ԿԻՆ (Հատված Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքից)


ԿԻՆ  

Կին լինելը  Սաբինայի  համար  կեցության  ձև է, որ ինքը  չի ընտրել:  Այն, ինչ ընտրության  արդյունք  չէ, չի կարելի  ո՛չ արժանիք,  ո՛չ էլ ձախողում  համարել:  Նմանատիպ  հարկադիր  իրադրություններում  մեզ մնում է, ըստ  Սաբինայի,  գտնել համապատասխան  կեցվածքը:  Սաբինայի  համար  կին ծնված  լինելու  դեմ ըմբոստանալը  նույնքան  անհեթեթ  է, որքան  դրանով  հպարտանալը:  Առաջին  հանդիպումներից  մեկի  ժամանակ  Ֆրանցն  ասաց Սաբինային  ձայնի  տարօրինակ  հնչերանգով.  «Սաբինա,  դուք կին եք»: Սաբինան  չէր հասկանում,  թե  ինչու  է Ֆրանցն իրեն այդ լուրն ազդարարում  այդքան  հանդիսավոր  տոնով.  ասես Քրիստափոր  Կոլումբոսը,  որ հեռվում  Ամերիկայի  ափն էր նշմարել:  Միայն ավելի  ուշ Սաբինան  հասկացավ,  որ կին բառը,  որը Ֆրանցն  արտասանում  էր առանձնահատուկ  պաթոսով,  վերջինիս  համար  նշանակում  էր ոչ թե մարդկային  ցեղի  երկու  սեռերից  մեկը,  այլ որոշակի  արժեք:  Բոլոր  կանայք  չէ, որ  արժանի  էին կին կոչվելու:  Բայց եթե Սաբինան  Ֆրանցի  համար  կինն է, ուրեմն  ի՞նչ է Մարի-  Կլոդը՝  նրա իսկական  կինը:  Արդեն  քսան  տարի  էր անցել  այն օրից (այդ ժամանակ  նրանց ծանոթությունը  մի քանի  ամսվա  վաղեմություն  ուներ), երբ  Մարի-  Կլոդը  Ֆրանցին  սպառնացել  էր, որ եթե վերջինս  իրեն լքի, ինքն ինքնասպան  կլինի:  Այդ սպառնալիքը  կախարդել  էր Ֆրանցին:  Մարի-  Կլոդը  նրան այնքան  էլ  դուր չէր գալիս,  բայց նրա սերը  Ֆրանցին  թվում էր վսեմ:  Ֆրանցն իրեն արժանի  չէր համարում  այդպիսի  սիրո  և իր պարտքն էր համարում  խոնարհվել  Մարի-  Կլոդի  առջև:  Եվ ուրեմն, նա խոնարհվել  էր մինչև գետին  և կնության  էր առել նրան: Ու թեև կինն այլևս երբեք  զգացմունքի  նման լարում  չդրսևորեց,  ինչպես  այն օրը, երբ  սպառնում  էր ինքնասպան  լինել,  Ֆրանցի  էության  խորքում  դեռ ապրում  էր այն հին հրամայականը.  երբեք  ցավ  չպատճառել  Մարի-  Կլոդին,  հարգել  կնոջը  նրա մեջ:  Այս նախադասությունն  ուշագրավ  է: Նա ոչ թե ասում  էր՝ հարգել  Մարի-  Կլոդին,  այլ՝ հարգել  կնոջը  Մարի-  Կլոդի մեջ:  Բայց եթե Մարի-  Կլոդն  ինքը  կին էր, ո՞րն էր նրա ներսում  ծպտված  մյուս կինը,  որին Ֆրանցը  պիտի  հարգեր:  Գուցե  մայր/կնոջ  պլատոնական  գաղափա՞րը:  Ֆրանցը  մոտավորապես  տասներկու  տարեկան  էր,  երբ մի գեղեցիկ  օր նրա մայրը  մենակ  մնաց. Ֆրանցի  հայրն անսպասելիորեն  հեռացել  էր: Ֆրանցը  գլխի  էր  ընկնում,  որ լուրջ ինչ-որ բան է պատահել,  բայց մայրը  կոծկում  էր դա չեզոք  և զուսպ խոսքերով՝  որդուն  հարվածի  չենթարկելու  համար:  Այդ օրը, երբ պատրաստվում  էին դուրս գալ բնակարանից՝  քաղաքում  միասին   մի պտույտ գործելու  համար,  Ֆրանցը  նկատեց,  որ մայրը  երկու  տարբեր  կոշիկներ  է հագել:  Նա շփոթված  էր.  ուզում էր մորը  զգուշացնել՝  միաժամանակ  վախենալով  նրան վիրավորելուց:  Ֆրանցը  երկու  ժամ անցկացրեց  մոր հետ փողոցներում  շրջելով՝  չկարողանալով  հայացքը  կտրել  նրա ոտքերից:  Այդ օրը նա հասկացավ՝  ինչ է  նշանակում  տառապանք: 

Թարգմանությունը ֆրանսերենից` Շուշանիկ Թամրազյանի

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև