Ամեն առավոտ կրպակի
մոտով անցնելիս նույն կնոջն եմ տեսնում, նա նստած մոտակա նստարանին թերթ է կարդում:
Այսօր մոտեցա, բարևեցի: Գեղեցիկ ժպիտ փայլեց դեմքին, բայց մի տեսակ զարմացավ` միթե
կա մեկը, ում ինքը դեռևս հետաքրքիր է… ես էլ ժպտացի` երևի…
Հետո ասացի, որ
միշտ տեսնում եմ իրեն` կրկին զարմացավ, ու մի տեսակ վատ զգաց, որ ես իրեն նկատում եմ,
իսկ ինքը` ոչ… հետո ասաց, որ քառասուն տարի մանկավարժ է եղել, միշտ գիրք է եղել ձեռքի
տակ ու նոր գրքեր, իսկ հիմա չկան, քանի որ թոշակով հազիվ կարողանում է ապրել ու ամեն
օրվա թերթերից մի երկուսը գնել… իսկ ահա մյուսները կարդում է ու կրկին վերադարձնում…
գրքեր ընդհանրապես չի կարողանում գնել, հակառակը, իր հին գրքերն է վաճառում… ապրելու
այլ միջոց երբեմն չի լինում... “Կկարդայի նոր գրողների գրքերից, եթե լինեին, բայց դե
հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում…”
Հարցնում եմ` իսկ թոշակառուներին որևէ զեղչ չկա թերթի կրպակներում
կամ գրախանութներում, ասում է` չէ, բալա ջան, ով է մեր մասին հիշում որ…
… ու նա պատմում էր, թե ոնց է ինքը թերթը ծայրից ծայր կարդում…
իսկ երբեմն, երբ գումար չի լինում նոր թերթ գնելու (թերևս, երբ թոշակները ուշացնում
են), նա հանում է իր գրապահարանի ամենավերջի անկյուններում դարսված գրքերից ու վերընթերցում
դրանք արդեն 10-րդ անգամ կամ ավելի…
Գիտես, բալես,-
ասաց նա ինձ,- կուրանում եմ առանց կարդալու…
կարդացող մարդը չի կարող չկարդալ… դա ոնց որ հաց լինի, ջուր լինի... ոնց կարող ես քաղցած
կամ ծարավ մնալ… չէ, լավ է մի բան քիչ ուտեմ, բայց մի թերթ վերցնեմ, կարդամ…
Իրոք, որքան լիքն
են այն մարդիկ, ովքեր կարդում են… նրանց հետ ժամերն աննկատ են անցնում, բայց տարիների խելամտություն է փոխանցվում ժամեր
տևող ու վայրկյաններ թվացող հանդիպման պահերին…
Երկար խոսեցինք,
հետո ես Նրան նկարեցի… խնդրեց, որ այդ լուսանկարը որևէ տեղ չհրապարակեմ, խոստացա, որ
այն միայն ինձ համար կպահեմ...
Комментариев нет:
Отправить комментарий