Վաչագան Ա. Սարգսյան «Գիրքը և կրթությունը»

Այսօր ամբողջ աշխարհում կրթության ճգնաժամ է (համենայն դեպս, մեզ այդպես են հրամցնում աշխարհի զանգվածային տեղեկատվության միջոցները` ԶՏՄ-ները): Նույնիսկ նշվում են որոշակի պատճառներ: Ասենք, ազատական արժեքների ոչ ճիշտ ընկալում. երբ հասարակությունը պատրաստ չէ ազատությանը, և ոչ որակյալ կրթությունը դիտվում է որպես կրթություն, երբ հին հրամայավարչական կրթական համակարգը փոխվում է ավելի մարդասիրականի, և հանրությունը պատրաստ չէ դրան. նա դա ընկալում է սանձարձակորեն ազատ և ջանք գործադրելը համարում է անօգուտ ու իր ազատությունը սահմանափակող

Մեկ այլ պատճառ. տնտեսական և քաղաքական մրցակցության հետևանքով շատ երկրներում կրթության վրա ծախսվում են աննշան գումարներ. ընտանիքները չեն կարողանում հոգալ երեխաների կարիքները, և կրթություն ստանալը դառնում է շքեղություն: Կա նաև հակառակ պատկերը` հասարակությունն ուզում է կրթություն տալ ավելի ու ավելի շատ մարդկանց, առանց հաշվի առնելու նրանց ընդունակություններն ու կրթություն ստանալու հնարավորությունը: Բանը հասնում է այնտեղ, որ հանրակրթական ոլորտում և նույն պայմաններում ընդգրկում են նաև բացահայտորեն տհաս և սովորելու անընդունակ այլ կարգի երեխաների, որոնք, բնականաբար, գցում են կրթության որակը և ազդում կրթություն ստանալու` առողջ երեխաների առանց այն էլ փխրուն ցանկության վրա: Սա, իհարկե, արվում է մարդասիրության քողի տակ, սակայն հիմքում մարդատյացությունն է` ատելությունն է առողջ երեխայի նկատմամբ

Մյուս պատճառը կարելի է նշել հետաքրքրությունների բավարարման այլընտրանքային միջոցների այսօրվա բազմազանությունը: Եթե նախկինում գիրք ընթերցելը հաճույք էր, և մարդը բավականություն էր ստանում դրանից, վայելք էր ապրում, ապա այսօր շատ ավելի շատ են զվարճալիքն ու խրախճալիքը, հետաքրքիրն ու վայելքները. կրթության միջոցով վայելք ապրելը դառնում է տասնորդական մի բան: Երեխան վարժվում է այսրոպեական վայելքին, նա արդեն չի կարողանում ինքն իրեն ստիպել հրաժարվելու դրանից ու ավելի հեռագնա մտքեր ունենալ:

Կրթության ճգնաժամի մեկ այլ պատճառ ևս կա. դա առարկայական ծրագրերի չափազանց ծանրաբեռնված լինելն է: Ծրագրեր ու դասագրքեր գրողներն աշխատում են որքան հնարավոր է շատ բան խցկել այնտեղ, գիտության բոլոր նվաճումները դարձնել հասանելի, բայց ստացվում է ճիշտ հակառակը. երեխան երես է թեքում գրքից, կարդալուց, սովորելուց:

Դպրոցական ծրագրեր կազմողները երևի չեն կարդացել կամ չեն հիշում Այզեկ Ազիմովի «Մասնագիտություն» պատմվածքը: Մի շատ հետաքրքրական դիտարկում էր արել հեղինակը. եթե ուզում ես, որ երեխան որևէ բան սովորի և ստեղծագործ լինի, ապա ամեն ինչ միանգամից չի կարելի լցնել նրա գլուխը, այլ փոքր չափաբաժիններով` կաթիլ առ կաթիլ: Կարևորը` երեխան սովորի սովորել ու սովորի մտածել: Իսկ այսօրվա մեր ունեցած ծրագրերի մասին դա երբեք չես ասի: Գուցե պատճառներից մեկն էլ անցումային շրջանն է, երբ ուսուցման հին մեթոդներն արդեն չեն բավականացնում, իսկ նորերը դեռևս վերջնականապես չեն արմատավորվել: Այսօր մենք կամա-ակամա դեմ ենք համակարգչին, պաշտպանում ենք գիրքը, սակայն լավագույնը դրանց զուգակցումն է:


Երեխան գրքի դժվարությունը հակադրում է համակարգչի հեշտությանը, և գիրքը տուժում է, և երեխան տուժում է: Չէ՞ որ սովորելը չի կարող հեշտ լինել, սովորելը դժվարագույն ընթացք է. սա պետք է գիտակցի երեխան, և ոչ թե համակարգչի ընձեռած հեշտությունը կրթություն ստանալու պատրանք ստեղծի նրա մեջ:
Ի վերջո, գիրքը երեխային ինքնուրույն է դարձնում, աշխարհընկալման յուրօրինակ դուռ է բացում, մինչդեռ համակարգիչն առայժմ (գուցե ընդհանրապես) չի կարող դա անել:

Կրթության ճգնաժամի պատճառ կարող է լինել նաև այն, որ հասարակությունը կրթված մարդու պահանջ չունի, որ կրթությունը և գիտելիքը մարդուն հնարավորություն չեն տալիս լավ ապրելու, որ գործում են բոլորովին այլ օրենքներ, որոնք մարում են կրթություն ստանալու ցանկությունը:
Իսկ պահանջարկ կարող է ստեղծել միմիայն պետությունը` իր հզոր միջոցներով բարձրացնելով գիտելիքի դերը հասարակության մեջ:
Ինչպես տեսնում ենք, եթե չենք ուզում սովորել, ապա պատճառներ միշտ էլ կգտնենք: Խնդիրն այն է, որ հայ մարդն այս բոլորը գենետիկորեն հաղթահարել է հազարամյակներ ի վեր ու միշտ ձգտել ուսման:
Այսօր պետք է պետությունը սատար կանգնի հայ երեխային հանուն հենց պետության ապագայի: Չէ՞ որ Աստծուց մեզ բաժին հասած միակ բանը հայի հետին խելքն է, որ արդեն կորցնում ենք:

9-
րդ հրաշալիք, թիվ 483, 2009,
ՎԱՍ

Աղբյուը այստեղ՝

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև