Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի
այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:
ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում
է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր`
Աստվածիկ:
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր
առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ:
Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ
բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ
ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով
կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
ՏՈՆԱԾԱՌ
Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք:
Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ
վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով
քայլող մի սաղարթ:
-
Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս
մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս
խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր
շոկոլադե խաղալիք.
-
Իսկ սա ի՞նչ
է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր
Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ
է:
-
Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ
ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու
համար է շինված:
Ասում
են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ
և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ
ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ
շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս
պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
-
Իսկ այդ ի՞նչ
գիրք է,- մի օր հարցրի:
-
Աբով,- ասացիր:
-
“Աբովն” ի՞նչ
է,- նորից հարցրի:
-
Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող
սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
Միքայել Մազմանյանը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը կնոջ` Իզաբելայի հետ |
ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը`
ծանր:
Տառապանք
մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ
պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞
որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ
քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ
գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար
բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը
դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող
քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
Комментариев нет:
Отправить комментарий