Արարատ Մկրտումյան «Էլի մի երգ քո մասին` սեր»


Հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ,
այս քարափի ծերպին, իբրև մասրենու բոց
նոյեմբերյան ցրտում:
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
վիրակապի նման
և շոյանքի:

Ես արդեն վախենում եմ ասել` կարոտել եմ,
ես արդեն վախենում եմ նայել իմ ձեռքերին,
վիրակապի նման
և շոյանքի
հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ,
քո մատներից այն կողմ`
դրսում.
ծխախոտը սեղմած շուրթերիս մեջ,
աչքերիս մեջ`  պատկերը փլվող հորիզոնի,
ուսերիս` հոգնությունը տարադարձիկ օրվա:

Երբ դու սիրում ես,
քո ափերը տաք են,
և մազերդ բուրում են
կախարդանքի մշուշ:
Հորինի՛ր ինձ` կախարդված մնամ.
հորինի՛ր ինձ` չմրսեմ:

Ես արդեն վախենում եմ նայել իմ ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ` ոտնահետքեր,
բայց կա պատմությունը սիրապատառ ցավի,
որը կրկնում է.
ուրեմն ինչպես միշտ աղջիկ էր,
ուրեմն ինչպես միշտ տղա էր,
և սեր էր ինչպես միշտ տարուբերվում օդում”:
Եվ տղան ինչ-որ բառեր էր կորցրել,
և աղջիկը ինչ-որ բառեր էր հայտնաբերել
իր ուսերի վրա
և լռում էր,
և լռում էր,
և լռում էր...

Եվ տղան ասում էր` կա՛նգ առ, նայի՛ր մեջբոլորդ,
և աղջիկն ասում էրկա՛նգ առ, նայի՛ր շուրջբոլորդ,
և բոլոր խաչմերուկներում լույսը կանաչ էր,
և կանգ առնելու ժամանակ չկար,
և հարկավոր էր` առաջ, էլի առաջ,
և ամեն ինչ մնում էր` հետո, էլի հետո...

Հորինի՛ր ինձ
ճաքճքած շուրթերին հիշողության,
պատառոտված մաշկի տակ երգի,
ամենո՜ւր...
Այս ցավի դեմ` մենակ,
այս երգի դեմ` մենակ,
հորինի՛ր ինձ - չլինեմ
այսքան մենակ:

Մենա՜կ հորինիր:

Հորինի՛ր ինձ
քո շնչառության նախածալքերում,
իբրև ծփանքի պահ
դաշնավորված Կերպի,
իբրև զոհատրման անվախճանյալ հիացք
և տենդ շնչահատյալ,
և ճիչ մենաբաղձիկ,
և սեր անտարուբեր, -
հորինի՛ր ինձ:

Մեր դժվար գոյության քարածերպերին
միշտ ճիչ կա մասրենու,
նույնքան ճարահատյալ` հորինի՛ր ինձ:

Անգամ ծառը, նայի՛ր. ցրտահար բողբոջների
տարաբախտիկ վախով
կեղևաճաք է տալիսհորինի՛ր ինձ`
ծաղկեմ:
Երեկ մեկի քունքին
արնապուտ կար փոքրիկ,
և աչքերը բաց էին`
ոչ ոք չհորինեց գոյությունը նրա -
ապրեր:

Հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ -
քո կողքին, քո մեջ,
շուրջբոլորը քո:
Հիշո՞ւմ ես, երգ կար.
Մեր միջև չի եղել ոչինչ,
ինչ եղել է, եղել է մեր մեջ...
Հորինի՛ր ինձ` հիշեմ
և մոռանամ`
հետո ինչ կար հորինելու...

Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
(
ինքդ ասա, արդեն ինչի նման):
Ես վաղուց եմ վախենում նայել իմ
ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ ոտնահետք`
դեպի քեզ շտապող:

Ոչ էլ ոտնահետքեր:
Ոչ էլ... հորինի՛ր ինձ:

Ահա առավոտը,
ահա երգը այն նույն,
իսկ մնացածը...
հորինած է...
...
հորինի՛ր ինձ
:
Լուսանկարի աղբյուրըgranish.org

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև