Գետնանցումը
մի պահ բաժանեց ինձ արտաքին աշխարհից, փողոցի եռուզեռից, անծանոթ մարդկանցից… Ես գիտեի,
ուր եմ գնում և գնում էի` կարոտի ծանր բեռը կրելով սրտումս: Ուժ էի փնտրում հոգուս
փշրված բարձունքներում, բայց կարոտը` հայրենիքի ու տան, ընկերների ու ծնողների, մարդկանց,
ժողովրդի… ու բնության, ավելի ուժգին էր, ավելի խրոխտ ու գոռ, քան իմ անէացած գիտակցությունս,
որ ճախրում էր ռուս հասարակության մթնոլորտում` կորսվելով ամեն մի անծանոթ հայացքի,
անհայկական աչքերի մեջ: Ուղեղս բթացած էր այնքան, որ փոխադարձ “բարևը” հայերենով` մեր
լեզվով, ինձ անիրական թվաց: Երբ հայացքներս հանդիպեցին, ես նաիրցու աչքեր տեսա: Ու
ինձ թվաց` աշխարհ եմ գտել` աշխարհի մեջ, Հայաստան` հեռավոր ու օտար երկրի մի փոքրիկ
ու գողտրիկ անկյունում:
Լուսամուտից
նայում էի դուրս`մարդկանց. ահա ռուսը, վրացին, ֆրանսիացին… Նևսկի պողոտան միշտ լի էր
զբոսաշրջիկներով, իսկ ես կարծես տանն էի` հայրենիքում: Երեք հազար կիլոմետրը բաժանում
էր ընդամենը մեկ պատ, մեկ լուսամուտ ու դա շնորհիվ հայ ազգային երգ- երաժշտության,
որի հնչյունները տարածվում էին ամենուր…
Ու ինչպիսի նազանքով էին նաիրյան գեղեցկուհիները
պարում իրենց հեզաճկուն պարը… ինչպես էին պարում հայորդիները: Ոմանք ռուսերեն էին խոսում,
բայց պարում էին հայերեն` հային վայել արժանապատվորեն, հպարտ ու հեզ կեցվածքով, իրենց
բարի ու ժպտուն, գեղեցիկ ու անսահման կարոտով լցված հայացքներն ուղղած դեպի հայրենի
տունը…
Հոգով էին
պարում, և այդ պարը պատմում էր նաիրցու մասին, Հայաստան աշխարհի ու պատմության մասին:
Այդ օրը
ես երկու ժամ շարունակ նայում էի նրանց, ու իմ եսը, հայրենասիրության ոգով տոգորված,
բաղձում էր դեպի Հայաստան աշխարհ, դեպի իմ հայրենիքի ակունքները` Վան, Մուշ, Կարին… Ու երբ աչքս ընկնում էր պարուսույցին, ով ուշադիր
հետևում էր պարի ընթացքին, մտածում էի, ինչպիսին և որտեղ էլ ծնվի հայ մանուկը, որ այդ
պահին մայրական որովայնից էր ականջ դնում հայ երգ- երաժշտությանը, թեկուզ երբևէ հայերեն
խոսել ու գրել չիմանա, մի օր լսելով այդ նույն` ազգային երաժշտության հնչյունները,
կզգա վերադարձի կանչը ու կմեկնի դեպի Նաիրյան երկիր Հայաստան:
Комментариев нет:
Отправить комментарий