Դեպի երկիր Նաիրի

   Գետնանցումը մի պահ բաժանեց ինձ արտաքին աշխարհից, փողոցի եռուզեռից, անծանոթ մարդկանցից… Ես գիտեի, ուր եմ գնում և գնում էի` կարոտի ծանր բեռը կրելով սրտումս: Ուժ էի փնտրում հոգուս փշրված բարձունքներում, բայց կարոտը` հայրենիքի ու տան, ընկերների ու ծնողների, մարդկանց, ժողովրդի… ու բնության, ավելի ուժգին էր, ավելի խրոխտ ու գոռ, քան իմ անէացած գիտակցությունս, որ ճախրում էր ռուս հասարակության մթնոլորտում` կորսվելով ամեն մի անծանոթ հայացքի, անհայկական աչքերի մեջ: Ուղեղս բթացած էր այնքան, որ փոխադարձ “բարևը” հայերենով` մեր լեզվով, ինձ անիրական թվաց: Երբ հայացքներս հանդիպեցին, ես նաիրցու աչքեր տեսա: Ու ինձ թվաց` աշխարհ եմ գտել` աշխարհի մեջ, Հայաստան` հեռավոր ու օտար երկրի մի փոքրիկ ու գողտրիկ անկյունում:
   Լուսամուտից նայում էի դուրս`մարդկանց. ահա ռուսը, վրացին, ֆրանսիացին… Նևսկի պողոտան միշտ լի էր զբոսաշրջիկներով, իսկ ես կարծես տանն էի` հայրենիքում: Երեք հազար կիլոմետրը բաժանում էր ընդամենը մեկ պատ, մեկ լուսամուտ ու դա շնորհիվ հայ ազգային երգ- երաժշտության, որի հնչյունները տարածվում էին ամենուր…

  Ու ինչպիսի նազանքով էին նաիրյան գեղեցկուհիները պարում իրենց հեզաճկուն պարը… ինչպես էին պարում հայորդիները: Ոմանք ռուսերեն էին խոսում, բայց պարում էին հայերեն` հային վայել արժանապատվորեն, հպարտ ու հեզ կեցվածքով, իրենց բարի ու ժպտուն, գեղեցիկ ու անսահման կարոտով լցված հայացքներն ուղղած դեպի հայրենի տունը…
    Հոգով էին պարում, և այդ պարը պատմում էր նաիրցու մասին, Հայաստան աշխարհի ու պատմության մասին:

   Այդ օրը ես երկու ժամ շարունակ նայում էի նրանց, ու իմ եսը, հայրենասիրության ոգով տոգորված, բաղձում էր դեպի Հայաստան աշխարհ, դեպի իմ հայրենիքի ակունքները` Վան, Մուշ, Կարին…  Ու երբ աչքս ընկնում էր պարուսույցին, ով ուշադիր հետևում էր պարի ընթացքին, մտածում էի, ինչպիսին և որտեղ էլ ծնվի հայ մանուկը, որ այդ պահին մայրական որովայնից էր ականջ դնում հայ երգ- երաժշտությանը, թեկուզ երբևէ հայերեն խոսել ու գրել չիմանա, մի օր լսելով այդ նույն` ազգային երաժշտության հնչյունները, կզգա վերադարձի կանչը ու կմեկնի դեպի Նաիրյան երկիր Հայաստան:


Լուսանկարը՝  Կարին   ազգային երգի- պարի խմբի ֆեյսբուքյան էջից:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև