«...դա աշխարհի ամենասիրուն կինն էր՝ նրանցից, որ ինձ համար չեն ստեղծված...»

«Ինքնությունների այդ խառնաշփոթն իր գագաթնակետին հասավ քամոտ մի երեկո, երբ նա Պատրիսիո Արագոնեսին գտավ հասմիկի բուրավետ թփերի մոտ, ծովի կողմը դարձած՝ ծանր հառաչելիս և միանգամայն արդարացված տագնապով հարցրեց, թե հո ընձախոտ չե՞ն գցել ուտելիքի մեջ, որ էդպես քամուց քշված ու գետի բերանն ընկած է երևում, Պատրիսիո Արագոնեսն էլ պատասխանեց՝ ո՛չ, իմ գեներալ, ավելի մեծ կրակն եմ ընկել, ասաց, որ շաբաթ օրը մի դիմակահանդեսի թագուհու է թագադրել և առաջին վալսն է պարել նրա հետ և հիմա այդ հիշողություններից փախչելու դուռը չի գտնում ոչ մի կերպ, որովհետև դա աշխարհի ամենասիրուն կինն էր՝ նրանցից, որ ինձ համար չեն ստեղծված, իմ գեներալ, եթե միայն տեսնեի՜ք, իսկ նա թեթևացած շունչ քաշեց, թե՝ ա՜յ քեզ կրակ, էդ տեսակ գլխացավանքներ պատահում են տղամարդկանց, երբ որ կնկա փորկապ են ընկնում, և առաջարկեց փախցնել կնոջը, ինչպես ինքն էր վարվել անմատչելի թվացող բազմաթիվ կանանց հետ, որոնք հետո իր հարճերն էին դարձել. նրան զոռով քո անկողինը կդնեմ չորս զինվորի հետ, որ ձեռքերն ու ոտքերը պահեն, քանի դեռ դու խփշտելիս լինես նրան, շան տեղ չդնե՛ս, դունչը պահած կուտես, նույնիսկ ամենախստաբարոներն են սկզբում կատաղությունից պատեպատ խփվում, իսկ հետո սկսում են աղաչել՝ ինձ էսպես չթողնե՜ք, իմ գեներալ, կորիզահան խնձորի պես դեն չշպրտե՜ք, սակայն Պատրիսիո Արագոնեսի ուզածը դա չէր, նա ավելին էր ուզում, ուզում էր սիրված լինել

էդ կինը նրանցից է, ովքեր լավ գիտեն ով որտեղից է և ինչ երգ է երգում, իմ գեներալ, դե կտեսնեք, որ ինքներդ էլ կհամոզվեք, երբ նրան տեսնեք, և այսպես, իբրև ամոքիչ դեղատոմս՝ նա Պատրիսիո Արագոնեսին իր հարճերի սենյակները տանող գիշերային բավիղները ցույց տվեց և նրան իրավունք տվեց օգտվել սրանցից, միայն թե իր պես, իբր դա ինքն է՝ վրա պրծնելով և հապշտապ, շորերը հագին, և Պատրիսիո Արագոնեսը միամտաբար սուզվեց փոխ տրված սիրո ճահճացեխի մեջ՝ հավատալով, որ այդ կերպ կաքցաներ սեփական կրքերը, սակայն այնքան մեծ էր նրա անձկությունը, որ երբեմն մոռանում էր փոխ տրված սիրո պայմանների մասին, մտացրիվ իջեցնում էր տաբատը, հապաղում էր մանրամասների վրա, պատահաբար դեմ էր առնում ամենաժլատ կանանց գաղտնի խութերին, հեշտալից հառաչանքներ էր կորզում և նրանց զարմանալից ծիծաղն էր լսում խավարի մեջ. ի՜նչ ավազակն եք, իմ գեներալ, օր ծերության գնալով ավելի անկուշտ եք դառնում, և այդ ժամանակվանից ո՛չ նա, ո՛չ գեներալը, ո՛չ էլ հարճերից որևէ մեկը այդպես էլ երբևէ չիմացավ, թե իրենցից որ մեկի երեխաներից որ մեկը որ մեկինն է, քանի որ Պատրիսիո Արագոնեսի երեխաները գեներալից ծնվածների նման օրապակաս էին ծնվում»

Գաբրիել Գարսիա Մարկես  «Նահապետի աշունը»
Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև