Թույլ տուր կարդամ քեզ…

Ն.Ա.-ից 

Պատուհանագոգին նստած գիրքն անթարթ հայացքով մի վերջին անգամ հայացք նետեց նրա հետևից, ու անաղմուկ ճիչով ընկավ գետնին:

-         Ես կարդալ չեմ սիրում, չեք հասկանում, չեմ սի րում,- շպրտեց երիտասարդն, ու գնաց ընկերների հետ զվարճանալու:

Ամեն ինչ սկսվեց, երբ գիրքը հայտնվեց նրա ձեռքերում. նա նայեց  գրքի շապիկին ու միանգամից հավանեց նրան: Գիրքը դեռ մաքուր էր, չշոշափված, հետաքրքիր ու դյուրըմբռնելի… Ու նա բացեց գիրքը, բացեց ու շնչահեղձվեց թարմությունից…  Հետաքրքրությամբ թերթեց բոլոր էջերն ու ագահաբար ընթերցեց այն… Գիրքը սիրեց նրան, նրա ձեռքերը, նրա հոտը… Նա իր առաջին ընթերցողն էր` ուշադիր ու բարեհոգի…

-         Մի բան պիտի կարդամ, ինչ խորհուրդ կտաք,- հարցրեց երիտասարդը անծանոթ գրադարանավարուհուն:
-         Իսկ ինչ գրքեր ես սիրում կարդալ,- հարցրեց կինն ու անթաքույց հայացքով զննեց տղային:
-         Ես երբևէ չեմ կարդացել,- կմկմաց տղան, ու նրա պատանեկան այտերին հալվեց ամաչկոտության կարմիրը:  
-         Ոչինչ, մի հուզվիր, բոլորն էլ մի օր առաջին անգամ են կարդում, - խոշոր ժպիտը փայլեց գրքերի մեծ գիտակ կնոջ դեմքին ու նա առաջարկեց,- վերցրու այս մեկը, լավն է, կհավանես:
 Երիտասարդն առանց որևէ խոսք ասելու վերցրեց գիրքն ու դուրս եկավ գրադարանից: Նա կյանքում առաջին անգամ ձեռքն առավ մի գիրք, որը պետք է ընթերցեր… բայց նա վախենում էր բացել այն, վախենում էր, քանի որ մանկուց նա սիրել էր թարմություն, մաքրություն, քնքշություն, իսկ այդ գիրքն ամբողջովին փոշոտված էր, մաշված ու անփայլ:
“Դու պետք է գրքեր կարդալ սովորես”,- խոր հոգոցով նա վերհիշեց իրեն ուղղված խորհուրդներն, ու շտապով բացեց ձեռքի գիրքը…

Բաց լուսամուտից ներս թափանցեց անսանձ քամին, ու սկսեց շոյել մենության մեջ գալարվող գրքի խոնավ էջերը: Գիրքն ակամայից տնքաց, փարվեց նրա թևերին ու… քամին ընթերցեց նրան ծայրից ծայր…

-         Եվ միթե չկա որևէ գիրք, որ կհետաքրքրի ու կգրավի քեզ,- պատանու ականջների մեջ արձագանքվեցին նույն մտահոգ ձայնի հնչյունները:
-         Ես ատում եմ բոլոր գրված ու չգրված գրքերը, - շպրտեց տղան ու փակվեց իր մենության մեջ:
Փակվեց երկար ու աննահանջ… Փակվեց ու ստեղծեց մի աշխարհ, որտեղ հորինեց իր երազած բոլոր գրքերը` գունավոր, բովանդակալից, մաքուր, անտաղտկալի… բայց չկարդաց և ոչ մեկը, քանզի դրանք կային միայն իր երևակայության մեջ, միայն իր… 

Եվ գիրքն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես, ցավի մեջ գալարվող իր ջերմությունը հայտնվեց սահմանի վրա, ու նա վերջնականապես որոշեց, որ հենց ինքն է ընտրելու իր ընթերցողին …

-         Ես չգիտեմ ինչպես են կարդում գիրքը,- ասաց երիտասարդն ու անկյանք ձեռքերով շոյեց գրքի քնքուշ դեմքը…
-         Իսկ միթե դա կարևոր է,- պատասխանեց գիրքն ու, էջերի մեջ  ներքաշեց տղայի հոտը,-  ես անգամ չգիտեմ ինչ է կարդալը, բայց ես շատ եմ ուզում կարդալ քեզ, թույլ տուր փորձեմ, թույլ տուր կարդամ քեզ…


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև