Մի օր,
երբ համալսարանական ուսանող էի, քրոջս հարցրի, թե ինչու են իրեն Սիրանույշ
անվանել: Ասաց, թե հայրս թունդ թատերասեր էր և
«Զավակ» ներկայացումը
տեսնելուց հետո որոշել է աղջիկ ունենալու
դեպքում դերասանուհու
պատվին կոչել Սիրանույշ: Քրոջս հարցուփորձ էի անում հորս մասին և նրա հաղորդած կցկտուր տեղեկություններից իմացա, որ իր աշխատասենյակի
պատից կախված էին երկու լուսանկար` Խաչատուր Աբովյան և Պետրոս Ադամյան: Հարցնում էի` “Ինչո՞ւ”: Քույրս
ասում էր, թե հայրս ոչ մի նոր ներկայացում բաց չի թողել: Մեր տան գրքերի մեջ կար “Վերք
Հայաստանի” վեպի մի հին հրատարակություն, որ տեսել եմ հորս ձեռքին:
Քրոջս ասելով`հորս ու մորս միջև մի հակասություն
կար. մայրս շատ էր նկատողություն և դիտողություն անում զավակներին: Հայրս ասում էր.
-
Հայկանո՜ւշ, այդքան
մի միջամտիր, թող ինքնուրույն մեծանան:
Մայրս չեր համաձայնվում:
-
Երեխա են,
չեն հասկանում, ծնողները փորձ ունեն, պիտի ուղղություն տան:
Հայրս, քրոջս ասելով, մնում էր իր կարծիքին, բայց, վեճը չխորացնելու
նպատակով, ավելացնում էր.
-
Ինչ ասում
ես ասա, բայց որպես կարծիք ասա, իբրև մեծի խորհուրդ, բայց մի՜ արգելիր,
մի՜ սպառնա:
Եղավ ժամանակ,
երբ Աննան ու Մարտինը դասերը պատրաստելու փոխարեն ինչ-որ պրակներ էին կարդում. “Շերլոկ
Հոլմս”, “Նիկ Կարտեր”, “Նադ Պինկերտոն”: Պրակների հերոսները` Հոլմսը, Պինկերտոնը, Կարտերը
հետախույզներ էին, փառավորված ու մեծ անուն հանած, որոնք աննշան հետքերի օգնությամբ
հնարամիտ ու հնարագետ ձևերով խճճված ոճիրներ էին բացում և գտնում հանցագործին:
Կարդում էին կլանված:
Սկզբում կարդում էին ազատ, հետո կարդում էին մայրիկից ծածուկ:
Մայրս բարկանում էր.
-
Փոխանակ
դասական հեղինակներ կարդալու, տարվել են անլուրջ գրականությամբ, գլուխները լցնում են
ինչով պատահի:
Խոստացան չկարդալ,
բայց խոստացան միայն: Անցան ընդհատակյա “գործողության”: “Ռուս գրողներ” խորագրով մեծադիր
ու հաստափոր ժողովածու կար մեր տանը: Ձևացնում էին, թե դաս են կարդում: Մինչդեռ իրականում
այդ պրակները, որ մի տետրի հաստություն հազիվ ունեին, դնում էին նրա մեջ և իբր Պուշկին
կամ Լերմոնտով են կարդում:
Երևի հեշտ էր ասել`
մի՜ կարդա: Որքան հիշում եմ ամբողջ քաղաքն էր հափշտակված` պատանիներ,
երիտասարդներ, նույնիսկ մեծերը: Եղբայրս հերթագրվում էր, որ ձեռք բերի գրքույկներ և
միայն կարդալու համար ամեն մի պրակի դիմաց ինչ-որ գումար էր վճարում, որը գոյանում
էր դպրոցական նախաճաշիկի կոպեկներից:
Ամենքի ձեռքը չէին
ընկնում այդ պրակները: Եղբայրս իր ճարպկությամբ կարողանում էր գտնել ու տուն բերել:
Հետո նրանք իրենց կարդացածը պատմում էին ընկերներին: Ու եթե ես դրանց բովանդակությանը
քիչ թե շատ ծանոթ եմ` ապա այդ վերապատումներից:
Հատվածը Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий