Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող
էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում:
Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի
օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք
մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին,
թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես Ֆրունզ,
ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից,
զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն,
դերասանություն, թատրոն, թատրոն… Խոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա,
կարծեմ, մեր կախարդական օրերից էր…
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում
եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում:
Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել:
Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապանում: Թող
ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար…
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին
սովոր մարդ…
Տարիներ անցան… նկարահանվում ենք “Մենք ենք մեր
սարերը” ֆիլմում: Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում
էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:
-
Հերն էլ
անիծած նկարահանումների, իջիր:
-
Ֆրունզ,
Հենրիկը սպասում է…
-
Հենրիկը
կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր…
Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց,
ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց. Սա հալվեց երջանկությունից ու սկսեց
թվել ճաշատեսակները…
-
Բեր… մի
խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:
-
Իշ՞նչ ենք անում,
երկուսով այսքանն ինչ ենք անելու:
-
Քու բանը
չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…
Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին
ու նորով, ապագայով համեմեցինք մեր խոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք
հազար անգամ…
Հատվածը Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий