Երբ ասում են դերասանական մեծ արվեստ, ես անմիջապես
պատկերացնում եմ Փափազյանին: Ավելին, նրա անվամբ ամփոփվում է թատրոն հասկացողությունը`
նախապատմական շրջանից սկսած մինչև մեր օրերի իր բովանդակությամբ: Եվ նախ և առաջ Շեքսպիր,
ու մեծ մասամբ` Շեքսպիր: Ու պատահական չէ, որ այդ զարմանալի հայը, այդ զարմանալի մարդը
կենդանության օրոք արդեն լեգենդ է դարձել: Չեմ տեսել մեկին, որի դեմքը Վահրամ Փափազյանի
մասին խոսելիս չստանա նախ միստիկական, ապա նոր միայն հպարտության, սիրո և հրճվանքի
արտահայտություն:
Փափազյանը ծնունդով այն երջանիկ մահկանացուներից
է, որին ազգը բաժին է հանել իր հանճարի ամենաառողջ սերմը<...>: Պոլսում է ձևավորվել նա, Ադամյանի, Դուրյանի,
Պարոնյանի, Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի և մյուսների Պոլսում: Ինքն էլ այժմ նրանցից
մեկն է` վերջինը, և մասունքի պես պաշտելի է մեր ժողովրդի համար...
Վահրամին առաջին անգամ տեսել եմ 1920-ական թվականների
սկզբին, Սունդուկյանի թատրոնի բեմի վրա: Եվ հենց առաջին հանդիպումից էլ ինձ հիացրել
է նրա պրոֆեսիոնալիզմը: Արհեստը չէ`պրոֆեսիոնալիզմը, այն մեծ բանը, որը շատ քչերին
է հաջողվում ձեռք բերել: Եվ այդ տեսակետից ո՞վ կարող է մրցել նրա հետ: Գոնե իմ տեսած արտիստներից
և ոչ մեկը:
Փափազյանը սովորել է ոչ միայն իր սքանչելի դերասան-ուսուցիչներից,
բոլոր ժամանակաների դասական գրողներից, այլև վրձնի ու բրիչի հանճարեղ վարպետներից:
Դա հայտնության նման մի բան է: Փափազյանի նույնիսկ ամենամոլեգին շարժման յուրաքանչյուր
ակնթարթում սուր աչքը կարող է նկատել հելլեն քանդակագործության ավարտուն, հաշվարկված
պլաստիկությունը: Իսկ նրա ստեղծած կերպարների հոգեկան ամեն մի աննշմարելի զեղման մեջ
դժվար չէ տեսնել Ռենեսանսի վարպետների կերտած կերպարների խոր մարդկայնության ու անխորտակելի
հզորության ցոլացումը:
Եվ այդ ամենը Փափազյանի արվեստում դրսևորվում է
հայացքի մի ապրումով, ռոսլինյան ու տրդատյան աշխարհայացքով...
Շեքսպիրը մեզ համար երբեք չի եղել սոսկ մշակութային
շփման երևույթ: Մեր ժողովուրդը ուղղակի որդեգրել է նրան, որովհետև ի դեմս նրա անմահ
երկերի գտել է կենաց ու մահվան պայքարով, կործանարար փոթորիկներով, ճակատագրական բախումներով
լի իր կենսագրությունը արտացոլելու ևս մի միջոց: Որդեգրել է, որովհետև նրա գործերը
նույնպես հնարավորություն են տվել արտահայտելու իր սրբազան իդեալները, անմահանալու
համառ ձգտումը, ամենադաժան պայմաններում անգամ մաքուր և ազնիվ մնալու իր ապշեցուցիչ
կարողությունը: Եվ Փափազյանը եղավ մեր ժողովրդի այն հանճարեղ զավակը, որը փոխարինեց
Ադամյանին և աշխարհի բեմերի վրա բարձրացրեց հայկական Շեքսպիրը` ազգային ու համամարդկային:
Եղավ այն մարդը, որը Շեքսպիրը դարձրեց իր ժողովրդի պատմության ու հոգու հայելին` սրանով
իսկ անգլիացիներին ու աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին ցույց տալով դրամատուրգի
բոլորովին ինքնատիպ մեկնությունը:
Ինձ թվում է, թե 1924 թվականին արածս դիմանկարում
բացահայտել եմ այդ մարդու արտաքին ու ներքին արժանիքները: (I, 230):
Комментариев нет:
Отправить комментарий