«... ռուսական ներխուժմանը հաջորդած տարիները հուղարկավորությունների տարիներ էին»

«Հինգ   տարուց ի վեր այն օրից, ինչ ռուսական    բանակը    զավթել    էր Թոմայի երկիրը,  Պրահան    շատ էր փոխվել.    փողոցում    Թոմային    հանդիպած    մարդիկ    առաջվանը    չէին: Թոմայի    ընկերների    կեսը    տարագրվել    էր    երկրից,    իսկ երկրում    մնացածների    կեսը՝    մահացել:    Սա    մի փաստ է, որ չի հիշատակի    ոչ մի պատմաբան.    

ռուսական    ներխուժմանը    հաջորդած    տարիները    հուղարկավորությունների    տարիներ    էին. երբևէ    մահացության    դեպքերն    այդքան    հաճախակի    չէին եղել: Եվ խոսքը    միայն այն դեպքերի    մասին    չէ (վերջին    հաշվով՝    բավական    հազվադեպ),    երբ մարդկանց    հետապնդում    էին    մինչև մահ, ինչպես Յան Պռոշազկային:    Այն բանից    տասնհինգ    օր անց,    երբ սկսել    էին ամեն օր ռադիոյով    հաղորդել    Պռոշազկայի    անձնական    խոսակցությունների    ձայնագրությունները,    վերջինս    հիվանդանոց    ընկավ:    Քաղցկեղը,    որն անտարակույս    որոշ ժամանակից    ի վեր աննկատ    նիրհում    էր նրա մարմնի    անկյուններից    մեկում,    փթթել    էր վարդի    պես: Վիրահատությունն    արվեց    ոստիկանության    ներկայությամբ,    ու երբ վերջինս    արձանագրեց,    որ վիպասանը    դատապարտված    է,    այլևս դադարեց    հետաքրքրվել    նրա անձով՝    թողնելով,    որ հանգիստ    հանգչի    կնոջ գրկում:    Բայց մահը    հարվածում    էր նաև նրանց, ովքեր    ուղղակիորեն    չէին ենթարկվում    հալածանքների:    Երկիրը    համակած    համընդհանուր    հուսահատությունը,    սողոսկելով    մարդկանց հոգիներ,    պաշարում    էր նրանց մարմիններն    ու տապալում    գետնին:    Ոմանք հուսահատ    փախչում    էին ռեժիմի    շնորհներից,    որ ցանկանում    էր նրանց փառքով    պսակել՝    ստիպելով    հրապարակավ    հանդես    գալ նոր ղեկավարների    կողքին:    Այդպես    վախճանվեց    բանաստեղծ    Հրյուբինը՝    Հայրենիքի    սիրուց    փախչելով:    Մշակույթի    նախարարը,    որից նա մինչև վերջ փորձել    էր խուսանավել,    նրան ճանկեց    դագաղի    մեջ: Նախարարը    գերեզմանի    մոտ ճառ արտասանեց՝    հատուկ    հիշատակելով    պոետի՝    Խորհրդային    միության    հանդեպ    տածած    սերը:    Գուցե    այդ աղաղակող    անհեթեթությունն    արտաբերել    էր՝ բանաստեղծին    արթնացնելու    համար:    Բայց այնքա՜ն    տգեղ    էր աշխարհը,    որ ոչ ոք պատրաստ    չէր հառնել    ի մեռելոց:    Թոման    գնաց դիակիզարան՝    մի նշանավոր    կենսաբանի    հուղարկավորությանը    մասնակցելու.    վերջինիս    վտարել    էին պետական    համալսարանից    և գիտությունների    ակադեմիայից:    Մահազդի    մեջ արգելվել    էր ժամը    նշել, որպեսզի    արարողությունը    չվերածվի    ցույցի,    և մտերիմները    վերջին    րոպեին    իմացել    էին, որ հանգուցյալի    մարմինը    դիակիզելու    են առավոտյան    վեցն անց    կեսին:    Դիակիզարանի    սրահ մտնելով՝    Թոման    դժվարացավ    հասկանալ,    թե ինչ է կատարվում.    լույսերով    հեղեղված    սրահը    նկարահանման    ստուդիա    էր հիշեցնում:    Զարմացած    նայեց շուրջը և նկատեց,    որ սրահի    երեք    անկյուններում    տեսախցիկներ են տեղադրված:    Ո՛չ, հեռուստատեսությունը    չէր, ոստիկանությունն    էր նկարահանում    հուղարկավորությունը՝    արարողությունից    հետո    մասնակիցների    ինքնությունը    պարզելու    համար:    Վախճանված    գիտնականի    նախկին    գործընկերներից    մեկը,    որ դեռևս գիտությունների    ակադեմիայի    անդամ    էր, իր    մեջ քաջության    գտավ՝ դագաղի   առջև մի քանի    խոսք    ասելու:    Նա չէր մտածել,    որ այդպիսով    կինոաստղ    է    դառնալու»:

Հատված Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքից
Թարգմանությունը ֆրանսերենից` Շուշանիկ Թամրազյանի

Գրքի ֆեյսբուքյան էջին միացեք այստեղ
Գիրքը հարցրեք Երևանի բոլոր գրախանութներում: ՀՀ մարզեր, Արցախ և Արտերկիր առաքելու համար գրեք ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութին: 

Կարդացեք նաև՝ 

ԿԻՆ (Հատված Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքից)
«Անկողինը խոստովանավայր է». ամուսնության մասին մեջբերումներ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև