Եզոպոսի առակներից


Մարդասպանը
   Մի մարդ սպանություն գործեց, և սպանվածի հարազատներն ընկան նրա հետևից: Նա փախավ դեպի Նեղոս, բայց այնտեղ հանդիպեց գայլին: Սարսափած բարձրացավ գետաբերանին կախված ծառը և թաքնվեց, բայց տեսավ ծառից ճոճվող օձին: Նետվեց ջուրը, բայց այստեղ էլ կոկորդիլոսը դարանեց ու խժռեց նրան:
   Առակս ցուցանե, որ հանցագործությամբ արատավորված մարդուն չի պատսպարում ո՜չ հողը, ո՜չ օդը և ո՜չ էլ ջուրը:



Կույրը
   Մի կույր մարդ կարողանում էր շոշափելով ճանաչել իր ձեռքը տված ամեն կենդանու: Եվ ահա միանգամ նրա ձեռքը տվեցին գայլի ձագին:Նա շոշափեց և մտածկոտ ասաց. «Չգիտեմ` ինչի ձագ է, գայլի՞, աղվեսի՞, թե դրանց նման մի այլ կենդանու, բայց միայն մի բան գիտեմ` ոչխարի հոտի մեջ չթողնեք նրան»:
   Այդպես էլ վատ մարդկանց բնույթը հաճախ երևում է նաև արտաքինից:


Աստղագուշակը
   Մի աստղագուշակ սովորություն էր դարձրել ամեն երեկո տնից դուրս գալ և աստղերին նայել: Եվ ահա մի անգամ հանգիստ զբոսնելով քաղաքի ծայրամասում, մտքով ամբողջովին երկինք սլացած, հանկարծ ընկավ ջրհորը: Այստեղ նա լաց ու կոծ դրեց, և մարդու մեկը, լսելով նրա վայնասունը, գլխի ընկավ, թե ինչ է կատարվել և ասաց նրան. «Ա՜յ հորդ ողորմի, դու ուզում ես տեսնել, թե ի՜նչ է կատարվում երկնքում, այնինչ գետնի վրա եղածը չես տեսնում»:
   Առակս կարելի է վերագրել հրաշքներով պարծեցող մարդկանց, որոնք ի վիճակի չեն կատարելու նույնիսկ այն, ինչ անում է ամեն ոք:


Եզներն ու սռնին
   Եզները քաշում էին սայլը, իսկ սռնին ճռռում ու ճռռում էր: Նրանք շուռ եկան ու ասացին. “Ա՜յ սռնի, ամբողջ ծանրությունը մենք ենք տանում, իսկ տնքացողը դո՞ւ ես”:
   Այդպես էլ որոշ մարդիկ, ուրիշներն աշխատում են, իսկ նրանք ցույց են տալիս, թե տանջվում են:


Կրիան ու արծիվը
   Կրիան արծվին երկնքում տեսավ, և ինքն էլ ցանկացավ թռչել: Նա արծվին խնդրեց՝ ինչ գնով էլ լինի, իրեն էլ թռչել սովորեցնի: Արծիվն ասաց, որ դա անհնար բան է, բայց կրիան համառեց ու թախանձեց: Արծիվն ստիպված նրան բարձրացրեց երկինք և այնտեղից բաց թողեց մի ժայռի վրա: Կրիան ջախջախվեց, կտոր-կտոր եղավ ու շունչը փչեց:
   Առակն այն մասին է, որ շատ մարդիկ, մրցակցելու ծարավով տարված, չեն լսում խելացի խորհուրդը և իրենք իրենց կործանում են:


Գյուղացին ու իր որդիները
   Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրեցին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
      Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:


Փորոտիք ուտող տղան
   Մարդիկ դաշտում մի եզ մատաղ արին աստվածներին և հարևաններին կանչեցին հյուրասիրվելու: Հյուրերի մեջ էր նաև մի աղքատ կին` իր որդու հետ: Կերուխումը երկարեց, և տղան այնքան կերավ ու խմեց, որ փորը ցավեց: “Մայրի՛կ, փորոտիքը բերնիցս դուրս է գալիս”,- գոռաց նա ցավից: Եվ մայրն ասաց. “Այդ քո՜ փորոտիքը չէ, զավակս, այլ այն մյուսը, որ կերար”:
   Առակս վերաբերում է այն մարդուն, որ հաճույքով պարտք է վերցնում ուրիշից, իսկ պարտքը տալու ժամանակ այնպես է տանջվում, որ կարծես իր սեփական փողն է տալիս:


Աքիսն ու Աֆրոդիտեն
   Աքիսը սիրահարվեց մի գեղեցիկ պատանու և Աֆրոդիտեին խնդրեց, որ իրեն կին դարձնի: Աֆրոդիտեն խղճահարվեց նրա տառապանքներից ու աքիսին դարձրեց գեղեցիկ մի աղջիկ: Պատանին առաջին հայացքից այնպես սիրահարվեց նրան, որ անմիջապես տուն տարավ: Եվ ահա, երբ նրանք ննջասենյակում էին, Աֆրոդիտեն կամեցավ իմանալ, թե արդյոք մարմնի հետ միասին փոխվե՞լ է նաև աքիսի բնույթը, և ննջասենյակի կենտրոնում բաց թողեց մի մուկ: Աքիսը, մոռանալով, թե որտեղ է ինքը, և ով է, անկողնուց ուղղակի վեր ցատկեց մկան վրա` խժռելու: Աստվածուհին բարկացավ և նրան վերադարձրեց իր հին տեսքը:
  Ի բնե վատ մարդիկ ինչպես էլ կերպարանափոխվեն, միևնույնն է, իրենց բնույթը չեն կարող փոխել:


Ձկնորսն ու ձկնիկը
   Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:
   Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:


Պոչատ աղվեսը
   Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:
   Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մաքուր սրտով, այլ սեփական օգտի համար:


Աղվեսն ու խաղողը
   Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:
   Այդպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:


Աղվեսն ու կոկորդիլոսը
   Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:
   Այդպես իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին:

Տռզած աղվեսը
Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:
   Առակս ցուցանե, որ դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանոմ են:


Աղվեսն ու դիմակը
   Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:
   Առակս վերաբերում է այն մարդուն, որ փառահեղ մարմին ունի, բայց հոգին դատարկ է:

Ժլատը
   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
   
Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ:


2 комментария:

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև