Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

   Չարենցը լեգենդ էր:

   Ի՞նչ գրես լեգենդի մասին:
   Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդնշումն...
   Ո՞վ գիտե...
   Ա՜յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ, որ նկարել եմ նրան:
   Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են:
   Բայց դիմակով Չարենցը նկարել եմ պաշտոնականպայմաններում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով` մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի ներկապնակս մաքրել, վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին.
-         Ա՜յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատել կլինի՞:
-         Այնքան էլ արագ չէր:
-         Չէ՜,  չէ՜, ինչ ես ասում: Այսինքն` ես էլ ոչինչ:-  Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց:- Ասենք, մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է:
   Բարեբախտաբար, հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս` մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե` “Լավն է, չէ՞,  մեր փողոցը. ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հը՞, ի՞նչ կասես”: “Այդպես է,- ասում եմ,- իսկ ե՞րբ եք սկսում աշխատել”:
- Վաղը, հե՜նց վաղը: Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

   Հաջորդ օրը գնում եմ: Տանը, բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, ներկապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից- դենից:  Աշխատում եմ տրամադրությունը ցրել` չի ստացվում: Նայում եմ դեմքին` ի՜նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
              - Ինչո՞ւ,- հարցնում է զարմացած:
              - Չգիտեմ, վաղը գա՞մ:
   Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

-         Ոչինչ,- ասում եմ,- գործդ վերցրու հետդ ու արի տուն:  Դու կաշխատես, ես էլ կամաց- կամաց կքսմսեմ`գուցե մի բան դուրս գա:
   Լսում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից- վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում,  նրա գրասեղանից երկու- երեք քայլ հեռու` համր ու անտարբեր...
   Լուսիկը արագ-արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. “Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է, կնեղանաև այլն, և այլն: “Հա՜ , հա՜,  երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա է”: Եվ  իսկապես երախա էր, մեծ երախա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:
    Հաջորդ օրը, տնից դուրս եմ գալիս, մտածելով`տեսնես փորձս արդյունք տվե՞լ է:
   …Դուռը բացում է ինքը: Ա՜յ, սա հասկանալի է` տնեցիք է՜լ տանն են, Չարենցն էլ Չարենցն է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՜չ պատկերակալը, ո՜չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը, ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: Մազերը` սև, փոքր ինչ ալիքավոր, խիտ ու ճակատին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը` հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:
   Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա…
   Դիմանկարչի իմ սովորությանը համաձայն, խոսեցնում եմ, որ չձանձրանա, չկորցնի ակտիվությունը: Խոսեցնում եմ իրեն հուզող թեմաների շուրջ:
-         Ինտուիցիա՞ն` մեծ բան է: Բնազդն է՜լ, արյունն է՜լ: Առանց դրանց ի՞նչ արվեստ, ի՞նչ գիտություն: Ի՞նչ մարդկություն: Եվ ինչքա՛ն էլ առեղծվածային են: Տեսնես` ե՞րբ պիտի կարողանանք մեր համալսարանում բազա ստեղծել ու խելոք ջահելներին մղել այդպիսի հարցերի ուսումնասիրության: Ա՜յ, գերմանացիները էքսպերիմենտալ էսթետիկայի ու հոգեբանության մի քանի օջախներ ունեն: Եվ բավականին լուրջ աշխատանք են տանում, շատ մեծ արդյունքների են հասել: Ոչի՛նչ, մենք էլ կանենք: Պիտի լավ մտածել ու ելքեր գտնել:
   … Ու երազում էր Չարենցը,  մտահոգվում, ափսոսում, պայծառանում, հույսը շողում էր դեմքին:
   Դիմանկարը դուր եկավ թե՜ իրեն, թե՜ ինձ:


-         Մեկ էլ մի քանի տարի հետո այսպես հիմնավոր կնկարես,- ասաց:- Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ:- Եվ գերմաներեն մի բանաստեղծություն արտասանեց:-Ծերության և իմաստության մասին է: Շնորհքով մարդիկ են գերմանացիները` Գյոթե ունեն, Դյուրեր: Ո՞ր մեկն ասես: Մեր մեծերն էլ շատ են ու շատ էլ մեծ են: Էլի կունենանք:

   Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակներն իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով` կնշեմ առհասարակ դիմակի իմ “կոնցեպցիայի” մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր արվեստագետներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: Կարծում եմ, այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը “կարդալու” համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև