Մեր առաջին հանդիպմանը Չարենցն ինձ վրա թողեց ժամանակի
մեծ խնդիրներով ապրող խանդավառ պատանու տպավորություն, որ ձգտում էր հասու լինել աշխարհի
գաղտնիքներին, որ ամբողջ սրտով սիրում էր գեղեցիկը կյանքում: Իսկ նրա համար գեղեցիկի
հիմքում ժողովուրդն էր` իր լավագույն երազանքներով:
Չարենցն օժտված էր ստեղծագործական բարձր շիկացման
հասնելու աներևակայելի ուժով: Նա ոգևորվում էր ինքնամոռացության աստիճանի և վհատվում`
խոր հուսախաբության հասնելով: <...>:
Չարենցի մեջ ինձ առանձնապես դուր էր գալիս նրա խանդավառ հայրենասիրությունը,
արվեստը նուրբ ու խոր ընկալելու նրա ունակությունը: Նա գեղանկարչության պատմությունը
գիտեր մասնագետի նման և, որ առանձնապես կարևոր է, զգում էր գեղանկարչությունը` դա նրա
վեցերորդ զգայարանն էր:
Ու թերևս այդ ամենն էր պատճառը, որ դեռևս
1923-ին ես Չարենցի դիմանկարն արեցի: Նկարի համար ֆոն ծառայող կապույտ թաշկինակի վրա
կախեցի իմ սիրած եգիպտական դիմակը: Դժվարանում եմ ասել, թե ինչու Չարենցի հետ կողք-կողքի
նկարեցի դարերի խորքից եկող այդ դիմակը:
Հաճախ արվեստագետը, ներքին խոյանքին ենթարկվելով,
ստեղծագործության մեջ ներդնում է մինչև վերջ չգիտակցված և չմտածված մի բովանդակություն,
որը բացահայտվում է տարիների հետ միայն: Կարևորն այն է, որ եգիպտական դիմակը Չարենցին
էլ դուր եկավ: Ըստ երևույթին, հին եգիպտական
արվեստի այդ բարձրագույն նվաճման մեջ, ինչպես կիզակետում, համընկան մեր գեղարվեստական
ճաշակները: Դիմակի աչքերը, որոնց մեջ հավերժի պաղությունն էր արտացոլվում, հակադրվելով
Չարենցի կենդանի, իմաստուն աչքերի հետ` շեշտում էին դրանց անխորությունը:
Մեկ տարի անց այդ դիմակները ներկայացվեց Վենետիկի
համաշխարհային ցուցահանդեսում, իսկ հետագայում Չարենցն այն օգտագործեց իբրև բանաստեղծությունների
իր գրքի ֆրոնտիսպիս:
Չարենցը մեր մշակույթի այն գործիչներից է, որոնց
բնատուր հանճարը զուգորդվում է ժամանակի սուր զգացողության, մեծ էրուդիցիայի և արտիստական
հազվագյուտ ճաշակի հետ: Տարիների ընթացքում այդ ունակություններն արտակարգ արագությամբ
խորանում էին, զարգանում և իրենց մարմնավորումն ստանում նրա պոեզիայում: (I, 215):
Комментариев нет:
Отправить комментарий