Եզոպոս, Մ. թ. ա. VI դար


Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշորագույն 
դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի 
զարգացումը:
Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից

Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է. Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ Քսանթոսը հարցնում է, թե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստել, Եզոպոսը պատասխանում է.
Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բան, քան լեզուն: Մի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունը, գիտական միտքը, օրենքները. մեր կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա:
Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտում: Հաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստել, բայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանը: Եզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստում: Քսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:
Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:
Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում: Լեզուն է բոլոր երկպառակությունների, գժտությունների և պատերազմների պատճառը,– պատասխանում է Եզոպոսը: Սեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:

   Իր առակներում Եզոպոսը ծաղրել է անտիկ աշխարհի բարոյականությունը և բարքերը, կենդանիների կյանքից բերված օրինակներով նշավակել մարդկային արատներն ու մոլորությունները: Նրա առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն: Այդ առակներով հիացել ու դրանք հանգավորել է Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Սոկրատեսը
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք
   Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջեզոպոսյան լեզուն” վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև