Երևան


   Երևանը գտնվում է Արարարտյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում` երևանյան ամֆիթատրոնաձև գոգավորության վրա: Հնագույն քաղաք Երևանի մասին ժողովուրդը հյուսել է բազմաթիվ ավանդություններ: Ամենատարածվածը Նոյ նահապետի ու համաշխարհային ջրհեղեղի հետ կապված ավանդությունն է` ըստ որի ջրհեղեղից հետո Նոյը, տապանից դուրս գալով, ցամաք է տեսնում և բացականչում է` “Երև անդ”, այստեղից էլ` Երևան:
   Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 865-1390 մ միջև: Երևանից հյուսիս –արևմուտք քառագագաթ Արագածն է, հարավ- արևմուտքում աստվածաշնչյան Արարատը:
   Երևանը մոտ երեքհազարամյա պատմություն ունի, ականատեսն է իր ժողովրդի դարավոր պատմության: Օղակավոր բլուրներն ու լեռնաճյուղերը ամրոց են եղել Երևանի համար, Հրազդանը և նրա վտակ գետառը` ոռոգման ու խմելու ջրի աղբյուր:
   Երևանի տարածքը նախկինում ծածկված է եղել լճերով: Ջուրը, աստիճանաբար չորանալով, վերածվել է կավի, գիպսի և նստվածքային այլ շերտերի:
   Քաղաքի տարածքի հնագույն բնակավայրեր են եղել Շենգավիթը, Արին Բերդը, Կարմիր բլուրը և այլն:
   Երևանի տարածքում է գտնվում նաև Թեյշեբաինիի բերդաքաղաքը, որը հնագիտական, պատմական, ճարտարապետական հուշարձան է: Պեղված հնագիտական, դրամագիտական նյութերի վկայությամբ` Երևանը հազարամյակներ կանգուն և նշանավոր բնակավայր է եղել, որտեղ իրենց հետքն են թողել բոլոր հասարակարգերում ստեղծված տնտեսական, մշակութային կոթողները:
   Երևանի հիմնադրման մասին կան բազմաթիվ  վավերագրեր: Դրանցից մեկում` Արին Բերդի տարածքում  ուրարտական Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրության մեջ, հիշատակվում է. “Խալդ աստծու մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք` ի հզորություն Բիայնայի և ի ահաբեկում թշնամու երկրի”: Սրանով հաստատվում է, որ Երևանը (Էրեբունին) հիմնադրվել է մ.թ.ա. 782 –ին: Բերդաքաղաքը ամբողջովին մտնում էր Երևանի շրջագծի մեջ և դարձել է թանգարան: Պալատը, տաճարները, զինանոցները, պաշտպանական պարիսպը, ջրմուղը ուրարտական արվեստի հազվագյուտ նմուշներ են:
   Երևանը վարդագույն քաղաք են անվանում, քանի որ շենքերը հիմնականում վարդագույն տուֆից են: Քաղաքը հաճախ է տուժել բնական աղետներից` երկրաշարժեր, ջրհեղեղներ, կարկտահարություններ, որոնց հետևանքով ավերվել են եկեղեցիներ, բերդեր, ապարանքներ և այլն: Այն բազմիցս ավերվել է մոնղոլների, արաբների, թուրք- սելջուկների ասպատակություններից ու նորից շենացել:


«Հայրենագիտություն»
Ա. Գասպարյան, Ի Պռոշյան

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև