Հուշեր իմ մանկությունից, երբ ամեն օր լսում էի Սոս Սարգսյանի անունը


Դեռ վաղ մանկության տարիներից է Սոս Սարգսյանի անունն ինձ հարազատ եղել… Պարզապես այդ ժամանակ, ես կարծում էի, թե նա մեր հարևաններից մեկն է, ով հեռու է, բայց մեծերը նրան հիշում ու խոսում են նրա մասին…
Այդ մեծերից մեկն էլ ճերմակ մազերով մի տատիկ էր, ով շատ հաճախ էր գալիս մեր տուն… նրան մենք ասում էնք Օլինկա բաբո…
Հիշում եմ, որ երբեմն Օլինկա բաբոն մեզ իր տուն էր կանչում  ու նվիրում էր վարսերի համար գեղեցիկ զարդեր… Այդ տեսակ զարդեր մեր ծնողները չէին գնում մեզ համար, քանի  որ դրանցից պարզապես չկար խանութներում… Նա ինքը չէր ընտրում այդ զարդերը… բացում էր զարդերով լի պայուսակն ու ասում էր՝ ընտրեք… Մենք վերցնում էինք մեզ դուր եկածը, ուրախանում, պաչում էինք Օլինկա բաբոյին, ու դուրս էինք վազում մեր ընկերուհիներին ցույց տալու նվերները…  

Այդ տարիքում ես դեռ չգիտեի, ով է Օլինկա բաբոն Սոսի համար, բայց ես միշտ լսում էի նրա օրհնանքները… ու մինչև հիմա դրանք մնացել են իմ հիշողության մեջ…  



Ու միայն գիտակից դառնալով, ես հասկացա, որ այն ճերմակահեր տատիկը, ում հետ մենք անց էինք  կացնում գրեթե մեր ամբողջ օրը, ով մեր ներքևի հարևանն էր, այն մարդու մայրն էր, ում մենք տեսնում ենք մեր փոքրիկ հեռուստացույցի էկրանին… ու նա տաղանդավոր և սիրված դերասան Սոս Սարգսյանն է:

… Նա երբեմն եկել է այցելության իր ծնողին… իսկ մի անգամ գուցե եկել է այն ժամանակ, երբ մենք՝ շենքի երեխաներս, բակում խաղալիս ենք եղել… բոլոր մեծերը լուսամուտից նայել ու շշնջացել են, թե՝ Սոսը եկել է, իսկ մենք մի պահ դադարեցրել ենք խաղը, որ ճանապարհ տանք Օլինկա բաբոյի սիրելի որդուն՝ Սոս Սարգսյանին… նա հաստատ ժպտացել է մեզ, մի ուրախ բան է ասել… 

հետո նա  իր խորունկ աչքերով նայել է աստիճաններով իջնող երեխայի աչքերի մեջ, ով հարցրել է իրեն՝ Օլինկա բաբոյի տուն եք եկել չէ՞…
-         Հա, բալես,- պատասխանել է նա ու շոյել է երեխայի գլուխը…
-         Օլինկա բաբոն մեր տանն է, վազեմ կանչեմ հա՞,- միգուցե այսպես եմ ասել ես ու վազել եմ վեր՝ թռչկոտալով, խենթի նման՝չիմանալով ուրախությանս պատճառը…  

Թերևս հիմա պարզ է. այն մարդը, ով իր այցելությամբ ուրախություն էր պարգևում շրջապատին, ու ամենուր սկսվում էին շշուկներ, թե Սոսն է եկել, այն մարդն, ում անունը բոլորին էր ծանոթ և այդ բոլորը նրան հարազատի պես էին սիրում ու սպասում, այն մարդը,  ում մենք կարող էինք տեսնել միայն հեռուստաէկրանին, ժպտացել էր  ինձ մի անբացատրելի բարի ժպիտով ու իր սուրբ ձեռքերով շոյել էր գլուխս…

Վերջերս հայրս ասաց ինձ.

-         Մի անգամ գնա տես Սոս Սարգսյանին, պատմիր Օլինկա բաբոյից…
-         Գնամ, բայց ի՞նչ պատմեմ… միայն իրեն ու իր կերպարն եմ հիշում… մեկ էլ այն, որ քո բաժին բորշչի մեջ միշտ թթվասեր էր լցնում, իսկ դու չէիր սիրում բորշչը թթվասերով ուտել… մեկ էլ, որ մեզ միշտ զարդեր էր նվիրում…
-         Գնա, այդքանն էլ պատմես, հաստատ կուրախանա,- հավելեց հայրս, ու ես հասկացա, որ նա ինքն է ուզում տեսնել Սոս Սարգսյանին, ու նրան պատմել իրեն ծնող մոր մասին այն, ինչը բացակայության պատճառով որդին չէր հասցրել տեսնել ու իմանալ…

Ցավոք, ժամանակը եկավ ու նրան տարավ մեզանից... բայց նա միշտ կապրի մեր սրտերում…

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև