Դավիթ Մուրադյան «Կոստան Զարյան»




.. Նա դանդաղաքայլ շարժվում էր Աբովյան փողոցով՝ դեպի Կաթողիկեի մոտերքում գտնվող իր տունը: Մնացած մարդիկ անկանոն վազքով թաքնվում էին առաջին իսկ պատահած շքամուտքերում, որովհետև հորդում էր ուժեղ, չափը լրիվ կորցրած անձրև: Բայց բանաստեղծն արդեն շատ ծեր էր: Երևի նա ճամփա էր ընկել նկարիչների տան սրճարանից (իր սիրելի վայրը, որտեղ երբեմն մենակ նստում ու կարդում էր դիմացի կրպակից գնված «Յումանիտեն»), իսկ գարնանային անձրևը վրա էր տվել հանկարծակի:

Ես դուրս եկա շքամուտքից: Մի տեսակ անհարմար էր կանգնել չոր ու ապահով տեղում, երբ սև զոնտը գլխին պահած՝ միաժամանակ հանդիսավոր ու անօգնական, ընթանում էր մեր մոհիկաններից վերջինը: Դա 68 թիվն էր, ինձ համար այսօր դեռ չափազանց մոտ, բայց նաև՝ կարծես չեղած ու հորինված մի ժամանակ: Ես մնացի մայթին ու թրջվեցի այնքան, մինչև Զարյանն ու իր զոնտը դանդաղորեն անհետացան տեսադաշտից: Ես վերջին անգամ էի նրան տեսնում, բայց ենթադրություն իսկ չունեի այդ մասին:



Հ.Գ. Կոստան Զարյանը՝ քսաներորդ դարի Մարտիրոս Երզնկացին: Եվս մի միջաստղային թափառական, ում հայացքը սկիզբ է առել «Արարատի մոտ ապրող հայից»  և ընդգրկել աշխարհի ամբողջությունը ... Ծնվել է փետրվարի 2 - ին:

Դավիթ Մուրադյան «Հայ կինոռեժիսոր, որի ոտքերը իր իսկ հողի մեջ են, իսկ գլուխը` աստղալից երկնքի»:

Դավիթ Մուրադյանը Արտավզադ Փելեշյանի մասին 

Ունենալ համաշխարհային հայացք` հոգու մեջ կենդանի պահելով քո ազգի կենաց ծառը:

Ապացույց. Արտավազդ Փելեշյանը նկարահանում է «Մեր դարը»  ֆիլմը` երկրային ձգողականությունը հաղթահարելու մասին: Մարդկության թռիչքների և անկումների պատմություն, տեխնիկական քաղաքակրթության գլխապտույտ վազք`առաջին սավառնակներից մինչև լուսնային վայրէջք: Եվ մարդը` այդ քաղաքակրթության երկաթե երիվարին հեծած:

Նույն Փելեշյանը նախապես նկարահանում է «Տարվա եղանակները»: Սա ֆիլմ է մեկ գյուղի ու մի խումբ հովիվների մասին: Մարդը` բնօրրանի հետ ընդհանուր կենսածիր դարձած: Այդ գյուղաշխարհից ներս Փելեշյանը խտացնում է ամբողջ տիեզերքը:

Թե՛ առաջին ֆիլմը` համամոլորակային հայացք, թե՛ երկրորդը` հայրենի եզերքի էպոս, անվրեպ հասնում են ամենքին, անկախ այն բանից, թե ով ինչ ազգի ծնունդ է ու որ երկնքի տակ է ապրում:

Հայ կինոռեժիսոր, որի ոտքերը իր իսկ հողի մեջ են, իսկ գլուխը` աստղալից երկնքի:

Հ.Գ. «Ոսկե ծիրանի»  օրերին Ա. Փելեշյանին կհանձնվի նաև Հայկական կինոակադեմիայի Պատվո մրցանակը:




Եղիշե Չարենցի նամակը Մամիկոն Գևորգյանին



Սիրելի Մամիկոն, մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, եւ ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխ
անը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)- հույս ու ավետում! Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, եւ ոչ մի նամակ չեմ ստացել որեւէ մեկից, եւ ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս եւ գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին,- մի խոսքով – ինչի մասին որ կուզես,- եւ, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես – նամակներով, գրքերով, ինչով կուզես!! Ամենից առաջ «Նորքը»: Ի՞նչ է անում: Լույս կտեսնի՞, թե ոչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը: Հետո – Պետթատրոնը: Ի՞նչ ծրագիրներ ունի: Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը». հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել: Ի՞նչ են անում այդտեղ գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին: Այստեղ է ընկ. Կարինյանը. նրա ասելով - ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա: Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ – կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայանման մի բան չի պղտորում երեւակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն - դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երեւակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս – քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա - Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ – ու տեղը թողեց - բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երեւանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եւ կբեղմնավորվի՞ արդյոք, եւ ինչո՞վ, եւ ե՞րբ - անհայտ է ինձ, պոետիս,- բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին - բերքը ավելի բարձր, ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, - կամ ընդհակառակը` ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով միեւնույնն է. երեխան եւ ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում) - ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը,- մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու - եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ եւ իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին: Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից - եւ իմ առաջ հիմա, դեռեւս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը եւ ապագա կենցաղը (սովետական կարգեր +ամերիկանիզմ) - այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գան, եթե միայն նրան վիճակված է գտնել - իմ ստեղծագործական կարողությունը: ... Էսպես: Սրանով վերջացնենք: Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ եւ տեխնիցիզմ – որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում Леф-ը,- եւ այնքան հանճարեղ – Ուելսը: Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն - գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց – կմնա այս մի հատիկ տրադիցիան էլ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու - եւ պատասխան չսպասել: 
Հասցես, որ չասես թե չգիտեի. 
Москва, Армянск. пер., д. N 2, Д. К. С. А., Егише Чаренцу. 
Բարեւներ ինձանից ու Արփիկից: 
Քո` Չարենց Մոսկվա, 
1924, 8, II

Նյութը տրամադրեց Հովիկ Չարխչյանը

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև