը մեղադրող չէր, այլ` ներողամիտ, և դա ավելի վատ էր, որովհետև մեղադրանքի հետ կարելի է վիճել, կռվել: Ճարպոն իրեն անսպասելիորեն վատ զգաց, նույնիսկ կարմրատակեց, շփոթված ուղղեց փողկապը, ապա անտեղի ու բռնազբոսիկ հռհռաց, անզգույշ շարժումով դիպավ թեյի բաժակին ու գցեց այն:

- Ոչինչ, Ճարպո ջան, հիմա կհավաքեմ,-  ասաց քույրը:

- Ինքս:-  Ճարպոն կռացավ ու սեղանի տակ մնաց շատ ավելի երկար, քան հարկավոր էր կոտրված բաժակի փշուրները հավաքելու համար:-  Էն դուռը փակեք, թող երեխան հանգիստ պարապի,- վերջապես ուղղվելով ասաց նա:

Հաջորդ առավոտյան Ճարպոն հանկարծ զարմանքով հայտնաբերեց, որ դժվարանում է սափրել դեմքը. շարժվող ածելու տակ հետույք տեսնելուն այնքան էր վարժվել, որ սեփական դեմքը սափրելիս` անսպասելիորեն ընկավ թյուրիմացության մեջ: Սա հաջորդ անգամ էլ կրկնվեց, և կամքի սաստիկ լարման գնով միայն Ճարպոյին հաջողվեց ավարտել դեմքի սափրումը: Հետո մոտ մեկ շաբաթ չսափրվեց, հուսալով, թե հիվանդագին երևույթն ինքն իրեն կանցնի: Ավաղ, չանցավ: Որքան էլ ատում էր էլեկտրական ածելին` փորձեց նաև այդ միջոցը, բայց դա էլ չօգնեց: Վերջապես ընդունելով սեփական պարտությունը, Ճարպոն սկսեց սափրվել վարսավիրանոցում, ուր թիկնաթոռին նստելուն պես փակում էր աչքերը: Հետո կատարվեցին առավել անհեթեթ դեպքեր, որոնք վերջնականապես մոլորեցրին Ճարպոյին. զուգարանում պետքն ավարտելուց հետո թուղթը մեքենայորեն տարավ դեմքին, իսկ ճաշելիս հակառակը` անձեռոցիկը բերանին տանելու փոխարեն, անսպասելիորեն իջեցրեց  քամակին: Նույնպիսի անհեթեթություններ էին պատահում նաև, երբ վերցնում էր սանրը, ատամի խոզանակը, օճառը կամ ակնոցը:

Ճարպոն հանգիստ չուներ նույնիսկ քնի մեջ, ծանր  երազները հալածում էին նրան, հատկապես մեկը, որ հաճախ էր կրկնվում. գործողությունը զարգանում էր հսկայական դահլիճում, ուր պատերին փակցված էին մեծ, գունազարդ գովազդներ, որոնք նույնն էին պատկերում` մաքուր ածիլված տռուզ հետույք և ժպտադեմ Ճարպոյին, ով մի ձեռքով քնքշորեն գրկել էր հետույքը, մյուսով ցուցանում էր բարդ մի սարքավորում. «ՃԱՐՊՈ ՖԻՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈւՄ Է ՍԱՓՐԻՉ-ՌՈԲՈՏՆԵՐԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ»: Դահլիճը լեցուն էր հանդիսականներով, կենտրոնում, լույսերի  մեջ, կանգնած էր ինքը` Ճարպոն, նրա շուրջ պտտվում էին մազակալած հետույքներ: Հանդիսավոր մի ձայն վերից հարցնում էր` «Ուշադիր նայիր, Ճարպո, եթե գուշակես, թե սրանցից որի՞ հետևում է թաքնված քո դեմքը, փրկված ես, եթե ոչ` վայ քեզ»: Ճարպոն լարված նայում էր, ցանկանում էր մատնացույց անել այն մեկին, որի թշի խալը հիշեցնում էր իրենը, բայց չէր համարձակվում, որովհետև կասկածում էր, թե խալն ապակողմնորոշող նենգ միջոց է: Իսկ անիծյալ ձայնն անդադար շտապեցնում էր` «Դե, Ճարպո, համարձակ»:

Արթնանում էր սաստիկ վախեցած ու քրտնած, աթոռի վրայից վերցնում էր սրբիչը և նպատակ ունենալով չորացնել դեմքը` քսում հետևին:

Ճարպոն հյուծվեց, սկսեց հաճախակի հիվանդանալ, փողոցով քայլելիս պատահում էր, որ խոսում էր ինքն իր հետ: Այլ բացատրություն չգտնելով ստեղծված վիճակին, նա ենթադրեց, թե պատճառը գերհոգնածությունն է: Որոշեց հանգստանալ, փոխել միջավայրը: Սակայն ավաղ, միջավայրի փոփոխությունը չտվեց ցանկալի արդյունք. հանգստյան տանը գտնվելու հենց երկրորդ օրը Ճարպոյին սկսեց թվալ, թե իր ով լինելը հայտնի է այստեղ, նրան թվում էր, ոչ, արդեն համոզված էր, որ հանգստացողները մի տեսակ հեգնական քմծիծաղով են նայում իրեն: Երկար դիմանալ լարվածությանն անկարող եղավ և պարզապես փախավ հանգստյան տնից: Կնոջ հարցերին չպատասխանեց, փակվեց իր սենյակում, իսկ գիշերվա կողմ ներխուժեց խոհանոց, ջարդեց ձեռքի տակ ընկած սպասքը, պատառոտեց հագի շորերը, այնուհետև զգեստապահարանում եղած իր հագուստը և ասաց կնոջը.
- Ըհը, էլ հագնելու բան չունեմ, էլ տնից դուրս գալ չեմ կարող, վերջ, մնում եմ տանը, վերջ, հիմա էլ դու գնա փող աշխատի, վերջ...

Կինը սարսափած փակվեց իր սենյակում: Ճարպոն, հենց այդպես` մերկ, ջարդված սպասքի բեկորներից արնած ոտքերով, ընկավ մահճակալին ու քնեց:

Իսկ առավոտյան մի աներևույթ ուժ նրան հրեց-տարավ հայելու մոտ, համոզելով, թե սանրվելու անհրաժեշտություն կա:


Երբ մոտեցավ հայելուն և բարձրացրեց հայացքը` սոսկաց, որովհետև հայելու միջից իրեն նայեց մի տռուզ, մաքուր ածիլված հետույք:

Աղբյուրը՝ Գուրգեն Խանջյան «Նամակներ ընթացքից» 

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև