Վարպետի բացառիկ շնորհքը (Թագուհի Ասլանյանը Մհեր Մկրտչյանի մասին)

Թագուհի Ասլանյան


Մհեր Մկրտչյանը կյանքում մեծ հարստություն չկուտակեց. դրան չէր ձգտում նրա հոգին: Դրա փոխարեն նա վաստակեց հանդիսատեսի մեծ սերը, ընկերների ու հարևանների նվիրումը: Այդ մարդիկ այսօր էլ հիշում են Ֆրունզիկին ու գնահատում իրենց կյանքի այն պահերը, որ անցկացրել  են Վարպետի հետ: Իր սիրելի հարևանի մասին է պատմում Էլինար Շահենը, ում դերասանը բարձր էր գնահատում: Նրանց հարևանությունն ու բարեկամությունը շարունակվեց մինչև Ֆրունզիկի ողբերգական մահը:

-         Հետաքրքիր է, որ յուրաքանրչյուր հանճարեղ մարդ իր մեջ թաքնված մի հրաշք ունի: Դրանից զերծ չէր նաև Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա կարողանում էր կանխատեսել իր ու շրջապատի հետ կապված այն իրադարձությունները, որ պետք է կատարվեին թեկուզ մեկ րոպե հետո: Նրան ի վերուստ տրված շնորհքը` մի քիչ վերափոխված, փոխանցվել էր որդուն` Վահագնին, որը, եթե կենդանի լիներ այսօր և առողջ լիներ, ապա համոզված եմ, որ կհամալրեր հայ լավագույն նկարիչների շարքը, քանի որ շատ շնորհալի նկարիչ էր: Բացի իր այդ տաղանդից`Վահագնը օժտված էր դիմացինի մտքերը կարդալու կարողությամբ: Դա իմանալով` ես միշտ զգոն էի. աշխատում էի նրա ներկայությամբ առանձնապես որևէ բանի մասին չմտածել, քանի որ նա անմիջապես կարդում էր իմ մտքերը և հետո բարձրաձայն պատասխանում ինձ: Ես էլ սկզբում զարմանում էի, թե ինչ իմացավ այդ տղան, թե ես ինչի մասին էի մտածում:


Իսկ ինչ վերաբերվում է Վարպետի երկնատուր շնորհին, ապա դա նա անձամբ ի ցույց դրեց մեզ: Նրա ամենասարսափելի կանխատեսումը եղավ իր մահն ու թաղումը:
Դեկտեմբերի 28-ն էր` իր լավագույն ընկերոջ` Ազատ Շերենցի թաղման օրը: Վարպետն այնքան վատ էր, որ չկարողացավ անգամ մասնակցել ընկերոջ թաղմանը: Հենց այդ երեկո էլ Վարպետը վախճանվեց: Ես այդ օրն ասես երկրորդ անգամ կորցրեցի իմ հայրիկին:
   Շուտով նրա բնակարանում հավաքվեցին նրա բոլոր հարազատներն ու մտերիմները: Այն ժամանակ նրա դուստրը` Նունեն, դեռ կենդանի էր, և հենց նա էլ մեզ պատմեց, որ նախորդ օրը Մհերը գնացել էր աղջկա տուն և ասել, որ եկել է նրանց հրաժեշտ տալու: Նա թերևս զգացել էր, որ իր կյանքն ավարտվում է: “Ինձ թաղելու են ամենալավ օրը, երբ կանանց ձեռքերը խմորի մեջ կլինեն: Իմ շնորհիվ իմ ամբողջ թաղամասը երկու շաբաթ լույս կունենա. իմ մահով կլուսավորեմ հարևաններիս”: Եվ մանրամասն նկարագրել էր, որ իր դագաղը կդնեն Օպերայի և Բալետի շենքի երկրորդ հարկի սրահում: Կգա Լևոն Տեր- Պետրոսյանը և կկանգնի իր գլխավերևում: Բայց երկար չի կանգնի, քանի որ գյումրեցի մի կին` սև շորերով, կմոտենա նրան ու բարձրաձայն կբողոքի, այնպես որ նախագահն իր մարդկանց հետ կթողնի ու կհեռանա: Ու հետո իրեն կհանեն դուրս` Թումանյան փողոց, որ հասցնեն իր թատրոն, բայց ճանապարհին կփոշմանեն. “Մեր Ֆրունզին բա չտանե՞նք Պրոսպեկտով ներքև, և ուղղությունը կփոխեն դեպի Մաշտոցի պողոտա”:


   Վարպետի կանխատեսումներն իրականություն դարձան: Հրաժեշտի արարողությանը ես հարազատների հետ նստած էի, երբ Լևոն Տեր- Պետրոսյանը եկավ մեծ դերասանին հրաժեշտ տալու: Գյումրեցի մի կին մոտեցավ նախագահին ու ամոթանք տվեց, թե Ֆրունզը մեռնի, ամբողջ Գյումրին նրա թաղմանը ներկա լինելու հնարավորություն չունենա՞: Եվ ղեկավար կազմը հապշտապ թողեց ու հեռացավ: Իսկ երբ Վարպետին փողոց էին դուրս բերել, պատշգամբներից ալրոտ ձեռքերով կանայք դուրս էին եկել դերասանին հրաժեշտ տալու:


 Երբ Վարպետին արդեն Թումանյան փողոցով իջեցնում էին դեպի թատրոնի շենք, փոշմանեցին, և սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Մաշտոցի պողոտա: Էլ չեմ ասում այն մասին, որ նրա թաղմանը, ինչպես նաև հաջորդ մի քանի օրերին հայ ժողովուրդը “լուսավորվեց”. bոլորիս տներում շուրջօրյա լույս կար…

Շատ բարի էր, համառ` աշխատանքով, մարդասեր էր: Մհեր Մկրտչյան դեասանը և Մհեր Մկրտչյան մարդը նույն հանճարեղ անձնավորությունն էր. ամաչկոտ, հումորի մեծ զգացումով, անկեղծ, ինչ -որ տեղ` նաև միամիտ, բարեսիրտ ու հոգատար մարդն էր, որը միևնույն ժամանակ կարող էր ողբորգություն ապրել և ուրախությունից ցնծալ:  

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև