Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» վեպից


Սիրելի հատվածներից մեկը, որ ուզում եմ կարդաք և դուք... 



   Հետո Արշակին ու Փառանձեմին է կանգնեցրել դեմ ու դեմ, ասել է. «Ձեր հերն եմ անիծել, եթե աշխարհի առաջ արժանապատվություն ունեք, ամուսնացեք իրար հետ: Թույլ չտաք, որ թագաժառանգը կտրվի աշխարհի երեսից»: Փառանձեմն ասել էր . «Չէ՛»: Հավաքված ամբոխը՝ Գնելի կուսակիցներն էլ են գոռացել. «Չէ՛»: Շուրջբոլորակի զորաբանակին Ներսես կաթողիկոսը  բացատրել էր, որ «Սուրբ գրքի ասածով՝ դա արյունապղծություն կլինի: Դա հեթանոս իրավասովորության վերականգնումն է»: Զորաբանակը սրերով ծեծել էր վահանները, որը բացատրվել էր իբրև՝ «Չէ՛»: Լրաբերը Վասակ զորավարի ականջին է փսփսացել, Վասակ զորավարը Արշակ արքային ասել է. «Չէ՛, գավառները եռում են, Գնելի կողմնակից նախարարները իրենց գնդերը պատերազմի կհանեն, նրանք սպասում են Սյունյաց իշխանին: Թագավո՛ր, շրջահայաց եղիր, նրանք Անդովկի խոսքին են սպասում»: Արշակ արքան ոչ մեկի աչքերի մեջ չի նայել: Զինվորի ձեռքից վերցրել, նիզակը գետնին է խրել, գլխից հանած մարգարտաշար բեհեզյա խույրը նիզակին է հագցրել, ծիրանագույն պատմուճանի ճարմանդն է արձակել, գցել ոտների տակ: Ոսկեկար, սպիտակ վերմաշապիկն է հանել, մերկացել մինչև գոտկատեղը, էլ չի սպասել, որ ծառաները բազկաթոռը բերեն, նստել գետնին, ոտքից քաշել, հանել է արքայական կարմիր, երկարաճիտ կոշիկները. հարալեզ շունը եկել, նստած տեղը նրա ոտքերն ու ձեռքերն է լիզել, ոտքով խփել, շպրտել է նրան: Ծառաները գիշերվա ու ցերեկվա խորհրդանիշ ՝ սև ու սպիտակ խոյեր են մորթել նրա ոտների տակ, արյունը լցրել եռոտանու մեջ: Արքան բռով վերցրել արյունը, ումպերով խմել է, քսել թևերին ու կրծքին, սրտի վրա կարմրով նշան դրել: Պարանոցի՝ ակներից հյուսածո քառամանյակներն ու ականջի գինդերը փայլատակել են արևի դիմաց: Ծառաները եռոտանու՝ նույն արյունով կատաղեցրել, տրորել են ցլի դունչը: Արշակ արքան գնացել է, ընթացիկ ասել է. «Հեռացրեք շանը, թող մեկը պահի շանը»: Ցանկապատի վրայով թռել է մարտահրապարակ, ասել է. «Բա՛ց թողեք չենթարկվող, պոզերով պատերը ծակող ցլին»: Հավաքվածները լռել են, զորաբանակը գլուխն է կախել, ծառաները հապաղել են: Արշակ արքան ոչ մեկին չի նայել, գոռացել է. «Բա՛ց թողեք»: Ծառաները դանդաղել են: Դրաստամատը մոտեցել, Վասակ զորավարն ու մեծամեծ զորավարները մոտեցել, ասել են. «Արքա՛, ցուլը միանգամից ձեր կուրծքը կտեսնի, ձեր սրտի կարմիր նշանը մաքրենք, կարմիրը աչքի առաջ ունենալը նրա առավելությունը կլինի»: Թագավորը լռել է, ասել են. «Արքա՛, գոնե նիզակ վերցրու»: Թագավորը նայել է նրանց, տեսել են, որ աչքերն արյուն է լցված: Ասել են. «Թողեք ցուլը»:
   Սուրբ աղավնին գլխին՝ Տիրան թագավորը տեսածով շնչասպառ լինող Փառանձեմին ասել է. «Հաստատապես պրծում չկա, նա կհաղթի»: «Ո՞վ»,- հարցրել է Փառանձեմը: «Թագավորը»,- ասել է Տիրանը: «Ախր ինչու՞, դու կույր ես, դու չես տեսնում»: «Որովհետև նա գիտե, որ ինքը երկրի թագավոր է»: Ցուլը եկել ու վազքի ընթացքից միանգամից տեսել է Արշակ արքային: Կտրուկ կանգնել է, առալ է նրա կրծքին քսած արյան հոտը ու ճանաչել իր հակառակորդին, ուռել է նրա բաշը ու ցցվել մազերը: Ցլի քթանցքներից խոտի ու ծաղիկների պայթող փնչոցը դեմքին, Արշակ արքան պոզերից բռնած, փոշին երկինք- գետին պատած, Գնելի տաք արյան հոտը դեռևս ռունգերին՝ կատաղած ցուլը դոփել, պատառոտել է հրապարակը, կարմիր նշանը աչքերի մեջ պահած՝ Արշակ թագավորին քաշան- քաշան, հող ու փոշուն խառնած տարել, դեմ է տվել ցանկապատին, Արշակի երակները թևերի մեջ փքվել, շարժվել են անձրևաորդերի պես, սարսափած Դրաստամատը մոտեցել, ասել է. «Հապաղում ես, ժամանակն է, արքա, վիզը ոլորիր, քաշիր մի քիչ դեպի քեզ ու ոտքով մի թեթև խփիր կոճին»: Արշակ արքան այդպես չի արել, Դրաստամատին ու ժողովրդին գոռացել է. «Դու, որ ինձ ես հուշում, իսկ ցլին ո՞վ պիտի ասի»:Հավաքվածները ծիծաղել են, զինվորներն աղաղակել են: Արշակ արքան կռիվը նորից է սկսել: Տիրան թագավորը Փառանձեմին ասել է. «Որ ամուսնանաք, տղա կծնվի»:
  «Ինչու՞»,- ասել է Փառանձեմը: «Որովհետև նա գիտի, որ երկրին թագաժառանգ է պետք, կարհամարհի անձնական երջանկությունը»:
Արշակ արքան ցլին հաղթել է: Ժողովուրդը գոռացել է . «Թող ամուսնանա»:




Լևոն Խեչոյանի  «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի»  գիրքը կարող եք ձեռք բերել ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութներից և Երևանի մյուս գրատներից: 



Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև