Հովհաննես Գրիգորյան «Առաջին սեր»


Հովհաննես Գրիգորյան «Առաջին սեր»

Հովհաննես Գրիգորյան (1945 - 2013)
Առաջին սերըանվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
չի ծերացել բոլորովին:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում
:

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև