ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ՍԻՆՅՈՐ ՄԱՐՏԻՐՈՍԸ


Աղասի Այվազյանի գրքերից մեկը կոչվում է ,,Օբյեկտիվ,,: Այդ գրքի հերոսը կինոն է`իր սովորական կենցաղով ու միշտ արտասովոր հմայքով: Իհարկե, կինոն օբյեկտիվի միջոցով է վերարտադրում աշխարհը, բայց միայն սուբյեկտիվ հայացքն է դարձնում նրան արվեստ: Ավելի ստույգ`կինոխցիկի ամենատես աչքը կույր է, եթե չկա հեղինակի անկրկնելի անհատականությունը և միայն իրեն հատուկ տեսիլք:

Աղասի Այվազյանի գրականությունն ու կինոն, - գումարենք նաև թատրոնը, որը բնական կյանքով ապրում է նույնիսկ նրա պատմվածքներում ու տալիս լրացուցիչ ձգողականություն, -ներթափանցված են մեզ մի նոր տեսողություն ավելացնելու կարողությամբ, որի շնորհիվ մենք հայտնաբերում ենք մեր շուրջն ու մեր մեջ թաքնված անսպասելին:

Մեր կինոն շատ է սնվել Աղասի Այվազյանից: Նախ`նրա սցենարներից: Ի վերջո, մեր կինոյի գեղարվեստական խորհրդանիշներից մեկը ,,Եռանկյունի,, ֆիլմն է, որը քառասուն տարուց ավելի աշխատում է մեր գիտակցության մեջ: Մեզանից ամեն մեկը, հոգետեղափոխության օրենքով, կարծես թե դառնում է այդ ֆիլմի կենտրոնաձիգ տարածության բնակիչ`վեցերորդը հինգ դարբիններից, և հաղորդակցվում մարդկային հիմնավոր ճշմարտությունների հետ, որոնք միաժամանակ գեղեցիկ են`իրենց անխարդախ պարզությամբ: Արդյո՞ք այդ փոքրիկ դարբնոցը մեր ժողովրդի խորհրդանիշը չէ`խտացված վարպետ-Մկրտիչների ու նրանց մասին պատմող պատանյակի մեջ: Հրաշալի մի ֆիլմ, իր ձևի մեջ մաքուր ու կատարյալ, որտեղ Աղասի Այվազյանն ու Հենրիկ Մալյանը հայերիս այդքան բնորոշ ներդաշնակության կարոտը,`մարդկային ու համազգային ներդաշնակության, որը մենք, իհարկե, չունենք, բաց որն իդեալ է ու բալասան: Ինչ խոսք, իդեալները երբեք չեն իրականանում ամբողջապես, իսկ մեր այս օգտապաշտական դարամթնոլոտում հարուցում են նույնիսկ քմծիծաղ, բայց միշտ էլ առաջ են մղում մարդուն: Մանավանդ որ դրանց կողմնացույցը ... բարոյական է:

Տասնհինգից ավելի սցենար է գրել Աղասի Այվազյանը հայկական կինոյի համար: Իսկ հետո, ութսունականներից սկսած, ինքը նկարահանել: Իմ տպավորությամբ, նրա ֆիլմերից հատկապես երկուսը`,,Լիրիկական երթն,, ու ,,Վառած լապտերը,, , ,,հեղինակային կինո,, կոչված երևույթի լավագույն դրսևորումներն են մեր խաղարկային կինոարվեստում, եթե պայմանականորեն զանց առնենք միանգամայն անհամեմատելի բացառությունը`,,Նռան գույնը,,: Եվ դա շոշափելիորեն նկատելի է արդեն որոշակի ժամանակային տարածությունից, որովհետև 90 - ականների և հետագա տարիների հայկական կինոն այդ հասկացությունը համարյա թե չարաշահել է`շատ դեպքերում դարձնելով ինքնանպատակ: Եթե սցենարը ինքդ ես շարադրել ու ինքդ էլ լավ թե վատ նկարահանել, ուրեմն`անպայման ,,հեղինակայի՞ն,,: Մինչդեռ այդ տեսակի կինոն ծնունդ է առնում բացարձակապես ինքնուրույն ասելիքից և ինքնուրույն գեղարվեստական լեզվից:

Արտիստիկ կինեմատոգրաֆ. ահա, երևի, Աղասի Այվազյանի ռեժիսորական ձեռագրի բնորոշումը: Ֆիլմեր, որոնց լեզուն մարդկային է ու փիլիսոփայական: Իսկ ինքը`դրանց հեղինակը, ճիշտ իր գրական հերոսի`սինյոր Մարտիրոսի նման, ով կյանքի առօրյա պարադոքսների մեջ փնտրում էր հոգևոր ճանապարհ:

Հ.Գ. Այս տեքստը ,,Այվազյանական ընթերցումներ,, գրքում 2008 թվ. տպագրված հոդվածից է, իսկ սեպտ. 7 - ը` Աղասի Այվազյանի ծննդյան օր:

Հոդվածի աղբյուրը՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև