Հատված Ռուբինա Նազարյանի «Հետաքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց
մասին» գրքից
Աշնանային ցուրտ ու մռայլ օր էր: Միլանի կենտրոնական փողոցներից մեկով դանդաղ իջնում էր մի պատանի: Նա բարձրահասակ էր, շագանակագույն մազերով, տխուր, մոխրագույն աչքերով ու գունատ դեմքով: Աղքատիկ հագուստը չէր պաշտպանում ցրտից: Պատանին մրսում էր, սակայն ավելի տանջվում էր քաղցից: Ուտելու փող չուներ: Հասավ փողոցի անկյունը, որտեղ մի կին բոված շագանակներ էր վաճառում: Ախորժելի բուրմունքը տարածվել էր շուրջը: Այդ անուշ հոտից պատանու քաղցն ավելի սաստկացավ: Նա մի պահ կանգնեց կնոջ դիմաց, ապա շրջվեց ու շարունակեց քայլել: Կինը հավանաբար զգաց, որ տղան քաղցած է, բայց փող չունի:
- Տղա´ս, տղա´ս,- ձայնեց նա,- հե´տ դարձիր, բան ունեմ ասելու:
Պատանին մոտեցավ կնոջը:
- Ուզում եմ քեզ հյուրասիրել,- ասաց կինը,- դու ինձ շատ դուր եկար: Ապա գրպաններդ բա´ց:
Պատանին լուռ ենթարկվեց: Կինը շագանակներով լցրեց տղայի գրպանները, շոյեց նրա ուսը և մտերմաբար հրեց՝ դե գնա´:
Աշնանային մի օր Միլանի կենտրոնական փողոցներից մեկով դանդաղ ճեմում էր միջին տարիքի, բարձրահասակ, հաճելի արտաքինով մի տղամարդ՝ գավազանով և բարձրադիր գլխարկով: Հասնելով փողոցի անկյունը՝ նա տեսավ մի ծեր կնոջ, որ ցրտից դողալով բոված շագանակներ էր վաճառում: Տղամարդը մի պահ քարացած կանգնեց, ապա արագ մտավ մոտակա խանութը: Քիչ անց այնտեղից դուրս գալով՝ մոտեցավ կնոջը, փաթեթից հանեց բրդյա մի մեծ շալ և գցեց նրա ուսերին: Ապա թեթևակի գրկեց նրա ուսը, հետո դանդաղ հեռացավ:
Комментариев нет:
Отправить комментарий