«Անկողինը խոստովանավայր է». ամուսնության մասին մեջբերումներ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գրքից



Ամուսնանալուց հետո անմիջապես սովորում են, որ ամուսիններից մեկի հետ տեղի ունեցածը վերաբերում է իրենց երկուսին:

***
Որքան զույգեր կան, որ իրականում զույգ չեն, պարզապես նրանցից մեկը մյուսին պարտադրում է սիրել իրեն, որ պետք է միասին լինել, և ստիպում է մյուսին, որ վերջինս էլ նույն բանը ցանկանա:

***
Ամուսնությունը փոխում է ամեն ինչ, նույնիսկ ամենաաննշան մանրուքները, նույնիսկ այն ժամանակ, երբ չես մտածում, որ փոխում է: Այն, ինչ եղել է մեր միջև մինչ այս պահը, ոչ մի կապ չի ունենա նրա հետ, թե ինչ պիտի լինի հետո. դու դրանում կհամոզվես հենց վաղվանից սկսած: Հին օրերից կմնան միայն հին կատակներ, աղոտ հիշողություններ, որոնք միշտ չէ, որ ձեզ կհաջողվի վերարտադրել, և իհարկե, կապվածություն:

***
«Անկողնում ոչինչ գաղտնի չի մնում», կողք կողքի քնողների միջև չկան գաղտնիքներ, անկողինը խոստովանավայր է։ Հանուն սիրո, կամ հենց այղ է սիրո էությունը՝ պատմել, տեղեկացնել, հայտնել, «ոսկե սարեր» խոստանալ, այդպես մենք դավաճանում ենք մնացածին՝ ընկերներին, ծնողներին, եղբայրներին, արյունակից և ոչ արյունակից բարեկամներին, հին սերերին և համոզմունքներին, Նախկին սիրեցյալներին, սեփական անցյալին և մանկությանը, մեր իսկ լեզվին, որովհետև դադարում ենք խոսել մեր լեզվով, անտարակույս, դավաճանում ենք նաև մեր հայրենիքին, գաղտնիքին, որ սրբության պես պահում ենք, նույնիսկ անցյալի գաղտնիքին։ Սիրելի մարդուն հասկանալու համար պատրաստ ենք սևացնել, ժխտել և ոչնչացնել ամեն բան. միայն թե գոհացնենք Նրան, վերահաստատելու համար մեր Նվիրվածությունը այն մարդուն, որը կարող է հեռանալ մեզնից։ Երկու մարդու համար մեկ ընդհանուր դարձած բարձն այնպիսի իշխանություն ունի մեզ վրա, որ ստիպում է ուրիշինը քոնը դարձնել, միայն այն, ինչ գտնվում է այդ բարձի սահմաններում և ոչ նրանցից դուրս, այն, ինչ պատկանում է ամուսիններին կամ սիրահարներին, որոնք ինչ֊որ, իմաստով մնում են մենակ, և հենց դա է պատճառը, որ ուզած թե չուզած, խոսում են՝ իրարից ոչինչ չթաքցնելով։ Բարձը կլորավուն է, փափուկ, առավել հաճախ՝ սպիտակ, և ուրեմն՝ ժամանակի հետ այդ սպիտակությունը և կլորությունը ամբողջ աշխարհը տանում են իրենց ետևից։

***
Մենք կարծում ենք, թե օր օրի ավելի լավ ենք ճանաչում մեր կողքին գտնվող մարդկանց, սակայն մի օր պարզվում է, որ այն, ինչ գիտենք նրանց մասին, ոչինչ է այն ամենի համամատ, ինչ չգիտենք: Ժամանակի հետ ստվերները շատանում են, բայց, այնուամենայնիվ, մեծ մասը մնում է չլուսավորված:


***
Հայտնի է, որ մայրերն ավելի շատ են արտասվում և ցավի պես ինչ-որ բան զգում, երբ զավակներն ամուսնանում են, գուցե հայրս այդ պահին գոհ էր, բայց միաժամանակ ներսում կրում էր ցավը, որ կզգար մայրս:

***
Մարդիկ ամուսնանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ տարբերակ չունեն կամ խուճապի մատնվում` մենակության հանդեպ վախից կամ որովհետև վախենում են կորցնել նրան, ում չեն ուզում կորցնել: Այդ ամենի մեջ պայմանական ինչ-որ բան կա թաքնված:     

***
Ավելի ճիշտ կլինի ասել, որ միասին լինել նշանակում է հնարավորություն ունենալ բարձրաձայն մտածելու, ճիշտ այդպես, մեկի փոխարեն երկու անգամ մտածել, այսինքն՝ մեկ անգամ մտածել, երկրորդ անգամ բարձրաձայնել մտածածդ. ամուսնությունը պատմելու ինստիտուտ է, գուցե այն պատճառով, որ ամուսնինները շատ ժամանակ են անցկացնում միասին (հատկապես ժամանակակից ամուսինները, որոնք չափազանց շատ ազատ ժամանակ ունեն, հատկապես՝ տղամարդը, որն իրեն մեղավոր է զգում, երբ լուռ է մնում), ի վերջո, մեկը մյուսին օգնում է՝ պատմելով, թե ինչ է մտածում կամ ինչ է կատարվում, տեղի ունենում իրենց հետ, սրանով զբաղեցնում են մեկը մյուսին, այդպիսով՝ մարդու մեջ չի մնում գոնե մեկ միտք կամ նրա հետ տեղի ունեցած որևէ բան, որ չփոխանցվի մյուսին, ավելի ճիշտ՝ չթարգմանվի ամուսնության լեզվով:

***
... կրծկալի ցցված ամրակալը չէր ցավեցնում նրան, միայն թե հագին գիշերանոց էր, որը նոր էր հագել՝ աչքիս առաջ, հենց մեր սենյակում գիշերանոցը վրան գցելիս մեջքով շրջվեց դեպի ինձ, գուցե դեռ սովոր չէր հագնվել ինչ-որ մեկի առջև, բայց կանցնեն տարիներ կամ գուցե ամիսներ, և նա այլևս չի նկատի իմ ներկայությունը, ավելի ճիշտ՝ երբ արդեն «ոչ ոք» կլինեմ նրա համար:

***
Կանայք չափազանց հետաքրքրասեր են, հենց դա է պատճառը, որ չեն գիտակցում, թե այդչափ հետաքրքրասիրությունն ինչի կարող է հանգեցնել, թե ինչեր կարող են բացահայտվել, կատարվել, չգիտեն, որ արարքները գործվում են իրենք իրենց, որ նույնիսկ մեկ բառն իսկ բավական է, որ դրանք տեղի ունենան:

***
Սկզբում նա ստիպեց ինձ սիրել իրեն, հետո՝ ամուսնանալ, իսկ ես չհակադրվեցի, նրա մայրը նույնպես ստիպեց ինձ. մայրերը ձգտում են ամուսնացնել իրենց դուստրերին (գոնե այդ ժամանակ): Մտածեցի. «Բոլորը ստիպում են բոլորին, հակառակ դեպքում աշխարհը կդոփեր նույն տեղում, բոլորը կթափառեին համընդհանուր և շարունակական անորոշության մեջ: Մարդիկ միայն ուզում են քնել, որովհետև հնարավոր հիասթափությունները պարզապես կաթվածահար են անում մեզ»:

***
«Վաղվանից այլևս մենակ չեմ քնելու», թերևս միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, ճամփորդելիս կլինեմ. «վաղվանից»-ը ենթադրում է այն, որ ոչ միայն վաղը, այլև երկար տարիներ, այլևս չեմ ցանկանալու գնալ Լուիսային տեսնելու, որովհետև աչքերս բացելուն պես նրան տեսնելու եմ կողքիս, հետևաբար ինքս ինձ չեմ հարցնելու, թե այդ ժամանակ ինչպիսին կլինի Լուիսայի դեմքը, ոչ էլ այն, թե ինչպիսի հագուստով կգա, որովհետև հավանաբար դեռ վաղ առավոտից արդեն տեսնելու եմ նրա դեմքը, թե ինչպես է հագնվում, գուցե ինքս էլ խորհուրդ տամ, թե ինչպես հագնվի, եթե պատմեմ նախասիրություններիս մասին: Վաղվանից այլևս չեն լինի այն մանր-մունր գաղտնիքները, որ համարյա մեկ տարի լցնում էին իմ առօրյան կամ ստիպում լավագույնս ապրել տրված օրերը, քանի դեռ աղոտ գիտակցումով սպասում էի այս օրվան: Շուտով Լուիսայի մասին կիմանամ ավելին, քան կուզեի իմանալ, այն, ինչ հետաքրքիր է ինձ և հետաքրքիր չէ, այլևս հարկ չի լինի ընտրություն կատարել, քանի որ հօդս կցնդի նույնիսկ ամենաչնչին, ամենաառօրեական հարցը՝ զանգել նրան, թե ոչ, հանդիպում նշանակել, թե ոչ, իրար փնտրող լայն բացած աչքերով հանդիպել կինոթատրոնի մոտ, թե աղմկոտ ռեստորանում, կամ արժե՞ արդյոք պատրաստվել և ճանապարհ ընկնել՝ իրար հանդիպելու, քանի որ ես այլևս չեմ նայելու արդյունքին, այլ գործընթացին, նույնիսկ եթե ավելի հետաքրքիր լինի:

Խավիեր Մարիաս «Այնքան սպիտակ սիրտը»

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև