Հուսիկ Արա «Ժաննա»



Անձրևը նախ տանիքին էր,
հետո իջնում էր պատուհանի ու պատի վրայով`
նոր միայն պառկում հողին:
Ձորից բարձրանում էր գետի խշշոցը
խառնվում
երկնքից կաթիլ-կաթիլ իջնողի հևքին,
հոսում թաց երակը
սենյակում պատսպարված մեր կրքի
և դառնում եռաձայն նվագ` ապրիլյան գիշերվա մեջ:
Ցտեսություն ասելիս միայն հիշեցի,
որ չեմ հարցրել անունդ.
- Ժաննա: Փափուկ է հնչում` ինչպես լույսի մարմին,
եթե շուտ իմանայի,
գեղեցկությունդ գրեթե կատարյալ կլիներ,
որ խմում էի ամեն պահ`
ինչպես վերջին անգամ տրվող բաժակ,
կում-կում` քո անսովոր, խաղից դուրս մատուցումով,
և շնորհակալություն ուղարկում ծնողներիդ,
որոնց չեմ էլ տեսնի երբեք:
Ժամանակի սահմանումը մեզ համար չէր.
խում էինք ու խումհար:
Աստծո անունն էլ տվեցինք.
դու հավատում էիր և վախենում
ոչ պակաս աստվածային մերկությանդ համար:
Հետո անձրևի միջով` կտրվող ու սկսվող
(երրորդ գիշերն էր),
քայլեցինք քաղաքամերձ գյուղը,
բայց այդպես էլ տունը չգտանք.
և այգիների կանաչի մեջ էինք` մերկ,
ինչպես առաջին մարդիկ էին դրախտի պարտեզում:
Դու նորից էիր փախել տնից
և ազատության միջով հասել ձեռքերիս.
ասում էիր. “Ես ավելին վերցրեցի, քան ստացար դու,
չզգացիր` առաջին գիշերը երկրաշարժ եղավ”:
Ժան, իմ անսովոր ազատություն` պատահական,
չմոռանաս քեզ հետ վերցնել
անձրևը, գետի խշշոցը
և մեր թաց կրքի երեք գիշերը,
որ այլևս քո աղոթքն են
և տեսած վերջին աստվածը:


Գերմաներեն թարգմանությունը կարդացեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև