Показаны сообщения с ярлыком Խոհեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոհեր. Показать все сообщения

ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ


Պարզվում է՝ հին աշխարհում էլ շատերը չէին ուզում գրքին փող տալ, այլ նախընտրում էին այն նվեր ստանալ (կամ վերցնել, կարդալ ու վերադարձնել): Նրանք հաճախ ձանձրացնում էին գրողներին՝ խնդրելով նրանց երկերը


Գրողներն էլ ոչ միշտ էին սիրում գիրք նվիրել կամ տալ կարդալու: Ուստի պնդերեսներին իրենց «տեղն էին դնում»՝ ուղարկելով գրավաճառի մոտ: Դրա խոսուն օրինակ է հռոմեացի բանաստեղծ Մարկուս Վալերիուս Մարտիալիսի (մ.թ. մոտ 40 – մոտ 103) հետևյալ էպիգրամը (IV.72).
Պահանջում ես ինձնից, Կվինտո՛ւս, որ գրքերս նվեր տամ քեզ.
Չունեմ, սակայն գրավաճառ Տրիփոնն ունի:
«Իզուր փո՞ղ տամ,– ասում ես դու,– խե՞նթ եմ՝ առնեմ երգերը քո.
Այդքան հիմար բան չեմ անի»: Իսկ ես կանե՞մ:
Թարգմ. Ա. Թ.

Exigis ut donem nostros tibi, Quinte, libellos.
Non habeo, sed habet bibliopola Tryphon.
"Aes dabo pro nugis et emam tua carmina sanus?
Non, inquis, faciam tam fatue." Nec ego.

Արամ Թոփչյանի ֆեյսբուքյան էջից


Վարպետի բացառիկ շնորհքը (Թագուհի Ասլանյանը Մհեր Մկրտչյանի մասին)

Թագուհի Ասլանյան


Մհեր Մկրտչյանը կյանքում մեծ հարստություն չկուտակեց. դրան չէր ձգտում նրա հոգին: Դրա փոխարեն նա վաստակեց հանդիսատեսի մեծ սերը, ընկերների ու հարևանների նվիրումը: Այդ մարդիկ այսօր էլ հիշում են Ֆրունզիկին ու գնահատում իրենց կյանքի այն պահերը, որ անցկացրել  են Վարպետի հետ: Իր սիրելի հարևանի մասին է պատմում Էլինար Շահենը, ում դերասանը բարձր էր գնահատում: Նրանց հարևանությունն ու բարեկամությունը շարունակվեց մինչև Ֆրունզիկի ողբերգական մահը:

-         Հետաքրքիր է, որ յուրաքանրչյուր հանճարեղ մարդ իր մեջ թաքնված մի հրաշք ունի: Դրանից զերծ չէր նաև Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա կարողանում էր կանխատեսել իր ու շրջապատի հետ կապված այն իրադարձությունները, որ պետք է կատարվեին թեկուզ մեկ րոպե հետո: Նրան ի վերուստ տրված շնորհքը` մի քիչ վերափոխված, փոխանցվել էր որդուն` Վահագնին, որը, եթե կենդանի լիներ այսօր և առողջ լիներ, ապա համոզված եմ, որ կհամալրեր հայ լավագույն նկարիչների շարքը, քանի որ շատ շնորհալի նկարիչ էր: Բացի իր այդ տաղանդից`Վահագնը օժտված էր դիմացինի մտքերը կարդալու կարողությամբ: Դա իմանալով` ես միշտ զգոն էի. աշխատում էի նրա ներկայությամբ առանձնապես որևէ բանի մասին չմտածել, քանի որ նա անմիջապես կարդում էր իմ մտքերը և հետո բարձրաձայն պատասխանում ինձ: Ես էլ սկզբում զարմանում էի, թե ինչ իմացավ այդ տղան, թե ես ինչի մասին էի մտածում:


Իսկ ինչ վերաբերվում է Վարպետի երկնատուր շնորհին, ապա դա նա անձամբ ի ցույց դրեց մեզ: Նրա ամենասարսափելի կանխատեսումը եղավ իր մահն ու թաղումը:
Դեկտեմբերի 28-ն էր` իր լավագույն ընկերոջ` Ազատ Շերենցի թաղման օրը: Վարպետն այնքան վատ էր, որ չկարողացավ անգամ մասնակցել ընկերոջ թաղմանը: Հենց այդ երեկո էլ Վարպետը վախճանվեց: Ես այդ օրն ասես երկրորդ անգամ կորցրեցի իմ հայրիկին:
   Շուտով նրա բնակարանում հավաքվեցին նրա բոլոր հարազատներն ու մտերիմները: Այն ժամանակ նրա դուստրը` Նունեն, դեռ կենդանի էր, և հենց նա էլ մեզ պատմեց, որ նախորդ օրը Մհերը գնացել էր աղջկա տուն և ասել, որ եկել է նրանց հրաժեշտ տալու: Նա թերևս զգացել էր, որ իր կյանքն ավարտվում է: “Ինձ թաղելու են ամենալավ օրը, երբ կանանց ձեռքերը խմորի մեջ կլինեն: Իմ շնորհիվ իմ ամբողջ թաղամասը երկու շաբաթ լույս կունենա. իմ մահով կլուսավորեմ հարևաններիս”: Եվ մանրամասն նկարագրել էր, որ իր դագաղը կդնեն Օպերայի և Բալետի շենքի երկրորդ հարկի սրահում: Կգա Լևոն Տեր- Պետրոսյանը և կկանգնի իր գլխավերևում: Բայց երկար չի կանգնի, քանի որ գյումրեցի մի կին` սև շորերով, կմոտենա նրան ու բարձրաձայն կբողոքի, այնպես որ նախագահն իր մարդկանց հետ կթողնի ու կհեռանա: Ու հետո իրեն կհանեն դուրս` Թումանյան փողոց, որ հասցնեն իր թատրոն, բայց ճանապարհին կփոշմանեն. “Մեր Ֆրունզին բա չտանե՞նք Պրոսպեկտով ներքև, և ուղղությունը կփոխեն դեպի Մաշտոցի պողոտա”:


   Վարպետի կանխատեսումներն իրականություն դարձան: Հրաժեշտի արարողությանը ես հարազատների հետ նստած էի, երբ Լևոն Տեր- Պետրոսյանը եկավ մեծ դերասանին հրաժեշտ տալու: Գյումրեցի մի կին մոտեցավ նախագահին ու ամոթանք տվեց, թե Ֆրունզը մեռնի, ամբողջ Գյումրին նրա թաղմանը ներկա լինելու հնարավորություն չունենա՞: Եվ ղեկավար կազմը հապշտապ թողեց ու հեռացավ: Իսկ երբ Վարպետին փողոց էին դուրս բերել, պատշգամբներից ալրոտ ձեռքերով կանայք դուրս էին եկել դերասանին հրաժեշտ տալու:


 Երբ Վարպետին արդեն Թումանյան փողոցով իջեցնում էին դեպի թատրոնի շենք, փոշմանեցին, և սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Մաշտոցի պողոտա: Էլ չեմ ասում այն մասին, որ նրա թաղմանը, ինչպես նաև հաջորդ մի քանի օրերին հայ ժողովուրդը “լուսավորվեց”. bոլորիս տներում շուրջօրյա լույս կար…

Շատ բարի էր, համառ` աշխատանքով, մարդասեր էր: Մհեր Մկրտչյան դեասանը և Մհեր Մկրտչյան մարդը նույն հանճարեղ անձնավորությունն էր. ամաչկոտ, հումորի մեծ զգացումով, անկեղծ, ինչ -որ տեղ` նաև միամիտ, բարեսիրտ ու հոգատար մարդն էր, որը միևնույն ժամանակ կարող էր ողբորգություն ապրել և ուրախությունից ցնծալ:  

Պարույր Սևակի վերջին հարցազրույցը


1971 թ. հունիսի 14-ին Հայաստանում գտնվող չեխ լրագրող Իրժի Սկոումալը (ճանաչված թանրգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայի ամուսինը) ուղևորվում է Չանախչի՝ հանդիպելու Պարույր Սևակին, նրան ձայնագրելու, ինչպես նաև «Անլռելի զանգակատան» գրական կոմպոզիցիայի չեխերեն տարբերակի ձայնագրությունը բանաստեղծին հանձնելու նպատակով: Անհնար էր պատկերացնել, որ այդ զրույցից երեք օր անց Սևակն այլևս ողջ չէր լինելու:
Պահպանվել է այդ կարճ հարցազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք անփոփոխ:

-
Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:

-
Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով` պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ` հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:

-
Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:

-
Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:

-
Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:

-
Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:

-
Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին

-
Վատ փո՞րձըԱնպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառք Աստծու, այնքան գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:

-
Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:

-
Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ինչ որ մտածել եմ, ինչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:

-
Ըստ Ձեզ, Պարույր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:

-
Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:

-
Ինչ-որ մեկն ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Իմ կարծիքով կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ` մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:

-
Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:


-
Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրներն իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին` ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա
:


ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև