Ավետիս Խաչատրյան. «Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի»



Լուսանկարները՝ Ավետիս Խաչատրյանի անձնական արխիվից


Մարտի 22-ին Մոսկվայի Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցում” բացվեց հայ գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Ես ներկա չեմ գտնվել բացմանը, բայց իհարկե ռուսական լրատվամիջոցներից տեղեկացա, թե ինչպես է անցել բացումը, ովքեր են հանդես եկել և այլ մանրամասներ: Ու անհամբերությամբ սպասում էի սիրելի գեղանկարչի վերադարձին, որպեսզի հանդիպեմ նրա հետ:
Բուռն ոգևորվածությամբ վերադառնալով Մոսկվայից` Ավետիս Խաչատրյանը ամբողջությամբ լցվել էր ստեղծագործական պաթոսով: Վերջապես մի գեղեցիկ օր ես համարձակվեցի “խանգարել” նրան, ու կայացավ մեր այդքան սպասված հանդիպումը:

-         Ավետիս, ինչպե՞ս ծնվեց Մոսկվայում ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:

-          Նարե ջան, ուրեմն 2009 թ-ին արվեստանոց է գալիս մի մարդ` հայրիկիս նկարներից գնելու: Նա հանդիպման էր, շտապում էր, բայց եղբորս հետ գալիս են նաև իմ նկարները տեսնելու: Այն ժամանակ ես չգիտեի, թե ով է Մոսկվայից եկող հյուրը, բայց նա ինձ շատ ոգևորեց իր գնահատականով:

Ու երբ հիացմունքով նայում է կտավներին, Ավետիսը հասկանում է, որ այցելուն մի մարդ է, ով փորձում է հասկանալ ու ճանաչել իրեն, քանի որ նրան հոգեհարազատ են իր կտավները: Հյուրը հետաձգում է հանդիպումն ու ցանկանում գնել նկարներից:


-          Ես նրան ասացի, որ պատրաստվում եմ անհատական ցուցահանդես անել Երևանում, և չեմ կարող նկարներից վաճառել, բայց նա, այդ մեծահոգի ու բարեսիրտ մարդը, ով հետո պարզվեց, “Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի” ղեկավար Անդրեյ Վորոբյովն է, գնեց ու իր հետ Մոսկվա տարավ իմ նկարներից:

Անդրեյ Վորոբյովի հարցին` Ավետիս, կուզենաս անհատական ցուցահանդես ունենալ Մոսկվայում, գեղանկարիչը, բնականաբար, դրական է արձագանքում, և այդպես 2010-ին կայանում է Ավետիս Խաչատրյանի առաջին ցուցահանդեսը:

-          Դա մի հեքիաթային իրականություն էր: Թատրոնի աշխատակիցներն այնքան սիրալիր էին մեզ հետ և միմյանց հետ, որ ես մտածում էի, այդպես հնարավոր չէ, ախր դա չափազանց շատ է: Այդ ամենը նրանք վերցրել են իրենց տնօրենից: Հիմա, երբ ճանաչում եմ Անդրեյին, հասկանում եմ, որ Անդրեյ Միխայլովիչի ղեկավարած թատրոնն այլ կերպ պատկերացնել հնարավոր չէ:

Մոսկվան հենց առաջին ցուցահանդեսից էլ սիրում և գնահատում է Ավետիս Խաչատրյանի արվեստը, այն հեքիաթը, որ ստեղծում է երիտասարդ գեղանկարիչը: Եվ կարոտով է սպասում գեղանկարչի նոր գործերին, որտեղ  ապրում են Ավետիսի վրձնով ծնվող անկրկնելի հերոսները, տարաբնույթ միջավայրներն ու ազդեցիկ երևույթները:


-          Այս մեկը կազմակերպված էր ավելի հետաքրքիր ու անակնկալներով: Նախ շատ ուրախացա, երբ ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Գևորգ և Գուրգեն Դաբաղյանները, իսկ հետո էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ, որը նախապես նկարահանել էին Երևանում, և այստեղից մշակույթի և արվեստի գործիչները` Կարեն Աղամյանը, Լևոն Մալխասյանը և այլոք, ողջունում և շնորհավորում էին ինձ` այս հրաշք ցուցահանդեսի առիթով: Բացման օրն ինձ ողջյունելու էին եկել նաև ռեժիսորներ Հակոբ Ղազանչյանը, Իվան Պոպովսկին, դերասան Կիրիլ Պիրոգովը և այլոք:

Ցուցահանդեսում ներկայացված 100-ից ավելի նկարները տեղ են գտել նաև գիրք- կատալոգի մեջ, որ հատուկ տպագրված է հյուրերի և հանդիսատեսի համար:

Այստեղի հանդիսատեսը հիմնականում քո ընկերներն ու ծանոթներն են, ավելիին դու չես կարող հասնել, քանի որ ավելի մեծ ծանոթություն է հարկավոր: Թեկուզ լրատվամիջոցներին տեղեկացնելու համար, կրկին պետք է ծանոթներիդ ասես, իսկ այնտեղ լրիվ այլ է, մարդիկ չեն ճանաչում քեզ, բայց գալիս են տեսնելու քո գործերը, նրանք ուզում են  ճանաչել նոր ստեղծագործողների: Մոսկվայում ես տեսա հանդիսատես, ով իրականում եկել էր լցվելու, ապրելու արվեստով: Ամեն դեպքում, ցուցահանդեսը քեզ մի նոր բան է տալիս, այն ոգևորում է քեզ, որովհետև հենց այստեղ են հանդիպում հանդիսատեսն ու արվեստը: Երջանիկ է այն նկարիչը, ով հաճախակի է ներկայանում հանրությանն իր նոր գործերով, դա բերում է հաջողություն, բայց կրկին նշեմ, ամեն մի արվեստգետի համար կարևորը աշխատասիրությունն է:

Թատրոնի մեջ ապրող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին ներկայացման վերջում կամ ընդմիջումների ժամանակ տեղափոխվել Ավետիս Խաչատրյանի հեքիաթների մեջ ու զգալ այնտեղ ապրող մարդու հոգսերը, տեսնել նրա կենցաղը, հուզվել նրա տխրությամբ և սիրել կյանքը Խաչատրյանական անկեղծությամբ:

-          Առաջին անգամ զգացի 2010-ին, երբ դիտեցի Իվան Պոպովսկու  “Ալիսան հայելիների աշխարհում” ներկայացումը: Այս ներկայացման մեջ ապրում էին իմ հեքիաթները, և իմ հեքիաթներում էր ապրում այդ ներկայացումը:  

Մեկ շաբաթ լինելով Մոսկվայում և, հատկապես թատրոնում` Ավետիսը ներկա է գտնվել տարբեր ներկայացումների: Նրան գրավել են ներկայացման համար ընտրված դերասանների բեմական հագուստը, բեմի ձևավորումը, դերասանների անզուգական խոսքը և այլն:

-          Այս բոլորը հնարավորություն էին տալիս հանդիսատեսին մասնակցել ներկայացմանը` խաղալ: Աջից, ձախից, մեկ էլ վերևից գալիս են դերասանները, լույսն ընկնում է բեմի հետևը և ահա այստեղից է գալիս մեկ ուրիշ դերասան և դու սկսում ես խաղալ նրանց հետ: Իհարկե, Հայաստանում էլ մենք ունենք շատ տաղանդավոր դերասաններ, ռեժիսորներ, բայց քանի որ Մոսկվան հարուստ երկիր է, ու պետությունը հովանավորում է ներկայացումները, նրանք կարողանում են իրականություն դարձնել այս բոլորը: Իսկ մեզ մոտ, ցավոք, չկան նման պայմաններ, թատրոններում ճղճիմ վիճակ է, դերասանները չեն վարձատրվում, գրոշներ են ստանում, ու նույնիսկ շատերը խաղում են թատրոնում զուտ ծափերի համար:

Բայց Ավետիսը լավատես է, նա հույս ունի, որ Հայաստանում նույնպես կգա մի ժամանակ, երբ արվեստի գործերը արժեքավոր կդառնան նաև ծանոթ-բարեկամ սահմաններից դուրս, կգնահատվի արվեստագետը: Իսկ ներկա պահին նա դեռևս վայելում է Մոսկվայի հանդիսատեսի պարգևած սերն, ու ստեղծագործում է մեծ ոգևորվածությամբ:


-          Շատ երջանիկ եմ, որ ծանոթացել եմ նման մարդկանց հետ, նման մշակույթի հետ, դա միանգամայն այլ աշխարհ է: 2010-ին բախտ եմ ունեցել հանդիպելու նաև Պյոտր Ֆոմենկոյի հետ: Նա հրաշալի անձնավորություն էր: Ես նրան ասացի, թե ինչքան հիանալի թատրոն է նա ստեղծել, և ինչքան ներդաշնակ մթնոլորտ է տիրում այնտեղ: Հետո, իհարկե, իմ խորին շնորհակալությունը հայտնեցի ցուցահանդեսը կազմակերպելու համար, նա ինձ ասաց. “Շնորհակալություն հայտնիր Անդրեյ Միխայլովիչից. նրա նման մարդիկ իսկապես շատ հազվադեպ են լինում”:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի վերջը: Դեռ շատերը կհասցնեն ներկա գտնվել և ապրել Խաչատրյանական հեքիաթների մաքուր ու պարզ աշխարհում: Իսկ ինձ հետաքրքրում է նաև մեկ այլ իրողություն, Ավետիս Խաչատրյանը ունի արդյոք ցանկություն ստեղծագործել ու Մոսկվայի սերը վայելել հենց այնտեղ:

-          Հաճելի է, տեսնել, երբ մարդիկ գնահատում են, ընկալում են քո արվեստը, և դու հասկանում ես, որ դու իզուր չես ստեղծագործում: Արվեստագետի համար կարևոր է, թե ինչպես են դիմավորում իրեն այդ երկրում, ինչպես են ընկալում իր արվեստը: Տեսել եմ և Հայաստանի, և Եվրոպայի, և Մոսկվայի հանդիսատեսին: Ես կառանձնացնեմ Մոսկվայի հանդիսատեսին, քանի որ այստեղ շատ են սիրում իմ արվեստը, այսինքն` իմ արվեստի միջոցով էլ սիրում են ինձ: Ցանկացած մարդու համար էլ ցանկալի է ապրել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն սիրում ու հասկանում են: Կուզենամ գնալ, բայց ոչ հիմնական, և ոչ միայն Մոսկվա, այլ նաև եվրոպական երկրներ և այլն… Արվեստագետը պետք է ոչ միայն մտքերով լինի թափառող, այլև ֆիզիկապես, տեսնի, զգա, վայելի, տա ու վերցնի… Մի տեղ ապրելով չես կարող ոգևորվել այնքան, ինչքան, երբ դուրս ես գալիս բակ, բակից քաղաք, քաղաքից բնության մեջ, այնտեղից մեկ այլ քաղաք և այսպես արվեստագետը պետք է միշտ փնտրտուքի մեջ լինի:

Մեր զրույցը Ավետիսի հետ, իհարկե, այսքանով չավարտվեց: Խաչատրյանական տխուր և ուրախ հերոսները մեկիկ- մեկիկ դուրս եկան նկարներից` իրենց անմիջական մասնակցությամբ ստեղծելով իրական հեքիաթային միջավայր ու արվեստանոցային պայմաններում եփված սուրճը չավարտվեց մինչև ուշ գիշեր:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև