Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը:
Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . “Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…”:
Комментариев нет:
Отправить комментарий