«էլի տասն այրի» / հատված Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից


      «Մեր տանը նստած էի, կյանքում հանրահավաք չէի հրավիրել, որևէ հանրահավաքում ելույթ չէի ունեցել: Մեր տանը նստած էի, երբ սպանեցին Պողոս Պողոսյանին: Մեր տանը սուրճ էի խմում, և հեռուստաալիքներն ասում էին, որ «Առագաստ» սրճարանի զուգարանում մարդ է մահացել սրտի կաթվածից: Ոչ ոք չէր համարձակվում ասել, որ այդ մարդուն`Պողոս Պողոսյանին, ոչ թե ինֆարկտ է խփել, այլ նրան սպանել է բռնապետի ոհմակը: Դա տեղի է ունեցել ազգիս որդնած սերուցքի աչքի առաջ, այն նույն պոռնիկների աչքի առաջ, որոնք երգում են հայի աչքերի մասին, և որոնք չեն նկատել Պողոս Պողոսյան անուն- ազգանունով հայի աչքերից դուրս հորդող օգնության աղերսը: Նրան սպանեցին այն օրը, երբ տանը սուրճ էի խմում անվրդով, սպանեցին ազգիս բոհեմական պոռնկատանը, ազգիս հարյուրավոր «մեծերի» աչքի առաջ, բայց չգտնվեց մի վկա, որ դատարանում պատմեր, թե ինչ է տեղ ունեցել: Չգտնվեց: Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով էլ չստեղծվեց: Քյար չկար մեջը:


     Կարո՞ղ էի որևէ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Պողոս Պողոսյանը չսպանվեր, որ ողջ լիներ Պողոս Պողոսյանը:
     Չէի շտապում պատասխանել, ցանկանում էի հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:
     Տանը նստած սուրճ էի խմում, երբ նույն կերպ՝ ծեծելով սպանեցին Արտյոմ Սարգսյանին, որը ղեկավարում էր ասպիրանտների շարժումը՝ հանուն տարկետման իրավունքի: Նրան նպատակային տարան բանակ ու նպատակային սպանեցին ծեծելով…
     Լույսի լճակ աչքերն հայի…
     Ցամաքեցրին ևս մի լճակ. ես տանը սուրճ էի խմում՝ հեռուստացույցի առաջ: Հեռուստացույցը ոչինչ չէր ասում, այլ երգում էր լինզայված աչքերի հրաշքի մասին, աչքեր, որ սպանել տվեցին Արտյոմին:
     Իսկ ես կարո՞ղ էի ինչ-որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ Արտյոմին չսպանեին, որ նա ապրեր, ողջ լիներ: Չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:
     Տանը նստած սուրճ էի խմում, խաղ էի անում երեխաներիս հետ, երբ սպանեցին Կարինե Սարգսյանին: Սպանեցին Մալաթիայի բանկի խաչմերուկում, սպանեցին այն պահին, երբ նա սև հաց և կաղամբ էր գնում իր ընտանիքի ընթրիքի համար: Սպանեցին օրը ցերեկով: Ես այդ ժամանակ խաղ էի անում իմ զավակների հետ, ովքեր այդ օրը ընթրիքին կաղամբ կերան՝ սև հացով:
     Կարո՞ղ էի ինչ որ բան անել, որ աղետը տեղի չունենար, կարո՞ղ էի այնպես անել, որ չսպանեին Կարինե Սարգսյանին, որ ողջ լիներ Կարինե Սարգսյանը, լիներ իր ամուսնու կողքին, իր երեխաների հետ:
    Չէի շտապում պատասխանել այս հարցին, ցանկանում էի, որ հարցը ներծծվի իմ մեջ, դառնա իմ ինքնության մասը:
    Հետո սպանեցին Լևոն Լևոն Գուլյանին. ծեծեցին, նա կորցրեց գիտակցությունը: Մտածեցին՝ կմահանա, ցած նետեցին պատուհանից, որ ասեն՝ ինքնասպան է եղել: Կարո՞ղ էի ինչ –որ բան անել, որ աղետը տեղի չունենար, որ չսպանեին Լևոն Գուլյանին, որ ողջ լիներ Լևոն Գուլյանը:
    Ե՞րբ սպանեցին Լևոն Գուլյանին. պաշտոնական տեղեկատվությունն ասում է ՝2007 թ. մայիսի 12-ին:
     Ո՛չ, ասում եմ ես, 2008 թ. մարտի 1-ին: Իսկ 2007թ. մայիսի 12-ին ոստիկանության շենքում սպանեցին Գոռ Քլոյանին:
     Տիգրան Խաչատրյանին սպանեցին «Առագաստ» սրճարանի զուգարանում ծեծելով, իսկ Պողոս Պողոսյանը սպանվեց Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ:
      Կարո՞ղ էի ինչ-որ բան անել, կարո՞ղ եմ ինչ-որ բան անել:
     Այո՛, կարող եմ ինձնից կախված ամեն ինչ անել հանուն այնպիսի Հայաստանի ստեղծման, որ սիրում է իր զավակներին, որ չի սպանում իր զավակներին: Եթե հարկավոր է, կարող եմ զոհվել հանուն այդ Հայաստանի: Իսկ ինչու՞ չզոհվեցի:
Օ՜, դա արդեն ես չեմ որոշում, դա արդեն որոշում է ճակատագիրը: Ես չեմ փախչի իմ ճակատագրից, հավատարիմ կմնամ իմ ճակատագրին»:

 Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը»


Լուսանկարի աղբյուրը`https://www.upi.com/

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև