Ճայեկը սագին աղաչում էր և ասում.
- Ես սևադեմ լինելով արհամարված եմ բոլորից, իսկ դու սպիտակ ես ու պայծառ , խնդրում եմ ինձ սովորեցնես, որ քեզ պես սպիտակ լինեմ:
- Շատ լավ, - ասաց սագը, - միայ թե ինձ պես միշտ լվացվիր ջրով:
Ճայեկը լսեց սագի խորհուրդը , բայց լվացվելիս ընկնում էր նրա սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը:
Ճայեկը կրկին գնաց սագի մոտ ու աղաչեց, և սագն ասաց նրան.
- Լվացվելու հետ միասին իմ լեզուն էլ պետք է սովորես, որ կարողանաս
ինձ նման լինել:
Ճայեկն հանձն չառավ մոռանալ իր լեզուն և մնաց սևադեմ:
***
Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան.
- Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:
- Ինձ ի՞նչ կանեք, - ասաց արագիլը, - որ կատարեմ ձեր կամքը:
- Կաղոթենք, պատասխանեցին ճնճղուկները, որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ վնասակար օդից ու եղանակից:
Եվ արագիլը տեղ տվեց նրանց:
Երբ ճնճղուկները ձագ հանեցին, օձը սողաց դեպի բույնը նրանց ձագերն ուտելու: Արագիլը սպանեց այդ օձին և ման էր գալիս, որ ոչնչացնի բոլոր օձերին` ճնճղուկների ձագերին փրկելու համար:
Առակս ուսուցանում է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ, որ ազատություն վայելեն նրանք:
***
Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով՝գովեստ էր ստանում, և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ ու կոտորեց նրա ձագերին ու ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով՝ մերկացրին նրան: Այսպիսով, սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից:
Այսպես ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիին, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը:
***
Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքելով նրանց՝ ուտում:
Մրջյունը հնար էր մտածում սպանելու արջին: Գնում է նա պիծակի, գոռեխի, շնաճանճի, բրետի և այլ սրանց նմանների մոտ և աղաչում օգնել ազգասիրաբար: Նրանք, ցավակցելով իրենց ազգակից մրջյունին, խփում են արջի աչքին և ականջներին, որը գլուխը զարկում է քարին և վերք է ստանում: Վերքը նեխում է, որից և առաջանում են որդեր: Արջը ցավի սաստկությունից գոչում է բերանաբաց: Որդերը նրա որովայնը մտնելով՝ խոցոտում են աղիքները, որից արջը տանջահար և ցավից ստիպված դիմում է դեպի ջրի հոսանքը և չափից ավելի խորը մտնելով՝ խեղդվում է:
***
Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը կամ պատերի խորշերը , և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:
Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:
***
Պղնձագործն ու երկաթագործը միմյանց խնամի դառնալու ժամանակ վիճեցին, յուրաքանչյուրն իր արհեստն էր գովաբանում մեծաբարբառ, և նրանց մեջ հակառակություն ընկավ. գնացին ծերերի ատյանը: Ծերունիներն ասացին, թե հասարակաց օգտակարը պատվական է:
**
Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն: Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկեր է եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործներին և ուրիշների վրա ևս: Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը չեկավ, ասելով. «Թող առաջ ինքը՝ ոսկին գա ինձ երկրպագելու»::
***
Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում էին բամբակի արտը:
Նրանք պատվիրում էին միմյանց զգուշանալ բամբակենու ծառերը կոխտալուց: Սոսին բարկացավ , որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց.
- Ինչպե՞ս կարող է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ու բարձր և շատ տեղ եմ բռնում:
Եվ բամաբկենին անվախ արձակ ու համարձակ պատասխանեց.
- Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօգուտ, ո’չ շինության համար ես պիտանիև ո’չպտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար , բայց բազմաշահ եմ և օգտակար բոլոր մարդկանց համար և’ պահպանելու, և’ քաղելու, և’ գործելու ժամանակ, և վերջում դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից:
Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:
***
Էշը գնաց սար կրոնավոր լինելու , բայց վախենալով տեղի դառնությունից ու դժվարություններից, մանավանդ որ խրատում էին, թե ծույլ չպետք է լինի, փախավ այնտեղից ասելով.
- Խառան, խառան…
Այսինքն թե տաք է խառանը, որտեղից եկել էր կրոնավոր լինելու:
***
Ավազակը մի քահանայի բռնելով՝ կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց ավազակին և, ինչպես պետք է, սկսեց տանջել նրան:
Ավազակն աղաչում էր և ասում.
-Չէ՞ որ քահանա ես դու և միշտ ասում ես «խաղաղություն ամենեցուն» ու սրա նման շատ բաներ, ուրեմն ինչու՞ ես տանջում ու չարչարում ինձ:
- Ո¯վ դու չարագործ, - պատասխանեց քահանան,- ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:
Комментариев нет:
Отправить комментарий