23
տարեկան էի, երբ 1948 թ. Հուլիսի 12-ի գիշերը, զրպարտելով անգործության
մեջ, կոլտնտեսության նախագահ Մկրտչյան Գևորգը, Սինոնի (ազգանունը չեմ հիշում) հետ միասին
կայացրեցին ինձ Սիբիր աքսորելու որոշումը: Աքսորվածներով երեք օր մնացինք Կիրովականում:
Երրորդ օրը Երևանից եկավ աքսորվածներով լի մեկ վագոն, սակայն, երբ հասանք Իրկուտսկ,
վագոնների թիվը հասավ 73-ի: Աքսորվածների մեջ կային հայեր, թուրքեր, վրացիներ, ռուսներ…
բոլորիս համար էլ անհայտ էր, թե ուր էինք գնում: Օրերն անցնում էին, իսկ մեր գնացքը
կանգ չէր առնում: Միայն ջուր վերցնելու համար` այն էլ մի քանի րոպեով:
Դրանք ոչ
թե մարդատար, այլ բեռնատար և կենդանիների տեղափոխման վագոններ էին: Գողությունն անխուսափելի
էր, քանզի տարբեր ազգեր կային վագոններում, իսկ ուտելիքը գնալով պակասում էր: Ամենքս
մեր տներից էինք ուտելիք վերցրել` տոպրակների մեջ և պահել ճամպրուկներում: Դրանց վրա
նստած էլ քնում էինք, ավելի ճիշտ “աչք կպցնում”, որպեսզի մեր ուտելիքին պահակ լինենք:
Դեռ Կիրովականում
տեսա մի ծանոթ մարդու, Թիֆլիսի հորաքրոջս հասցեն տվեցի, որ հայտնի նրան իմ աքսորման
մասին: Երբ գնացքը հասավ Թիֆլիս, հորաքույրս ընտանիքով եկավ ճանապարհելու: Տարբեր տեսակի
ուտելիք էր բերել ճանապարհի համար, բայց, ափսոս, գողացան:
Գյուղից
մի տղայի հետ մեկից փոխինձ առանք, բայց չգիտեինք ինչով շաղախել: Վերջը, մի տեղ կուժ
տեսանք` մեջը լիքը յուղ, գողացանք էդ կուժը, փոխինձը յուղով շաղախեցինք և կերանք…Իհարկե
“մարսել” չկարողացանք, դրա համար երեք օր դատեցին:
Իրկուտսկից
Բոդոյբո հասնելու համար յոթօրյա ճանապարհ անցանք Լենա գետի վրայով: Միայն Չելյաբինսկում
էր, որ աքսորվածներիս տարան բաղնիք, այստեղ էլ մի լավ լողացանք և, բարժերի մեջ տեղավորվելով`
շարունակեցինք ճամփան: Տանից դուրս գալուց 51 օր հետո միայն հասանք աքսորավայր…
Կնոջս հետ
նույն գնացքով ենք գնացել Սիբիր, բայց ծանոթացել ենք վեց ամիս հետո: Տղամարդկանց և
կանանց համար առանձին բարաքներ էին, որ մեծ սենյակներ էին հիշեցնում: Տղամարդիկ մի
տեղ էին մնում, կանայք`ուրիշ տեղ: Եթե ընտանիք կազմողներ էին լինում, նրանց առանձին
բարաք էին տալիս: Բարաքում տեսա տատիդ, ծանոթացա, ճանաչեցի, մի օր էլ ասի. “Արի ամուսնանանք,
հենց ազատվեմ` ես մեր տուն, դու` ձեր”: Այդպես էլ ամուսնացանք, ու առանձնացանք բոլորից:
Աշխատանքները տարբեր էին, ոմանք անտառում էին աշխատում, փայտ էին կապում, ոմանք` ոսկու
հանքերում: Ես գյուղում մեծացած, գյուղի ծանր ու դժվար գործերին սովոր տղա, ինձ անտառ
ուղարկեցին:
Երեք երեխա
ունեինք, երբ Ստալինի մահից երկու տարի հետո մեզ ազատ արձակեցին: Տնից հեռագիր էր եկել,
որ հայրս ծանր է և ուզում է ինձ տեսնել: Նամակ գրեցի տուն` նշեցի, որ ամուսնացել եմ,
երեք զավակ ունեմ, բայց գործերը չի ստացվում, որ միասին գանք Հայաստան: Վերջում ավելացրեցի,
որ ես կգամ, իսկ ընտանիքիս մի քիչ ուշ կբերեմ: Ահա Սեդրակ պապի` հորս, ինձ ուղարկած
տողերը (ինքը գրել չգիտեր, ուրիշին էր գրել տվել). “երեսդ չտեսնեմ լավ է, քան թե այդ
գործը բռնես, այսինքն` առանց կնոջս ու երեխաներիս ոտք չդնեմ հայրենի տուն…” Այդպես
էլ հորս վերջին անգամ չտեսա, ինքն էլ իմ երեսը չտեսավ, բայց հայրենի օջախ եկա զավակներիս
ու կնոջս հետ:
Հինգ երեխա
ենք սնել ու մեծացրել, ամուսնացրել, ընտանիքի տեր դարձրել, հիմա էլ մեր թոռներով ենք
ուրախանում, նրանց հաջողությամբ երջանկանում: Գիշերները երբ պառկում եմ քնելու աքսորավայրն
է երազիս գալիս` անտառը, բարաքը, նորածին երեխաներիս ձայները, ընկերներս, կնոջ հետ
առաջին ծանոթությունը, այն ամենն ինչ կապում է իմ կյանքն աքսորավայրի հետ: Հիշելու
այնքան բան կա, վերջիվերջո , ութ տարի Սիբիրում եմ անցկացրել…
Մրսե՞լ…
Ինչո՞ւ չէ, արջի
ճրագու էի սարքում, բաժանում բոլորին, որ քսեն մարմնի մրսած տեղերին` լավանալու համար…
Ե՜վ մրսել ենք, և՜
քաղցել ենք, և՜ կարոտել
ու հիշել մեր տները: Գոնե դա չէր արգելվում: Պայքարել ենք, ապրել, ապրել` հույս ներշնչելով
մեկմեկու, ապրել` հայրենի հողի կարոտն առնելու հույսը սրտներումս փայփայելով, ապրել
ենք ու այդ ապրածից ծնվել է լույսի մի կանթեղ`
սերունդ նվիրական, որ ժառանգներն են հզոր ու աներեր մեր ազգի…
Աղվան Այվազյան
2006թ.
Комментариев нет:
Отправить комментарий