Քո ձեռքերի մեջ որպես մի գիրք...


Բացում ես ինձ հիմա որպես մի գիրք
Ու կազմս ձեռքերիդ համբույրից
Տրվում է քեզ սիրելիի նման

Էջերս կարոտ են շնչիդ

Դու անաղմուկ թերթում ես վարսերս
Ու ագահաբար կարդում ինձ:

Ես հետզհետե դառնում եմ անհավասար՝
Մի ձեռքիդ մեջ է իմ նրբիրանը,
Որը նորահարսի պես քչախոս է,
Մյուսն անվերջ շոշափում է պարանոցս
Ու առանց հետ նայելու՝
Գրկելով չընթերցված կեսըս
Սահում է ներքև՝ դեպի կոնքերս

Նիհարում ու բազմապատկվում եմ,
Գումարվում ու բաժանվում այնքան ժամանակ
Մինչև քո ցուցամատի ևս մեկ շփումն
Ինձ կիսում է հավասար մասերի

Դու չես զգում այդ պահը,
Քանզի կեսից հետո դադարն անհնար է,
Կեսից հետո գիրքը դառնում է էլ ավելի հետաքրքիր

Դու ավելին ես ուզում ընթերցել՝
Շտապում ես վայելել գրքի ավարտը

Եվ գեթ մի պահ ես դանդաղորեն թերթում կոնքերս,
Երբ նկարազարդ էջերս շուրթերիդ վրա պատկերում են համբույր,
Ու դու ընթերցում ես նրանց որպես մի նկարիչ

Հետո խալերս, ինչպես բառերը նոր
Ամոթխած, բայց հպարտ
Արտացոլվում են քո աչքերի խորքում
Ու ծնում հարցե¯ր,
Հարցե¯ր անպատասխան

Ամեն մի էջն ուզում ես վերընթերցել,
Սակայն շունչ չի մնում քո թոքերի ներսում,
Ինչպես օդ չէր լինում,
Երբ տարիներ առաջ
Ընթերցում էիր մի գիրք շատ սիրելի
Բոլորից թաքուն՝ վերմակի տակ,
Ու լուսինն էր քեզ հետ շոյում էջերը գրքի

Հիմա ես եմ գիրքն ու ինձ ես ընթերցում,
Մի վերջին անգամ հպվում չընթերցված մաշկիս
Ու սուզվում այնտեղ,
Խորանում այնքան,
Որ չբացահայտված բառեր չմնան

Վերածնվում ես իմ ավարտի մեջ,
Չկան էլ հարցեր, ու կյանքն է փոխված

Նուրբ կազմիս՝ վերջից, երկտող ես թողնում

Քեզ՝ գիրք իմ սիրելի՝
Նարէ Աթոյան"


22.09.2013թ.


Ներշնչանքի աղբյուրը այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև