Աղասի Այվազյան «Օրթաճալայի բաղերը»


Անցած-գնացած թիֆլիսյան շաբաթը... Դա սովորական մեկ շաբաթ չէր: Դա ցնծկոծում անցնելիք էր Ադամից մինչև Եվան, եռուքոր ճանապարհ էր Կայենից մինչև Օրթաճալայի դրախտ բաղերի Լուլուն, Ժորժետը, Լեյլան...
Սկսվում էր առաջին օրվանից... Երկուշաբթին ծուլորեն կարգավորում էր մարդկային քարտեզը. գետերը իրենց հունի մեջ էր դնում, ուղղում էր նրանց ընթացքը, ճահիճների մակերեսը հարթեցնում էր, անձրևը ցած էր բերում, գոլորշին վեր բարձրացնում, ամեն ինչ տեղը տեղին գցում։
Երեքշաբթին կուտակում էր տեսածն ու լսածը, կերածն ու խմածը, ներշնչածն ու ներծծածը։
Չորեքշաբթին խտացնում էր համն ու հոտը, ձայնն ու լռությունը, հերսն ու ժպիտը։
Հինգշաբթին ավիշ էր տալիս թզին ու տանձին, արև էր մղում ձմերուկի ու սեխի մեջ...
Ուրբաթը խոլապարի մեջ էր մտցնում այդ ամենը, տռիփը դիմադարձ շարժում գիժ ու խանգար անոթներով... Քուռը ափերից դուրս էր գալիս, անձրևը վարից վեր էր գնում, գոլորշին իջնում էր ցած...
Իսկ շաբաթը Թիֆլիսի երկինքը մոտեցնում կպցնում էր Օրթաճալայի բաղերին, ու թե կարող ես, անցիր նրանց արանքով... Տունը թշնամի էր թվում, Մամադավիթի սարը՝ հեղձուցիչ մի փոս... Շաբաթ օրը վառոդով էր լցոնում օրինապահ ու բարեվարք թիֆլիսեցուն և դնում հրացանի մեջ ու փողը ուղղում Օրթաճալայի կողմը, որտեղ մեղքը աշխարհի միակ նպատակն էր, որտեղ ամոթը քաղցր փրփուր էր տալիս, և հավերժությունը, մի պահ դարձած, ցնծում էր ֆրանսուհի անառակների պարող ոտքերի տակ...
Եվ Օրթաճալայի կիրակին էր պետք, որ հաջորդ շաբաթ նորեն ամեն ինչ իր տեղն ընկներ՝ ամոթը ամոթ դառնար, միտքը՝ միտք, վռնդված Աստված կրկին վերադառնար իր ավերված կացարանր...
Բայց այդ կիրակին կիրակի չեղավ։ Օրթաճալայի բաղերի «Душевни клуб» զվարճատան դռանը սերովբեի նման կանգնել էր կարգադրիչ Գիգոլը և թթված, մեղավոր դեմքով պատրաստվում դիմավորելու հյուրերին։
Ելենան մեռել է...— ասաց նա բոլորից վաղ եկած՝ կաշեգործարանի տնօրեն Չերկեշտյանին։
Հետո՞...— չհասկացավ Չերկեշտյանը։Մնացածը խոմ սաղ են...
Սաղ են,— ասաց Գիգոլը,— համա...
Ի՞նչ համա... տո...— վախեցած վրա տվեց Չերկեշտյանր՝ տեղ չթողնելով նոր առարկության։Փող պիտի ավելացնե՞նք՝ միանգամից ասա...
Բա լայե՞ղ է ինձ... պարոն Ալեքսանդր...— կմկմաց Գիգոլը ու, մի բաժին տարակուսանք ցրելով ձախ կողմի վրա, մի բաժին ներողամտություն՝ աջ կողմի վրա, ասաց.— Աղջիկները սուգ են հայտարարել։
Սո՞ւգ...— գործարանատերը դեռ չհավատաց իր լսածին, հետո երկու րոպե չէր կարողանում զսպել ծիծաղը, մինչև կոկորդում հավաքված հեշտասիրությունը չփակեց ճամփան քրքջոցի։Էդ ո՞վ է իմացել Օրթաճալայի բաղերում՝ սուգ... գժվել խոմ չե՞ն...
«Դուշեվնի կլուբին» մոտեցավ մի նոր ֆայտոն, և Չերկեշտյանը քաշվեց ծառերի տակ՝ այնտեղից հետևելու իրադարձությունների ընթացքին։ Ֆայտոնից իջավ գորգերի ու կարպետների առևտրական Ռամազանովը, և Չերկեշտյանը նենգաժպիտ կանխավայելքով ականջը տնկեց նրանց կողմը։
Ի՞նչ...— Գիգոլի հաղորդածի վրա կատաղորեն զարմացավ Ռամազանովը։Խոմ չե՞ն գժվել...
Չերկեշտյանի բառերը ուրիշի բերանում միանգամից հարազատացրին գորգերի վաճառականին կաշեգործի հետ։
Հետո սկսեցին գալ ուրիշները։ Գալիս էին ու մնում շվարած, հետո մոլոր հայացքով շուրջը նայելով, յուրաքանչյուրը քաշվում էր բաղերի մի անկյունը։ Երկու ժամ անց Օրթաճալայի բաղերի տարբեր անկյուններում իրենց վիճակի մեջ քրջրջում էին դատավոր Ենոք Ենոքովը, գարեջրի գործարանի գործավար Բուխբինդերը, ֆաներայի գործարանատեր Ադամովր, դեղավաճառ Ամինթաևը, հուշարձանների և մարմարե արտադրանքի Անդրեոլետտիի հիմնարկի արձանագործ Ծերեթելին, գրքի վաճառատան պզուկավոր գործակատար Մարգարովը, խաղալիքի ֆաբրիկայի տնօրեն Տիգերը, հանքային և մրգաջրերի Լաղիձեի գործարանի հաշվապահ Մյուֆկեն... Շիկացած ականջներով, ունքի տակից խուսափուկ իրար էին նայում, հետո նայում էին Գիգոլի թթված դեմքին, ու ճար չէր մնում, ետ պիտի գնային, հետո նայում էին իրենց ներսը՝ մեկ շաբաթվա լարումը, աշխարհի բոլոր շիրան ու կծուն, դողն ու երանությունը մեջը, ու նորեն ճար չկար։ Ի՜նչ ճար. ետ գնալը ավելի դժվար էր... Հանաք-մասխարություն հո չէր թիֆլիսյան մեկ շաբաթը. նա արդեն իր գործն արել էր. նախաճաշակել էր տվել դրախտի պտուղները, հաճույքի առեղծվածը։ Հիմա ընդունակ էին ունեցած-չունեցածը Քուռը թափել, մենակ թե ետ չգնային։ Ու երբ արդեն զգուշավոր ու սպառնալից լռություն տիրեց բաղերում, և բոլորը իրենց թաքստոցներում զգացին, որ այլևս նոր մարդ չի հայտնվելու, ջահել Խոջաէյնաթովը հուսալքման խիզախությամբ կրկին մոտեցավ Գիգոլին։
Ըհը՛... թող թաղեն...— դժգոհ քրթմնջաց նա և երկու թղթադրամ մեկնեց Գիգոլին։Վերցրո՛ւ...
Կանաչ թղթադրամները ճերմակ փայլք հաղորդեցին մի ակնթարթ աշխուժացած կարգադրիչի դեմքին, բայց ձեռքը, դեռ փողերին չհասցրած, ետ տարավ Գիգոլը։
Ի՞նչ է...— զարմանքից աչքերը չռեց Խոջաէյնաթովը։Էլ ի՞նչ կա...
Լեզուս չի դառնում,— կմկմաց Գիգոլը։Համա էդ մունդռեկները ասում են, որ Թիֆլիսում ուրիշ մարդ չունեն ձեզանից բացի... Դուք եք նրանց ամենամոտ մարդիկ... Ու հույս ունեն, որ դուք էլ թաղելու եք Ելենային...
Խոջաէյնաթովը ուզում էր քրքջալ, բայց ոլորեց աչքերը և սկսեց որոնել բաղերի անկյուններում փորձանքի եկած իր համաքաղաքացիներին, որոնց հայացքները ճյուղերի արանքից սևեռվել էին նրա վրա։
Խոջաէյնաթովի գիտակցության մեջ կայթում էր մի պարզ ու տրամաբանական միտք ու սպառնում էր դուրս գալ, բայց Խոջաէյնաթովը արգելակում էր, նորից ետ մղում իր տեղը, և գուցե, էլ ավելի խոր։ Բայց միտքը թեթև էր, ճկուն, և ժպիտի տեսքով ի վերջո հայտնվեց բերանի անկյուններում։ «Բա մոտ չենք, ինչ զահրումար ենք... Ոչ ոքի հետ էդքան մոտ չենք... Կնոջս՝ Օլինկայի հետ արդեն երկու տարի է մեջքով եմ պառկում»...
Խոջաէյնաթովը մոտեցավ Տիգերին։
Պարոն Տիգեր... Ի՞նչ կասես... Դու եվրոպացի ես, ավելի լավ կիմ անաս էսպիսի բաները...
Տիգերը խնդմնդալով ուսերը բարձրացրեց։
Հեռվից, տարբեր անկյուններից սրանց էին հետևում Փուղինովը, Բուխբինդերը, Լաղիձեի հաշվապահը, Անդրեոլետտիի արձանագործը... Սկզբում, որ տեսք էին անում, թե իրար չեն տեսնում, այսինքն՝ «Ես էստեղ չեմ, դու էլ էստեղ չես՝ էս անհարմար վիճակում», հիմա խեղճանալով-նվազելով, տեսնելու փորձ արեցին ու սկսեցին մոտենալ։
Չի լինի՞ մեռածին հեռացնենք էստեղից...— առաջարկեց Փուղինովը։Տանենք Արամյանցի հիվանդանոց՝ միթամ բուժելու համար...
Ճիշտ է ասում...— քթի տակ մռմռալով միջամտեց Լաղիձեի հաշվապահը։Կիրակին ափսոս է... Ո՞վ է իմացել Օրթաճալայում սուգ...
Հա բա...- ձեռքերը կրկին անօգնական տարածեց կարգադրիչ Գիգոլը։Համա ինչ անեմ...
Հաշվե՞լ ես՝ ինչքան վնաս եք ունենալու...— «Դուշեվնի կլուբի» գործնական կողմը հիշեցրեց Բուխբինդերը։
Գիտեմ, ամեն ինչ գիտեմ... Համա ինչ անեմ...— ձեռքերը անմեղորեն տարածեց Գիգոլը։Կարո՞ղ ես բան հասկացնել դրանց...
Չերկեշտյանը, Ռամազանովը և Ենոք Ենոքովը մի կողմ քաշվեցին, խորհրդակցեցին ու նորից մոտեցան Գիգոլին:
Երեք անգամ ավելի փող ենք տալիս, գնա ասա...
Գիգոլը ձեռքերը ափսոսանքով տարածեց։
Կարծում եք՝ չե՞մ ասել... Անունը որ չտամ, իմ մեծարգո մուշտարիներից մեկը մի շաբաթվա բոլորի վճարը առաջարկեց, հանգուցյալ Ելենայինն էլ վրան...
Հետո...
Չստացվեց։
Չերկեշտյանի բարկությունը հանկարծ լրջացավ.
Գնա՛նք... Իմ ոտքը էլ էստեղ չի լինի... Դրանց մի տես... Էդ էր պակաս՝ լրբերը մեզ խեղճացնեն...— Ու մտքում ինքն իրեն ասաց. «Խեղճացնելն էլ ոնց կլինի... Խեղճացել եմ, էլի»:
Բուխբինդերը իր քայլվածքի նման անաղմուկ ու ճկուն ուղեղ ուներ և, ոտքերը սլլացնելով, մոտեցավ Գիգոլին:
Կարող է մտքերում ուրի՞շ բան կա... հը՞...
Չէ։ Ասում են՝ «Սուգ ենք անում... Մենք էլ մարդ ենք, ու մեր մահը ոչնչով չի տարբերվում ձերից»։
Գրքի վաճառատան պզուկավոր գործակատարը, որ վարանոտ քայլերով մոտեցել էր այս խմբին՝ գոնե զրույցի շորշոփը հասցնելու համար իր ականջին, մտածեց. «Երևի այն աշխարհում էլ նրանք պետք լինեն մեզ»։ Եվ ուզեց պատկերացնել նրանց հոգիների ձևերը՝ նրանց մարմինների հատկանիշներով։
Դրանց տեսեք... Իրենց մահն էլ մեր մահի նման է...— քրթմնջաց Չերկեշտյանը։
Դեղավաճառ Ամինթաևը ուզում էր հիշել, ինքն իրեն ստիպում էր մտաբերել իր երկու դժգույն դուստրերի հարազատությունը, որպեսզի խիղճը խաղար ու փշրեր իր վիճակը, հանգստացներ իր դիվահար սևեռվածությունը և հնարավորություն տար տուն վերադառնալու՝ ոչինչ չէր ստացվում։
Ֆաներայի գործարանատեր Աղամովը մեխվել էր ծառի տակ և ուզում էր գետնանալ, գետնանալ. վերլուծում էր իր բաղձալի հաճույքի մանրամասները և ամաչում ինքն իրենից, զզվում իր նկարագրից, սակայն բաղերից ոտքը դուրս դնել չէր կարողանում։ «Թյո՛ւ... քե՛զ էլ, քո՛ մարդկության վրա էլ... Քանի կոպեկ արժես, որ գերի ես էս կեղտոտ բաղերին»,— սվսվում էր մեկուսի Աղամովը։
«Մարդ էլ ինքն իրեն չպատկանի ...», ներքուստ տարակուսելով, ժպտում էր Լաղիձեի հաշվապահը։
Այդ միջոցին ավելացավ էլի մեկը. բաղերին մոտեցավ մեծահարուստ լոթի Էլչիևի՝ Թիֆլիսում հայտնի ճերմակ ձիերով կառքը, միջից զուրս թռավ Էլչիևի լակեյը, ոչ ոքի վրա չնայելով (ասես արդեն գիտեր իրողությունը), առանց Գիգոլին դիմելու, միանգամից մտավ «Душевни клуб»։
Բոլորը՝ Գիգոլի հետ մեկտեղ, հայացքները մեխեցին շենքին։
Քիչ հետո, վերջապես, քափ ու քրտինք կտրած լակեյը դուրս եկավ։
Կառքի միջից երևաց Էլչիևի գլուխը.
Ի՞նչ է...
Ասում է՝ չէ,— հիմարավուն զարմանքով օդավորեց լակեյը:
Չի՞ գալիս։
Չէ։ Ասում է՝ «Ընկերներիս չեմ թողնի»։
Էլչիևը թքեց ու դեսուդեն նայեց՝ «Սրբել է պետք դրանց բունը», մտմտալով։ Լակեյը մի ուսը վեր բարձրացրեց, այսինքն՝ «Ուզում ես՝ սրբիր», և մտավ կառքի մեջ, ու ճերմակ ձիերը նույնպիսի արագությամբ ետ գնացին։ Բայց երբ բաղերում տղամարդիկ, ճարերը կտրած, իրար գլխի հավաքվեցին, կառքը դանդաղ ու աննկատ վերադարձել էր, ու Էլչիևը կառքի միջից հետևում էր, թե ինչ է լինելու հետո։
Պետք է թաղել...— անվստահ շուրջր նայելով ասաց Անգրեոլետտիի արձանագործը։
Թեպետ այս խոսքերը ասվեցին համարյա շշուկով, բայց նրանք լավ լսեցին, որովհետև բոլորի մեջ առանձին-առանձին արդեն հասունացել էր այդ անձնամատնիչ որոշումը. առջևում նոր շաբաթ կար... հետո՝ էլի կիրակի...
Կեսօրին Օրթաճալայի բաղերի վրա սև դրոշ բարձրացավ։
Օրթաճալայի հաճախորդերը ձգձգում էին, ժամանակ շահում, որպեսզի օրր մթնի և խավարի քողի տակ կատարեն իրենց համար քստմնելի արարողությունը...
Չերկեշտյանը ինչ անում էր, որ մի քիչ հեռու մնար դագաղից, ոչ մի կերպ չէր ստացվում. միշտ հայտնվում էր դագաղի կողքին։ Եվ խուսափելով-խուսափելով, անհարմարության մեջ, այնուամենայնիվ նրանք մի թափոր դարձած շարժվում էին դագաղի ետևից։
Գեղեցկուհի Ելենան էլի գեղեցիկ էր և իր կոպերի տակից ժպտաշուրթ տխրությամբ հետևում էր յուրաքանչյուրին, ինչպես ժպտաշուրթ տխրությամբ հետևում էր նրանց սիրո պահերին...


Աղբյուրը՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև