Հրանտ Մաթևոսյան «Աշնան Արև»

հատված Հրանտ Մաթեւոսյանի  «Աշնան Արև» վիպակից




Հիմա վառարանի շուրջը տաք էր և նավթ կար լամպի մեջ ու շշի մեջ էլ կար: Դրսից պատուհանը տաք ու քրտնած էր երևում, պառավը կարծում էր Աղունը կախարդել է իր որդուն և հիմա նա այնտեղ նրան է պարզում իր բարի ժպիտը և նրա հետ անում է տոհմական իր շռայլ կատակները: Այդպես չէր. Սիմոնը նրան ծեծում էր. այդ տան ամեն մի իրը ստեղծվել է ծեծվելու գնով (հիմա չի ծեծում, ծերացել են, և, բացի այդ, ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՜ լինում, չի՜ կրկնվում): Պառավը հիմա ուժը տվել էր ոտքին. Հովտի տերտերը ասել էր` “ամոթ է, այ կնիկ,ապրում են`թող խաղաղ ապրեն”: Փեշերը քշտած` պառավն իրեն խփել էր Դսեղի տերտերին, Կիրովականի տերտերին: Տերտերերոց լինես, նանի ջա՛ն: Գիր անել էր տալիս, գելերոց լինես: Սիմոնի բաժինք մերմակի մեջ Աղունը եռանկյուն մոմած թուղթ գտավ: Մութաքայի մեջ` կար, բարձի մեջ` կար: Մինչև հիմա էլ` ներքնակի բրդից դուրս են գալիս: Աղունը Վանքեր հորանց էր գնացել,Վանքերի տերտերն ասաց` “ամուսինդ քեզ լավ չի վերաբերվում, տանդ վրա չար աչք կա, ուզում են բախտդ կապել` ամուսինդ լավ տղա է, միաբան եղեք`չարը կխափանվի”: Եկավ պատմեց Շողերին, Շողերն իսկույն ըմբռնեց: Շողերը մի րոպե գունատվեց.- Ախչի՛… ախչի, էն բահը դեսը տուր: - Շեմքատակը փորեցին ու, գելերոց լինես, նանի ջա՛ն, գիր գտան շեմքափետի տակ: Նրա Վանքեր եղած ժամանակ Շողերը պառավին տեսել էր որդու տնից իջնելիս: Սա հատուկ գիր էր, սրա մեջ Աղունի ծամերից մազ կար: Աղունը հիշեց, որ մազը Սիրանն էր կտրել: Սիրանին էլ, ուրեմն, հեղափոխել էր պառավը: Սիմոնը հիվանդացավ գլխացավով, գայլն այդ ձմեռ քանդեց գոմի կտուրը, ջարդեց ոչխարները: Մոզին գոմում մենակ մնաց, մրսեց ու սատկեց: Պառավը ձորակն անցավ, եկավ սվսվալու մոզու վրա և որդու շուրջը: Աղունը համբերեց, համբերեց, հետո էլ հնարավոր չէր, վեր պրծավ ու նրա աչքը կոխեց շեմքի տակի հանվածը` ա՜ռ օրհնանքդ: Սիմոնը վեր թռավ, խփեց Աղունին: Աղունը լուռ լացելով գնաց հորաքրոջ տուն: Նրա հարսը եկավ, տարավ երեխային: Սիմոնը դուրս քշեց մորն էլ ու հանգած վառարանի տանը մնաց առանց թեյի, առանց թրջոցի: Սիրան քույրը մի հատ խնձոր տարավ և ուզեց վառելվառարանը` Սիմոնը շաքարամանը շպրտեց ու վերմակն էլ շպրտեց: Դուռը բաց տանը Սիմոնը մնաց վրան բաց, փորի ճողվածքը բաց… Ներսեսը քնել էր թևը կնոջ գլխի տակ, ոտքը օրորոցին, Ներսեսի շապիկը սպիտա՛կ, սպիտակ էր, իսկ վառարանը գվվում էր ու կարմրել էր: Գոմի դուռն էլ այնտեղ էր բաց մնացել`սատկած մոզին մեջը և հիմա հավերն էլ աղվեսերոց կլինեին: Եվ գերեզմանոցն էլ` տան ճանապարհին… Ինքը մի անգամ ասաց`Ներսես… հետո էլ սիրտ չարեց կրկնել: Հետո ինքն իրեն ասաց`ես Վանքերի աղջիկ լինեմ ու վախենա՞մ սրանց քոսոտ գերեզմանոցից: Եվ վառարանից կրակ վերցրեց ու երեխային էլ վերցրեց, որպեսզի զրուցի նրա հետ ու մոռանա գերեզմանոցը, և գնաց տեսավ դուռը բաց, ամանները ջարդած, ուրիշի կատուն տանը, վերմակը հատակին, Սիմոնը սառել փայտացել է: Ինքն ասաց.- Սիմոն ջան, ախպեր ջան, ցավդ տանեմ, բա ես որբ եմ, չէ՛… բա ինձ խղճա, չէ,- և ժամանակ չեղավ վառարանը վառելու, ինքը մերկացավ մորից մերկ և նրան տաքացրեց իրենով:  


 Վիպակը ամբողջությամբ բեռնեք  և կարդացեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև