Հարութ Փամբուկչյան. «Եթե ոչ ես, ապա իմ զավակները պիտի տեղափոխվեն ու ապրեն Հայաստանում»


 Մայիսի սկզբին Հայաստան ժամանեց շատերիս կողմից շատ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը: Նա եկել էր ընկերոջը` Րաֆֆի Հովհաննիսյանին`նախընտրական շրջանում աջակցելու համար:

“Բացատեմ իմ այստեղ լինելը: 37 տարի առաջ ես և Րաֆֆին հանդիպեցինք, իր ընտանիքի բոլոր ուրախությունների ու տխրությունների կենդանի վկան եմ եղել, և իմ այցն էլ պայմանավորված է նրանով, որ իմ բարոյական պարտքն է այսպիսի մի ժամանակում լինել ընկերոջս կողքին: Եվ ինչու ոչ, սա այն քաղաքն է, որտեղ ես կուզենայի լինել: Այստեղ ունեմ ընկերներ, կապված եմ իմ քաղաքին իմ անցյալով իմ ներկայով և սրանից հետո էլ որևէ առիթ լինելու դեպքում կգամ իմ երկիր, որը ծնել է ինձ, սնել, դաստիարակել, և այստեղ եմ ես ձևավորվել որպես մարդ, և Հայաստանում լինելու համար ոչ մի առիթ բաց չեմ թողնի”:


37 տարի առաջ, երբ Հայաստանը դեռևս ենթարկվում էր Խորհրդային բռնապետությանը, և ստեղծագործող անհատի (և ոչ միայն) համար դժվարին ժամանակահատված էր, շատ շատերի նման Հայաստանը լքեց նաև երիտասարդ երգիչն ու մեկնեց Լիբանան` մորաքույրների մոտ:

Երբ գնացի Բեյրութ, մորաքույրներս ապրելու տեղ տվեցին, ինձ մնում էր միայն աշխատել , կարիերա ստեղծել, բայց երբ պատերազմը սկսվեց, ես էլ շատերի պես գնացի ներկայացա Դաշնակներին, այսօրվա պես հիշում եմ Խաչիկ Արաբյանին, դիմեցի նրան և ասացի, որ ես էլ եմ ուզում օգտակար լինել, կարող եմ զենք բռնել, իսկ նա ինձ ասաց. “Տղաս, դու պարտք  չունես զենք բռնելու, դու պիտի միայն երգես”, բայց ես միացա կռվող տղաներին: Մենք զենքը ձեռքներիս քայլում էինք Բուռչամուտի թաղամասերում ու պաշտպանում էինք մեր ժողովրդին, որ հանկարծ մեր թաղամասերի վրա հարձակումներ չլինեն: Բեյրութն ինձ համար հարազատ վայր է: Հիմա էլ որ գնում եմ Բեյրութ ու քայլում եմ Բուռչամուտի փողոցներով կարծես Երևանում քայլելիս լինեմ:

Որոշ ժամանակ անց Հարութ Փամբուկչյանը լքում է նաև Լիբանանը և մշտական բնակություն հաստատում ԱՄՆ-ում` միշտ մնալով հայ, հայրենասեր, հայասեր:

Երբ իմ տղային, (Նա հիմա 32 տարեկան է:-Ն.Ա.),  առաջին անգամ դպրոց տարանք, դասատուն բողոքեց, որ նա, ծնվելով և ապրելով Ամերիկայում, անգլերեն չգիտի: Ես նրան բացատրեցի, որ մենք, թեկուզ և ապրում ենք օտար երկրում, տան մեջ միայն հայերեն ենք խոսում ու հայ ենք մնում: Ես գիտեմ մի բան, եթե օտար երկրում բնակվող ընտանիքի երեխան իր առաջին բառն ասում է հայերեն, այդ երեխան երբեք իր լեզուն, իր ազգը, իր հայ լինելը չի մոռանա:

Օտար երկրում դաստիարակելով ու մեծացնելով իր հաջորդներին`հայասեր ու ազգասեր զավակներին, երգիչը չի դադարել կարոտել իր հայրենի երկիրն, ու անդադար ծնվող ու չմեռնող կարոտի մասին պատմել ուպատմում է իր երգերում:
Ցավոք սրտի այստեղ ուզում եմ դուրս գալ ու քայլել փողոցներով, մեն- մենակ, բայց քանի որ շատ մարդիկ են մոտենում, հնարավոր չի լինում: Ես դեռ հիշում եմ, թե որտեղ եմ առաջին անգամ ժամադրվել, հիշում եմ, որ շենքի որ հարկում ինչ ընկերներ ունեմ... մենք ջահել ենք եղել ու այդ տարիները մնացել են մեզ հետ. իմ երգերում ես հենց այդ նոստալջին եմ երգում:

Սակայն միայն երգելով անբռնազբոս կարոտից ազատվել չի լինում, ու Հարութ Փամբուկչյանը մի քանի անգամ այցելում է Հայաստան, հանդիպում ընկերներին, հարազատներին, մարդկանց, ու սիրված երգերը երգում իր ժողովրդի համար իր հայրենիքում:

Առաջին անգամ վերադարձել եմ 89 թվին` երկրաշարժից հետո (Լռում  է: Թերևս հուշերն են այցի գալիս: - Ն.Ա.), հետո` 91-ին և 92-ին… ու երկար բացակայությունից հետո կրկին վերադարձա երեք տարի առաջ:
Հավատացեք, որևէ մի օտար երկրում, ինչքան էլ այն գեղեցիկ լինի, ինչքան էլ դրամը շատ լինի, միևնույնն է հայության կեցությունը ժամանակավոր է: Մանավանդ քրիստոնեա երկրում շատ հեշտ է ձուլվելը: Մտածում են, որ մենք էլ ենք քրիստոնեա, իրենք էլ, տարբերությունը մեծ չէ, ու ես կարծում եմ, որ երեք սերունդ հետո, սփյուռքում դժվար կլինի շարունակել հայապահպանությունը:

Օտարի հողում օտարին ձուլվելու գիտակցմամբ` Հարութ Փամբուկչյանն սկսում է մեկ այլ պայքար, այս անգամ ոչ թե կարոտն սփոփելու, այլ օր օրի աճող արտագաղթի դեմ: Երգիչն իր երգերով և առողջ խոսքով հորդորում է բոլոր հայերին վերադառնալ իրենց պապերի հայրենիքը, իսկ ովքեր ուզում են մեկնել Հայաստանից, փորձում է ցույց տալ, որ օտարի հողում գուցե ամեն ինչ կա, բայց դա հայրենիք չէ:

Պետք չէ կարծել, թե Լոս Անջելեսում ամեն ինչ հալած յուղի նման է, կարոտախտը սպանում է ժողովրդին: Մարդիկ գալիս ապրում են Ամերիկայում, աշխատում են, երեխաները դպրոց են գնում, բարձրագույն կրթություն ունեն, ամեն ինչ լավ է, բայց ուրախ չեն, քանի որ կարոտում են, իսկ երեխաները մեծանում են օտարի հողում:

Արտագաղթի դեմ պայքարը չի սկսվում և ավարտվում միայն հորդորներով կամ ոգևորիչ երգերով, երգիչն ինքն է փորձում օրինակ ծառայել` ներքաշվել ներգաղթի մեջ ու վայելել վերադարձի`արտագաղթի դեմ պայքարի պտուղները:

ԱՄՆ-ից այստեղ տեղափոխվելը շատ դյուրին բան է ինձ համար, կարող եմ պահպանել  ամերիկյան իմ քաղաքացիությունն ու տեղափոխվել այստեղ, բայց կարևորը ես պետք է տեսնեմ այն, ինչ որ ես ցանկացել եմ տեսնել Հայաստանում: Ես գիտեմ, որ ամեն ինչ այսպես միանգամից չի կարող փոխվել, մարդիկ տարիներով են սպասում, ու վերջապես  հասնում են իրենց ուզածին: Ինձ էլ է ժամանակ պետք: Եթե ոչ ես, ապա իմ զավակները պիտի տեղափոխվեն ու ապրեն Հայաստանում:

Հայրենիքից հեռու լինելով` Հարութ Փամբուկչյանը չի դադարում իր յուրաքանչյուր օրն ապրել հայրենիքի հետ, իր ժողովրդի ուրախություններով ու տխրություններով: Գալով Հայաստան` երգիչը ամեն կերպ փորձում է հնարավորինս տեղեկանալ մարդկանց վիճակի մասին, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ խնդիրներ, ի՞նչ հոգսեր ունեն:

Երբ ես գալիս եմ այստեղ, ինձ միանգամից տանում են քաղաքի ամենաարևոտ տեղերը` թանկ ու շքեղ ռեստորաններ, գեղեցիկ վայրեր և այլն, չեմ հասցնում Հայաստանի իրական պատկերը տեսնել: Ես գիտեմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը լավ վիճակում չէ: Օրինակ, ԱՄՆ-ում թանկ ռեստորանում կարելի է հանդիպել սովորական ապրող մարդկանց, և բիլիոնատերերի: Այսինքն`նույն ռեստորանում իրար կողք կողքի նստում և նույն պայմաններից օգտվում են և սովարական ապրող մարդիկ և այդ բիլիոնատերերը, իսկ Հայաստանում այդպես չէ. ժողովրդի 70 տոկոսն անգամ այդպիսի թանկ ռեստորաններում չի էլ լինում: Բայց ես լավատես եմ իմ բնույթով, և գիտեմ, որ  միանգամից ոչինչ  չի կառուցվում, ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի. ես հավատում եմ իմ ժողովրդի անմահությանը: Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ մեկը մի փոքր տեղ է բացել ու, օրինակ, պիցցա  կամ խմորեղեն է վաճառում: Հիշում եմ, որ իմ այստեղ ապրելու տարիներին այդ ամենն անթույլատրելի էր. կոմունիստների ժամանակ այդ մարդուն սպեկուլյանտ կանվանակոչեին և նույնիսկ կարտաքսեին հայրենիքից և այլն: Բայց լավ է, որ հիմա բոլորին էլ թույլ է տրվում գործ բացել և ունենալ սեփական բիզնեսը:


Ամերիկայում և աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերն ապրում են հեռավոր երկրի անհագ կարոտով ու այն անակնկալ սպասման մեջ, թե երբ հայրենակիցներից կգան իրենց հյուր: Օտար ափերում բնակվող հայության համար ավելի շատ ուրախալի է, երբ հյուրերը ժամանում են  համերգներով, ներկայացումներով և նման նպատակներով: Եվ նրանք բոլորին էլ ընդունում են գրկաբաց, քանի որ բոլորն էլ գալիս են պապենական հայրենիքից`Նաիրի երկրից:

Ով էլ որ գալիս է Հայաստանից, կապ չունի բարձրաճաշակ երաժշտական խմբեր են, տարբեր երգիչ երգչուհիներ, թե դասական երաժշտության նվիրյալներ, թե պարզապես ցածրորակ երաժշտություն ներկայացնողներ, մենք բոլորին էլ ջերմորեն ենք ընդունում, չեք պատկերացնի, թե ոնց ենք սպասում: Քանի որ նրանք գալիս են հայրենիքից: Հավատացնում եմ, ամեն ոք և ամեն ինչ, որ կապված է Հայաստանի հետ, հարազատ է ինձ:
Հայաստանում էլ կան հարազատ վայրերը, ուր երգիչն իր այցելության ընթացքում պարտադիր այցելում է:
Հայրս այստեղ է թաղված, այցելում եմ նրա գերեզմանին, ու նաև Եռաբլուր` մեր հերոսների շիրիմներին: Մնացած հարազատ վայրերն էլ եմ գնում, բայց այս երկուսը` պարտադիր:

Ու ցավով է խոսում քաղաքի այն հատվածների մասին, որ անտարբերության են մատնված:

Հորս գերեզման գնալու ժամանակ ճանապարհին նկատեցի այն նույն փոսը, որ կար 37 տարի առաջ: Զարմացած ասում եմ, թե արդյոք ոչ մեկը չի կարող լցնել այդ փոսը: Մարդիկ կան, որ ծիծաղում են այս խոսքերիս վրա, բայց դա ծիծաղելի չէ: Կամ քայլում ես մայթով, մեկ էլ տեսնում ես մայթի վրա ինչ որ օբյեկտ են սարքել: Այս քաղաքը գլխավոր ճարտարապետ չունի՞, մեկը, ով այս կառույցները քանդելու իրավունքներ տա:

Թեկուզ սիրելի երգիչը Հայաստան էր ժամանել իր ընկերոջը` Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական դաշտում աջակցելու նպատակով, սակայն ոչ մի կերպ չի ուզում կապ տեսնել արվեստի ու քաղաքականության միջև:

Քաղաքականությունը ոչ մի կապ չունի արվեստի հետ: Ես անում եմ այն, ինչ որ կարողանում եմ անել, քաղաքական դաշտում տարբերում եմ լավը վատից, թացը չորից, ճիշտը սխալից, բայց քաղաքականությունն իմ աշխարհը չէ ու չի էլ լինի:

Ու հայրենասեր երգիչը մնում է իր երգարվեստում, շարունակում է ստեղծագործել, երգել: Հարութ Փամբուկչյանի երգերը շարունակում են սիրվել ոչ միայն հայերիս կողմից, այլ նաև բոլոր այն ազգերի, ովքեր ընդունում և գնահատում են նրա երգարվեստը: Նույնիսկ լոս անջելեսյան տեղական մի շաբաթաթերթ, որ Հարութ Փամբուկչյանի մասին հաճախակի հոդվածներ է գրում,  նրան ներկայացրել է որպես The Armenian best super star և Armenian Michel Jackson. Մեր հայրենակցի համար սա մեծ պատիվ է, բայց.

Ես ասում եմ, ես ի՞նչ Մայքլ Ջեքսոն, բայց ճանաչված լինելու առումով, իրենք այդպես են տեսնում, քանի որ ԱՄՆ-ում, կոնկրետ Լոս Անջելեսում, հայերի կողմից կազմակերպած բոլոր միջոցառումներին ես հրավիրված եմ լինում: Այդ համերգներին ներկա են լինում նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ, նույնիսկ չինացիների եմ նկատել: (Ժպտում է:- Ն.Ա.): Չնայած ամերիկացիների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են ներկա լինել ոչ միայն հայկական, այլև հնդկական, չինական, ռուսական և այլ ազգերի կողմից կազմակերպված համերգներին: Միգուցե մենք չգնանք, բայց ամերիկացիները և եվրոպացիները գնում են:

Հարութ Փամբուկչյանը խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին

Երկար ժամանակ է ձայնագրություններ չեմ արել, պատրասվում եմ նոր ձայնասկավառակ թողարկել, 18 երգ կլինի, մոտ մեկ ամիս հետո կարծում եմ պատրաստ կլինի: Նաև իմ ելույթներով եմ զբաղված, վերջին տարիներին ավելի շատ լինում եմ Մոսկվայում: Լոս Անջելեսից հետո հայկական ամենամեծ համայնքը Մոսկվայում է: Ինձ ուրախացնում է  այն, որ Մոսկվայի հայերից շատերն ունեն բարձրագույն կրթություն: Այս մարդիկ անկախացումից անմիջապես հետո գնացել են էստեղից և կարողացել են դրսևորել իրենց ու հաստատվել: Մոսկվայի հայ համայնքը մոտ մեկ ու կես միլիոն հայ է կազմում, և ես շատ կուզենամ,  որ հենց այս մարդիկ, որ կարողացել են  ուրիշ երկրում դրսևորել իրենց և՜ քաղաքական գործերում, և՜ արվեստի, և՜ բիզնեսի և՜ այլ ոլորտներում, գային ու մնային Հայաստանում: Սա թե թվով, թե քաղաքական որակով շատ մեծ տարբերություն կլինի մեր հայրենիքի համար:

Հարութ Փամբուկչյանի հետ զրույցը շատ հետաքրքիր ու աննկատ անցավ, բայց քանի որ երգիչը Հայաստան էր ժամանել շատ կարճ ժամանակով և տարբեր ԶԼՄ-ների կողմից հրավերներ ուներ, մենք էլ այսքանով սահմանափակեցինք մեր զրույցն, այն ակնկալիքով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ավելի վաղ, քան մենք` Հայաստանի հայերս ենք  պատկերացնում, իսկ զրույցն էլ կսկսենք մեր սիրելի երգչին` Հայաստանում մշտական բնակություն հաստատելու շնորհավորանքներով և բարի վերադարձի գեղեցիկ մաղթանքով:




ԱՆԱԻ ԻՄԱՅԱ



Ներս թող ինձ
քո ներքին օրգանների մռայլ խավարի մեջ

Օգնի՛ր ինձ
բացահայտել ամբողջության թաքնված սերմը:


***
Մի՛ թող քո սիրտը տխրի իմ հեռանալու պատճառով:

Դա կլինի միայն հին մարմինը,
որ կպատվաստի իրեն ուրիշ տեղեր:

Ես կթողնեմ ծաղիկների բույրը
և մրգերի բույրը, որոնք օգնեցիր դու հավաքել

Քեզ համար,
ողջ պահելու համար դրանք՝
քո ցանկության ամեն մի շնչով:


***
Ես չեմ կարող քեզ չսիրել իմ կրքի ողջ ուժով:
Վաղ սերերը սև խոռոչներ են թողել իմ զգացմունքի վրա:

Ես սրբազան ձեռքի և երաժշտության կարիք ունեմ՝
ծնունդ տալու համար նոր որսեր դատարկ տունդրայում:

Եվ միգուցե մի օր,
սիրո հրաշքը
ետ բերի մի նոր ծաղկող անտառ:


***
Խանդը քո կործանումն է:

Դու ցանկանում ես պահպանել իմ հոգին
այս աշխարհի այլասերումից:

Այո՛:
Մի ժամանակ հոգիս փչացած, վիրավորված էր
և մերձիմահ գնում էր աննպատակ շարժումներով:

Ես նրան հետո խնամեցի և նա վերակենդանացավ
և հիմա աճում է աննահանջ:

Դու չես կարող իմ հոգին հետ քշել, դեպի միայնակ մի անկյուն:

Հանգի՛ստ թող նրան, ես եմ նրա միակ պահապանը:


***
Քո հայկական բնաշխարհում

Ես ցանկանում եմ հետազոտել Երևանի ամեն մի ճեղքը

Դանդաղ բարձրանալ բարձրաբերձ Արարատ
լեռը

Եվ իմ պապակ բերանը կխմի
սրընթաց Արաքսի դյուրասահ
ջրերը


*** 
 Քեզ վրդովում է իմ անցյալըքանի որ այն թողել է ինձ վիրավոր,
սպիավոր և չափազանց կասկածամիտ սիրո հանդեպ:

Բայց ես չեմ հետազոտում անցյալըոր ճանաչել է
մահվան ստորերկրյա սառնությունը

Մի անցյալորից ես աճել եմնվաճել և գտել է
մի տարածք:

Մի անցյալորն ինձ այսօր
լիասիրտ է դարձրել:

Մտորելով շփոթության մեջ
Աստղային լույսն աղջամուղջի ստվերների մեջ:

***
Ես սիրում եմ քո մարմնի բույրը,
զգալ քո մաշկը իմ մաշկին,
քո բերանի ուժը և քո ձեռքերը
իմ դողացող մարմնի վրա:
Եվ հափշտակված սիրո երաժշտությամբ,
այս անկշռելիության վիճակում
ես սիրում եմ զգալ
մարդու,
նրա մտքերի,
նրա ձայնի
տարրալուծումը
նախնադարյան ավազի:
Գազանը,
մինչև որ բառը բյուրեղացավ նրա ճիչի մեջ:

 (թարգմԱԲախչինյանը)

Աղբյուրը՝ narcis-handes.am


ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև