Որտեղի՞ց է գալիս
Չարենցը:
Մարդիկ կան, որ
գտնում են, որ Չարենցը գալիս է Մայակովսկուց, առանց հաշվի առնելու այն վիթխարի գրական
ժառանգությունը, որ թողել է նա, որտեղ շատ բան ոչ մի կապ չունի Մայակովսկու հետ:
Ուրիշները թեթև
ձեռքով Չարենցին կապում էին Տերյանի հետ, գնալով հեշտ դիմադրության:
Չարենցը մեր պոեզիայում
Տերյանի շարունակությունն է, սա կասկածից դուրս է, բայց որքա՜ն գետեր ու առուներ է
ընդունել այս սըրընթաց և արագահոս գետը, որ վերածվեց մեծ ջրվեժի:
Չարենցը հանրագումար
է արևելահայ և արևմտահայ պոեզիայի լավագույն տրադիցիաների, գումարած Պուշկինի և Մայակովսկու,
Բալմոնտի, Բրյուսովի, Բլոկի տրադիցիաները:
Այս ամենով հանդերձ
Չարենցը Չարենց է, շեշտված գրական մեծ անհատականություն, էպոխայի նշանավոր երևույթ:
Հնարավոր է սովետահայ
գրականությունը պատկերացնել առանց այս կամ այն պոետի, սակայն առանց Եղիշե Չարենցի-
երբե՛ք:
Չարենցը սովետահայ ժողովրդի հպարտությունն է:
Թե՛ կարմիր գծից
դուրս և թե՛ կարմիր գծից ներս հակառակորդներ շատ է ունեցել Չարենցը, բայց նրանցից և
ոչ մեկը չի համարձակվել ժխտել Չարենցի մեծությունը:
Նա մեծ էր իր մոլորությունների
մեջ անգամ:
Որպես մարդ բարդ
էր նա, հակասություններով լեցուն, սակայն մի խնդրում ուղղված էր ու նպատակասլաց.- նրա
համար ամեն բանից բարձր սովետահայ գրականության շահերն էին: Գաղտնիք չէ, որ մասնավորապես
30- ական թվականներին լավ հարաբերություններ չուներ Զարյանի հետ, բայց երբ լույս տեսավ
վերջինիս «Ռուշանի քարափը», նա հրապարակային դասախոսություն կարդաց և ողջունեց այդ
գործը:
Այդպես էր նա:
Հայտնի է, որ
20-21 թվերին նա ժխտողական դիրք բռնեց Տերյանի հանդեպ: Շուտ հասկացավ իր սխալը, արագ
ուղղեց…
Որտեղի՞ց է գալիս
և ո՞ւր է գնում… Բայց այս հարցին նա պատասխանել է երկու տողով.-
… Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր Ապագան…
Երեսունյոթ տարի
առաջ, 1920 թվականին, այսպես է պատասխանել Չարենցը այս հարցին:
Եվ ճիշտ է պատասխանել:
1957 թ.
Գուրգեն Մահարի
«Չարենց – նամե(հուշեր, հոդվածներ)»
Комментариев нет:
Отправить комментарий