Հատված Րաֆֆու «Խենթը» վեպից
Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության: Եթե մեր ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ:
Այդ ուժը, այդ կենսատու զորությունը, կանանոցի չորս պատերի մեջ ոչնչանալով, ապարդյուն է դառնում մեզ մոտ: Եթե պետք էր սկսել մեր ժողովրրդի կրթության գործը, սկիզբը դնելու է անպատճառ կանանց կրթությունից:
Ես այս անգամ պտտեցա ամբողջ Հայաստանում և ամեն տեղ ուշի-ուշով ուսումնասիրում էի հայ կնոջը: Իմ ստացած տեղեկությունները խիստ մխիթարական հետևանքի են հասցնում:
Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է իր հայկական ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր, պահպանվել է իր բարք ու վարքի բարոյական անարատության մեջ:
Չկա չարիք առանց բարիքի: Կանանոցի չորս պատերի մեջ փակված կինը, թեև դարերով տանջվեցավ, բթացավ և զրկվեցավ հասարակական մարդ լինելուց, բայց մյուս կողմից, նա իր այդ բանտարկության մեջ պահպանեց հայությունը:
Դա մեծ գործ է: Որքան տղամարդը դրսում մահմեդական տարրի ազդեցության ներքո կորցնում է իր ազգային առանձնությունները, այնքան կինը կանանոցի մեջ, հեռու մնալով այդ ազդեցությունից, պահպանում էր ազգայնությունը:
Այսպիսով անգիտակցաբար պահպանվում էր մի մշտական հավասարակշռություն: Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը:Այդ կարելի է տեսնել ամենահասարակ մանրամասնությունների մեջ անգամ:
Կնոջ զզվանքը դեպի մահմեդականությունը հասնում է սարսափելի մոլեռանդության. ամեն ինչ, որ դուրս է գալիս մահմեդականի ձեռքից, նա պիղծ է համարում. Նրա մորթած միսը, նրա մակարդած պանիրը, նրա թխած հացը չէ ուտում: Բայց տղամարդիկ այսպիսի խտրություններ չգիտեն:
Ես լսել եմ հարյուրավոր պատմություններ, որ մահմեդականներից հափշտակված կինը, աղջիկը կամ վերջապես փախչում է, կամ եթե չէ հաջողվում, անձնասպան է լինում:
Բայց տղամարդի վերաբերությամբ այս տեսակ օրինակներ խիստ սակավ են: Կա միուրիշ բան ևս, որ ամենագլխավորն է. շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերնում բոլորովին սովորական է դարձել, բայց ես չտեսա մի կին, որ թուրքերեն խոսեր, կամ գոնե գիտենար այդ լեզուն:
Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը կինն է: Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ: Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում:
Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական հիմունքը: Այժմ նա մի անարատ, չապականված և անմշակ նյութ է մեր ձեռքում, որից կարելի է հրաշալի բան շինել:
Րաֆֆու «Խենթը» կարող եք ձեռք բերել այստեղ
Րաֆֆու «Խենթը» կարող եք ձեռք բերել այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий