Սուրբ Թադեի վանքը

ՀՀ-ի սահմաններից դուրս ` հարևան երկիր Իրանում ` ծովի մակերևույթից 1830 մետր բարձրության վրա է կանգնած հայկական գեղաշեն սրբավայրերից մեկը` Սուրբ Թադեի վանքը:
1954 թվականից ի վեր ամեն տարի` Սուրբ Սանդուխտ կույսի տոնի օրը  (սովորաբար հուլիս ամսա մեջ), պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Արտազ գավառի ուղղությամբ ուխտի են գնում հարյուրավոր մարդիկ` աշխարհի տարբեր ծայրերիցանցնելով հարյուրավոր կիլոմետրեր: Եվ շուտով Մակու քաղաքից 23 կմ հեռավորության վրա ընկած դրախտային գեղեցկության կանաչների մեջ ` Սբ. Թադեի վանքի հարևանությամբ սփռվում են քրիստոնեադավան ժողովրդի ` հայ ժողովրդի զավակների վրանները: Հին ու երանավետ օրերի նման, կրկին լսվում են դափ ու զուռնայի, խրախճանքների ուրախ ձայները, որոնք դարձյալ վերակենդանացնում ու նոր շունչ են տալիս ամայի դաշտերին:
Վանքի պատմությունը: Վանքի մասին գրականության մեջ սպառիչ և ամբողջական տեղեկություններ չկան: Վանքի կառուցման ճիշտ թվականը հայտնի չէ, սակայն հայկական որոշ աղբյուրներ վկայում են, որ վանքի հիմնադրությունը վերաբերում է 40 -41 թթ, երբ Քրիստոսի աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Եդիսիո Աբգար թագավորի խնդրանքով Փրկչական 40- 50- ական թվականներին  քարոզչության նպատակով եկան  Հայաստան:

Թադեի վանքը
Հայաստանում այդ տարիներին թագավորում էր Արշակունի թագավոր Սանատրուկը: Հենց Սանատրուկն ու իր դուստր Սանդուխտն են առաջիններից, որ ընդունում են քրիստոնեությունը: Ցավոք կարճ ժամանակ անց թագավորը փոխում է իր միտքը` ուրանում է նոր կրոնը և ստիպում է, որ Սանդուխտն էլ հետևի իրեն: Դուստրը, սակայն չի կատարում հոր կամքը և հավատարիմ է մնում իր ուխտին: Թագավորը, որ արդեն վերադարձել էր հեթանոսությանը, կազմակերպում է քրիստոնեա ժողովրդի հալածանքները, որին զոհ են գնում նաև առաքյալները: Երկար տանջանքներ կրելուց հետո, Թադեոս Առաքյալի հետ միասին, Արտազ գավառում Սանատրուկի հրամանով նահատակվում է Սանդուխտը:
Ըստ ավանդության հավատացյալները Թադեոս առաքյալի աճյունը ամփոփում են նահատակության վայրում գտնվող ժայռին կից, իսկ Սանդուխտ կույսին հողին են հանձնում մոտակա բլրի բարձունքում:
Ըստ 5-րդ դարի պատմիչների Արտազ գավառն ունեցել է առաջնորդական թեմ: Առաջնորդներից հիշվում են Զաքարիա վարդապետը, Ստեփան վարդապետը և նրան հաջորդած Իսրայել եպիսկոպոսը, սակայն վանքի մասին որևէ տեղեկություն չկա: Իսկ Հովհան Մամիկոնյանի թողած տեղեկությունները հաստատում են, որ Արտազ գավառում են Թադեոս առաքյալի նշխարները: Պատմիչներ Ղազար Փարպեցին և Ավարայրի Վարդանանց պատերազմը նկարագրող Եղիշեն նույնպես չեն հիշատակում այս վանքը: Սա թույլ է տալիս որոշ պատմաբանների  գալ այն եզրակացության, որ ժողովուրդն ավանդաբար է պահել երկու նահատակների հիշատակը, իսկ ահա Թադեոս առաքյալի անունը կրող վանքը կառուցվել է դարեր հետո, հավանաբար հեթանոսական տաճարի հիմքերի վրա:
Կա նաև այն կարծիքը, որ Փրկչական 301 թվին, երբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով և Տրդատ թագավորի հրամանով քրիստոնեությունը վերջապես ընդունվեց որպես պետական, պաշտոնական կրոն, Սբ. Թադեոս  և Սբ. Սանդուխտ կույսի կարծեցյալ շիրիմների վրա նախ կառուցվեցին  փոքրիկ մատուռներ, իսկ հետագայում առաքյալի շիրիմի վրա կառուցվեց նրա անունը կրող մի վանք:
Ականատեսների վկայությամբ Վանքի շրջակա բլուրների վրա գտնվող մատուռներից ամենամեծը, որը կառուցված է իբր Սբ. Սանդուխտ կույսի շիրիմի վրա, ոչ մի արձանագրություն չի գտնվել:
10-րդ դարից ի վեր հայկական տարբեր աղբյուրներում, մատենագրության մեջ, տարբեր ուղեգրություններում բազմիցս հիշատակվում են Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի  անունները:
Առաջին անգամ Սբ. Թադեի վանքը որպես եպիսկոպոսանիստ հիշում է Թովմա Արծրունին, որին հաջորդում է Անեցու ավելի ստույգ տեղեկությունները:
1247 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից, վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետին ցուցաբերում է նյութական անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի վերջինս իրականացնի նախընթաց շրջանում թուրք-սելջուկների ու վրացիների կողմից ավերված վանքի վերաշինության գործը:
Վանքի վերաշինման աշխատանքներին ընթացք տալու համար Հովսեփ վարդապետն անհրաժեշտ է համարում ստանալ նաև մոնղոլ- թաթարական տիրապետության ժամանակ վանքին կից ամառանոցային իր նստավայրում հանգստացող թաթար զորապետ Անագուրակ Նուինի բարեհաճությունը, հետո նոր լծվում է աշխատանքի:
Այն, որ Սբ. Թադեի վանքը դեռևս 13-րդ դարում եղել է կրոնական ուխտատեղի, ընդգծվում է պատմական աղբյուրների բազմաթիվ  փաստերով: Դրանցից հիշենք 1285թ., երբ Կիլիկիո Հայոց թագավոր Լևոն Գ-ն, մոնղոլ Արղուն խանի հետ քաղաքական բանակցությունների նպատակով դեպի Ատրպատական կատարած ճամփորթության ժամանակ , Թորոս փիլիսոփայի ընկերակցությամբ, այցելում է Թադեի վանք: Այդ տարիներին առաջնորդում էր Տեր Տիրացու եպիսկոպոսը:
Միաբանությունը վերահաստատում է և վանքում վերականգնվում է մշակութային կյանքը: Ցավոք փրկվել ու մեզ են հասել այդ տարիներին ստեղծված հատուկենտ ձեռագրեր: Դրանցից է 1315թ գրիչ Ռոստակեսի հեղինակած  “Ներսիսի Շնորհալւոյ Մեկնութիւն Սաղմոսաց”-ը:
1319թ ` Զաքարիայի առաջնորդության ժամանակ, Արտազ գավառում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որն ավերում է վանքի նախկին անշուք եկեղեցին: Վանահայրը լծվում է վերաշինության գործին, որը տևում է շուրջ տասը տարի: Արդյունքում վեր է խոյանում այժմյան եկեղեցին, որը հանդիսանում է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության ամենագեղեցիկ կոթողներից մեկը` բաղկացած սև ու սպիտակ քարերով երկու անջատմասերից: Եկեղեցու ներսի հյուսիսային պատին կա այս աշխատանքների մասին վկայող արձանագրություն:
1340թ. Մեսրոպ վարդապետ Արտազեցին միաբանության համար հոգևոր ուսմունքի բարձրագույն լսարան է բացում, և տարիներ անց` շնորհիվ իր ձեռք բերած համբավի ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Վանքն այս տարիներին ունենում է բարվոք վիճակ: Զաքարիա վարդապետի օրոք վերանորոգվում են վանքի հարակից շենքերն ու ժամատունը, բացվում է դեպի Մակու տանող ճանապարհը:
1515թ. Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում Զաքարիա վարդապետը:
Վանքը բավականին տուժել, ավերվել ու կողոպտվել  է թուրք- պարսկական երկարատև պատերազմի տարիներին: Այս ժամանակներում է, որ Իրանի Շահ Աբբաս թագավորը, հարյուր հազարավոր հայերի Նախիջևանից ու Ջուղայից բռնագաղթեցնում է Պարսկաստան: 17-րդ դարի կեսերից սկսվում է վանքի նորոգման աշխատանքները: Վերանորոգվում է եկեղեցին, հարավային կողմի խցերը, վանքի պարիսպները, տնտեսատունը, սեղանատունը և այլն:
Սբ. Թադեի վանքն ու միաբանությունը կրկին անգամ տուժում  են 1696թ. երկրաշարժից և 1734թ. վերսկսված թուրք- պարսկական պատերազմից: Տարիներ անց կառուցվում է ջրաղացն ` ամբարով հանդերձ, նորոգվում է աղբյուրը, իսկ փայտյա խաչկալը փոխարինվում է քարաշենով:
Պարսից փոխարքա Աբբաս Միրզայի հովանավորությամբ 1819թ. Սիմեոն Բզնունին քանդել է տալիս եկեղեցու արևմտյան ճակատն ու ձեռնարկում նրան միացած նոր եկեղեցու կառուցումը ճերմակ քարերով:
1827թ. ռուս- պարսկական պաերազմից հետո Ատրպատականից ավելի քան 40.000 հայեր անցնում են սահման դարձած Արաքս գետը` թողնելով իրենց պապենական տները: Մակու քաղաքի շրջակա գյուղերը դատարկվում են:
19-րդ դարավերջից մինչև Առաջին Աշխարհամարտը, այս վանքը “Մնավորի վանքծածկանունով դառնում է հայ հեղափոխական զինատար խմբերի` Վասպուրական տանող կարևոր փոխադրավայրը: 1918թ. վանքը շրջապատվում է Օսմանյան բանակայինների, Մակուի խանի զինվորների և հազարների հասնող քուրդ խուժանի կողմից: Շրջակա գյուղերի հայությունը, ապավինելով վանքի պարիսպներին, 33 օր դիմադրում է: Երբ զինամթերքն սպառվում է, թշնամին ներս է մտնում, կոտորում ժողովրդին, գերի վերցնում կանանց և երեխաներին: Եկեղեցին և գաղտնարանն ամբողջությամբ թալանվում էԹշնամին իր հետ է տանում նաև վանքի խորհրդանիշը` Թադեոս առաքյալի Աջը: Սպանդից փրկվում են միայն մի քանի գյուղացի ընտանիքներ, որոնք էլ ապրում են վանքի խցերում մինչև 1946թ., երբ ներգաղթում են Հայաստան:
Վանքի վերջին վանահայրը եղել է Պետրոս վարդապետ Ղազարյանը, ով հնարավորություն չունենալով ներգաղթել հայրենիք, տեղափոխվել է Թավրիզ, որտեղ էլ 1948թ. կնքել իր մահկանացուն:
1970- ական թթ Պարսկաստանի պետական “Միրասէ Ֆարհանգի”  (Մշակույթի ժառանություն) հաստատության և Փարիզում հաստատված “Երկիր և մշակույթկազմակերպության  կողմից սկսվում են Թադեի վանքի վերանորոգման աշխատանքները:
Վանքի ճարտարապետությունը: Վանքը պարսպապատ է, և անկյունները ամրացված են ութ բոլորաձև աշտարակներով: Վանքի եկեղեցին գտնվում է բակի կենտրոնում: Այն չորս կողմից շրջափակված է քարաշեն շենքերով, բարձր պարիսպներով և չորս բուրգերով: Շենքերը ժամանակին ծառայել են միաբանների համար որպես կացարաններ, իսկ հյուրերի և այցելուների համար որպես շտեմարան, ինչպես նաև օգտագործվել են որպես թաքստոցներ և  շտեմարաններ: Վանքի արևմտյան պարսպին կից կառուցված են ձիթհանը, հնոցը և նրանց հարակից բազմաթիվ սենյակներ: Ձիթհանում դեռևս մնում են աղօրիքի հսկա քարը, ճզմիչ մեծ գերանն ու նրա փայտյա երկար պտուտակը:
1319թ. ավերիչ երկրաշարժից հետո մայր եկեղեցին վերակառուցվել է սրբատաշ մուգ բազալտ քարով: Եկեղեցին դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ սրահ է` ավագ խորանով և կից երկու ավանդատնով: Եկեղեցու ուղղահայացությունը շեշտում են 12 նիստանի թմբուկն ու վեղարը:
1811-1822թթ այստեղ կրկին ընթացել են շինարարական աշխատանքներ: Քանդվել են եեղեցու արևմտյան ճակատն ու ժամատունը` Էջմիածնի Մայր տաճարի նման քառամույթ եկեղեցի կառուցելու նպատակով: Այս մտքի հեղինակն է եղել Սիմեոն Արքեպիսկոպոսը: Նրա ցանկությունը մինչև վերջ չի իրականացել, քանի որ անավարտ են մնացել եկեղեցու արևմուտքում գտնվող զանգակատունն ու խորանների ծածկերը: Ասում են, որ Էջմիածնի ժամանակի կաթողիկոսն է արգելել ավարտել զանգակատունը, որպեսզի Սբ. Էջմիածինն իր կառուցվածքով միակը լինի բովանդակ հայ աշխարհում:
Պատի ամբողջ բարձրությունը բաժանվում է չորի մասի: Ներքին և վերին մասերը պարզ քարեր են, իսկ ահա նրանց միջին տարածությունը, որը բաժանված է երկու մասի, ամբողջովին զարդարված է կամարակապ գեղեցիկ խորաններով: Որքան զուսպ է Սբ. Թադեի հին եկեղեցու արտաքինը, այնքան ճոխ է նոր, ճերմակ եկեղեցին իր զարդաքանդակներով` խաչի և կենաց ծառի որմնաքանդակներ, առասպելներից ու աշխարհիկ կյանքից քաղած պատկերներ:

Վանքի շրջակայքը ուխտագնացության օրերին
Սբ. Թադեի ճերմակ եկեղեցու զարդաքանդակներում կան նաև պարսկական Սաֆավի շրջանի ճարտարպետության որոշ մանրամասներ, հատկապես նկատելի է 10-րդ դարում ստեղծված Աղթամարի Սբ. Խաչ տաճարի ազդեցությունը:

Վասպուրական նահանգում, և ընդհանրապես հարևան Իրանում, որտեղ դարեր շարունակ ապրում են հազարավոր հայեր, Սբ. Թադեի վանքը միակը չէ: Նրան ամենամոտ հարևան վանքը Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքն է, որը 18կմ հեռու է  Ջուլֆա քաղաքից: Ցավոք այստեղ ուխտագնացություն չի կազմակերպվում, նրան կենդանություն չի տրվում, և վանքը տաք ու պաղի քայքայումից օր- օրի ավելի է մոտենում ավերվելու շեմին: Վերջին տարիներին Իրանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է այս վանքի պահպանման խնդրով ևս, ու Սբ. Թադեի հետ միասին արձանագրել է Իրանի պատմական կոթողների շարքում:

Նյութը պատրաստեց Նարէ Աթոյանը

Նյութի աղբյուրը՝
"Հայ եկեղեցի. Սբ Թադեի վանք", Հայկ Աճէմյան
Թադեի վանքը: Տեղագր և պատմ. Ակնարկ/ Կազմ.՝ Հայկ Աճէմյան

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև