Պառավը մնաց անշալ


Այդ օրը Նանեի հերթն էր: Նա վերցրեց իրեն հասանելիք կաթի բանկաներն ու մոր հետ ճամփա ընկավ:
-         Երկուսն ինձ տո՜ւր,- շշնջաց մայրն ու դստեր ձեռքից երկու`երկուլիտրանոց բանկան դրեց իր պայուսակի մեջ:
-         Չէ՜, մամ, քոնն էլ է ծանր, էդպես չի լինի,- մոր ձեռքի պայուսակի մեջ տարավ Նանեն սառած ձեռքերն, ու փորձեց կաթի բանկաները դուրս հանել:
-         Ա՛յ Նան ջան, թո՜ղ` ասացի, տեղից էլ վեց լիտրը շատ է քեզ համար…
-         Օ՛ֆ, այ մամ… ,-փնթփնթաց աղջիկն ու հնազանդվեց:
Գյուղից դուրս եկան ու բռնեցին քաղաք տանող ճանապարհը, բայց ո՜չ ոտքի ճամփան էր բաց, ո՜չ էլ մեքենայի. ողջ գիշեր ձյուն էր եկել ու ծածկել էր ամբողջ դաշտը, որտեղով էլ անցնում էր գյուղը քաղաքին միացնող միակ ամենակարճ ճանապարհը:
-         Վա՛յ,-գոռաց Նանեն ու մինչ մայրը կշրջվեր տեսնելու, թե աղջիկն ինչու այդպես բղավեց,Նանեն հայտնվեց ձյունածածկ արահետից դուրս` փոսի մեջ:
-         Զգո՛ւյշ, Նանս,- ձայնեց մայրն ու պայուսակները գետնին գցելով` ձեռքերը մեկնեց աղջկան ու նրան հազիվ դուրս քաշեց ձյունածածկ փոսի միջից:
Աղջկա հագուստն ամբողջովին ձյուն էր: Նա փորձեց թափ տալ վրայի ձյունը, բայց չկարողացավ, ձեռքերն արդեն քարացել էին:
-         Թո՜ղ, Նանս, թո՜ղ ես թափ կտամ,- ասաց մայրն ու մի քնքուշ համբույր թողնելով դստեր կարմրած այտին` ձյան բարակ շերտից ազատեց վերարկուն ու տաբատը: Հետո աղջկան իր գիրկն առավ ու մի քանի վայրկյան այդպես կանգնած մնաց` բաց դաշտում`նեղլիկ արահետի վրա:
-         Էլի մրսո՞ւմ ես,- հարցրեց մայրը գորովալից, երբ դստեր գլուխը շրջվեց իր կողմն ու նայեց աչքերի մեջ:
-         Չէ՜, մամ, գնանք,- ասաց Նանեն, մոտեցավ պայուսակներին, որ վերցնի իրենը ու միայն այդ ժամանակ նկատեց, որ իր ձեռքի պայուսակը չկա:
-         Կաթի բանկաներն ո՞ւր են, մա՜մ,- հարցրեց աղջիկն ու ակամայից նայեց շուրջը:
-         Փոսի մեջ մնացին երևի,- ասաց մայրն, ու միանգամից բռնեց դստեր ձեռքը` ենթադրելով, որ աղջիկը կփորձի մտնել փոսն ու այնտեղից հանել բանկաները,- բայց դե դրանք արդեն ջարդված կլինեն: Ու նա աղջկա ձեռքն առանց բաց թողնելու մոտեցավ, գետնից վերցրեց իր պայուսակն ու քայլեց առաջ:
-         Չէ՜, մամ, դրանք չեն ջարդվել, ես գիտեմ,- տեղում կանգնեց աղջիկը,- արի՜ հանենք, հետո գնանք:
-         Հնարավոր չէ՜, Նան ջան,- աղջկա ձեռքից քաշեց մայրն ու առաջ քայլեց,- փոսը կարող է շատ խորը լինել, դեռ լավ պրծանք`դու խորը չգնացիր... եղածը կաթ էր, էլի՜… Մայրը և՜ խոսում էր, և՜ փորձում էր քայլերն արագացնել, որպեսզի հնարավորինս շուտ հեռանան չարաբաստիկ փոսից:
-         Բայց վեց լիտր կաթն էլ փող է, չէ՞,- հուսահատ ու տխուր ձայնով արտաբերեց Նանեն, ու նայեց վեր` մոր հայացքը բռնելու և գոնե այնտեղ իր մեղավորության չափը տեսնելու համար:
-         Դե հիմա… Նան ջան, եղածն անցած է, էլ ոչինչ հնարավոր չէ փոխել,- լավ ճանաչելով սեփական դստեր բնավորությունն ու նրա ներկայիս ծանր ապրումները գիտակցելով` ասաց մայրն ու մեղմ ժպտաց աղջկան,- հիմա արդեն ուշադիր քայլիր իմ հետևից, որ նորից չհայտնվես փոսի մեջ: Ոտքերդ դիր միայն իմ ոտնահետքերի մեջ:
Եվ այսպես զգուշորեն մայր ու աղջիկ հանդարտ քայլերով շարունակեցին ճանապարհը: Մի քանի տեղ մոր ոտքը սայթաքեց, բայց նա մի կերպ պահեց իրեն ու չհայտնվեց արահետին  կիպ գրկող փոսի մեջ, որն ամենուր էր, քանի որ ոտքի ճանապարհը գուցե ծածկված էր նախորդ օրվա ձյան շերտով, բայց այն կարծրացել էր և ոտքի հարվածից չէր փլվում, իսկ արահետից դուրս` ձյունը փափուկ և խորտակող էր, որն էլ անցորդների համար մի նոր չարաբասիկ պատուհաս էր դարձել: Հենց սրա համար էր, որ մայրն ամեն օր քաղաք կաթ վաճառելու գնալիս իր հետ տանում էր երեխաներից մեկն ու մեկին, որպեսզի հետը մարդ լինի, և փոսի մեջ հայտնվելուց հետո գոնե օգնող լինի այնտեղից դուրս գալ:
-         Մա՜մ, այ մա՜մ- ձայնեց Նանեն ու կանգնեց:
-         Ասա՜,աղջիկս,- հազիվ հետ շրջվեց կինն ու նայեց աղջկան:
-         Մամ, քանի՟ հատ հաց էինք առնելու վեց լիտր կաթով,- հարցրեց աղջիկն` անհանգիստ հայացքն ուղղելով մորը:
-         Ոչ մի հատ, Նան ջան,- մի քիչ բարկացած պատասխանեց մայրն ու միանգամից էլ հետ շրջվեց ու շարունակեց ճանապարհը,- լավ կլինի այդ մասին մոռանաս:
-         Մամ, բա հա՟ցը,- խոսքը շարունակեց Նանեն,- բա ո՟նց ենք տուն գնալու առանց հացի:
-         Հաց կառնե՜նք,- կտրուկ ասաց մայրն ու արագացրեց քայլերը,- դու էլ արագ արի՜, թե չէ էսպես որ գնանք ետդարձին կմնանք ճամփին:
-         Բա ինչո՟վ ենք հացն առնելու, այ մա՜մ,- զարմացած հարցրեց Նանեն ու ակամայից արագացրեց քայլերը:
-         Իմ ձեռքին ինչքան կաթ կա, կծախենք ու այդ ամբողջ գումարի էլ հաց կառնենք,- ինքն իր խոսքին կարծես չհավատալով պատասխանեց երիտասարդ կինն ու մի պահ հետ նայեց` տեսնելու, թե աղջիկն ուր է հասել,- դու արագ արի` չմրսես:
Մի քանի րոպե լուռ քայլեցին: Նանեն ուզում էր էլի հարցեր տալ, բայց վախենում էր, թե դրանք մորը դուր չգան ու նա իր վրա կբարկանա ճանապարհի հենց մեջտեղում: Դեռատի աղջնակը, սակայն, ընդամենը մի քանի րոպե զսպեց իր հետաքրքրասիրությունը, ու մի խորը շունչ քաշելով`կրկին համարձակվեց.
-         Մամ, բա տատին ի՞նչ ենք ասելու:
Ամենաանսպասելի պահին ամենից չսպասված հարցը հնչեց սառը օդում ու ցրտաշունչ ձմռան հետ խառնվելով` սղոսկեց մոր ականջներից ներս ու սթափեցրեց նրան: Մանիկի դեմքն այլայլվեց: Նա պայուսակները ցած գցեց գետնին, մոտեցավ Նանեին ու մի ուժգին ապտակ հասցրեց նրա փափուկ ու սառած դեմքին.
-         Քեզ քանի՟ անգամ ասեմ, այդ պառավի անունը չտա՜ս, երբ մենք տնից հեռու ենք ու գործով ենք դուրս եկել:
-         Ես, ախր ես…,- կմկմաց աղջիկն ու հեկեկաց` արցունքները հոսեցին այտերից ցած ու թրջեցին նրա գանգուր վարսերը:
-         Ի՞նչը` ես, ի՞նչը` ես…,- գունատվեց մայրն ու սառնասրտորեն հեռացավ պայուսակների մոտ` աղջկան թողնելով մենակ` արցունքների հետ:
-         Մա՛մ…,- ձայնեց Նանեն ու հազիվ ուժ հավաքեց վազելու, սակայն երկու քայլ էլ չարած` ընկավ գետնին ու սկսեց ավելի ուժգին հեկեկալ:
Մայրը շրջվեց ու տեսնելով ընկած դստերը` շտապով վազեց նրա կողմը:
-         Վե՜ր կաց, Նան, վե՜ր կաց, օրը ճաշ դառավ, հացի ժամը եկավ` մենք դեռ ճամփի կեսն էլ չենք անցել,- հոգատար ձայնով ասաց մայրն ու գետնից բարձրացրեց աղջկան:
-         Մա՛մ… ,- կիսաձայն գոռաց Նանեն ու հեռու վազեց մորից,- տատն ինձ կսպանի, եթե իմանա… եթե իմանա, որ ես, որ ես եմ կաթը թափել…
-         Մի՜ տուր այդ անիծվածի անունը,- բղավեց մայրն իր կոտրված ձայնով,- մի՜ տուր այդ սատանի անունը, չե՞ս հասկանում… մի՜ տուր: Ու նա սկսեց ողբալ իր ճակատագիրը` անարցունք ու լուռ:
-         Մա՛մ, ախր դու լավ գիտես, նա կծեծի, կծեծի ինձ առանց խղճալու,- գոռաց աղջիկը որքան որ այդ պահին ձայն ուներ,- ու դու ոչինչ չես կարող անել, ոչի՜նչ:
-         Ձայնդ կտրի՜ր,- մայրը հասավ աղջկան ու ափով փակեց նրա բերանը,- պառավին ինչ պետք է ես պատասխան կտամ` հացն էլ կառնենք ինչքան որ պետք է:
Ու Մանիկն, ինչքան որ ուժ ուներ քայլեց, քաշելով աղջկա ձեռքից.
-         Հիմա քայլի՜ր առանց խոսելու և մտածելու եղածի մասին,- շպրտեց մայրը հրամայական տոնով ու վերցրեց պայուսակները,- պառավի մասին էլ` մոռացիր:
Մայր ու աղջիկ հաղթահարեցին ձմռան սառնամանիքը` հասան քաղաք, վաճառեցին կաթն ու ամբողջ գումարի միայն հաց առնելով` վերադարձան տուն: Դեռ տան շեմքին պառավը փորձված աղվեսի նման միանգամից նկատեց նրանց դեմքի այլայլվածությունն ու աչքը գցեց հարսի ձեռքի պայուսակներին: Մանիկը շփոթվեց ու ձեռքի հացերը մեկնեց սկեսուրին.
-         Էսօր քիչ հաց ենք բերել,- շտապով ասաց Մանիկը` նախքան սկեսուրը կսկսեր իր հարցաքննությունն ու կիսաձայն կմկմաց,- բռիս մեջ թե ոնց կորցրի ձեռքիս մեջ պահած փողը…
-         Ո՞նց թե ` “կորցրի”,- ձեռքի ափսեն Մանիկի վրա շպրտեց սկեսուրն ու հացի պայուսակն առնելով նրա ձեռքից` հանեց թարմ հացերն ու պահարանում դասավորելով`սկսեց հաշվել ու անիծել հարսին ու թոռանը:
Մանիկը ճանաչելով իր սկեսուրին` սպասում էր, որ նա մի անակնկալ հարված կտա, ու երբ  ասփեն նետվեց իր կողմը` նա հասցրեց գլուխն արագ իջեցնել: Ափսեն ընկավ գետնին ու կոտրվեց:
-         Ըհը, չարը կործանվեց,- Նանեն օգտվելով առիթից փորձեց շտկել դրությունը և վազեց ավել բերելու:
Պառավին հունից հանեց թոռան`մորը պաշտպանելու համար ասված խոսքերն ու նա, հացերը կիսատ թողնելով, հասավ ու բռնեց հարսի ծամերից.
-         Ի՞նչ կերաք, հը՞ն, այ անպատկառ, հըն, ասա՜, ասա՜, այ անամոթ,- ու տեսնելով, որ հարսը ձեռքերով պաշտպանվում է` կատաղեց ու էլ ավելի ուժգին սկսեց հարվածել նրան,- շարֆիս փողին ի՞նչ լափեցիք մեր ու աղջիկ, հը՞ն, թե՞ մտածեցիք` քոռ է պառավը, չի տենա, չի հասկանա…
Ու դեռ խոսքը բերանին` ցած ընկավ գետնին: Մանիկը, որ քաղցից, հոգնածությունից ու ցրտից արդեն ուժասպառ ընկել էր գետնին, ու անգիտակցաբար տնքում ու անիծում էր իր բախտը, հազիվ կարողացավ բարձրացնել գլուխն ու տեսնել կատարվածը.
տան շեմքին փռված էր պառավը` դիմացը կանգնած էր որդին` ձեռքին մի հաստ փայտ ու մեղավոր աչքերով նայում էր մորը: Մի քանի վայրկյան երկուսն էլ անթարթ հայացքով նայեցին մեկմեկու, հետո Մանիկը ջանք գործադրեց ու տեղից հազիվ բարձրանալով` մոտեցավ ու գրկեց որդուն: Որդին դողացող ձեռքից ցած գցեց փայտն ու ինքն էլ, որքան ուժ ուներ փաթաթվեց մորն ու սկսեց մանկան նման արտասվել: Դուռը բացվեց, ներս մտավ Նանեն ու ապշեց` մեկ նայեց գետնին ընկած տատին, մեկ` դալկացած դեմքով մորը, մեկ` դողացող եղբորն ու սկսեց բարձրաձայն հեկեկալ:
-         Էլ ոչ ոք իմ մոր ու քրոջ վրա ձեռք չի բարձրացնի,- արցունքախառն , բայց համարձակ տոնով խոսեց Մանիկի որդին ու Նանեի եղբայրը` տասնհինգամյա Վարուժն ու իր պատանեկան գրկի մեջ առավ նաև քրոջը:
Գետնին ընկած սկեսուրը սկսեց տնքալ ու շարժվել: Մանիկը մաքրեց իր, ապա Նանեի աչքերի արցունքներն ու, տղայի խոսքերից ոգևորված` լուսավոր ժպիտը դեմքին, ավելացրեց.
-         Էս տարի էլ թող պառավը մնա անշալ:




Ռուսերեն թարգմանությունը՝ Սոնա Հովհաննիսյանի: 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև