1915 թվի ամռանը հայերը սկսեցին քայլել...

   1915 թվի ամռանը հայերը սկսեցին քայլել: Նրանք հետևեցին ոստիկաններին դեպի հարավ` Մալաթիայի և Եփրատ գետի ուղղությամբ: Կարճ ժամանակով հայերին թույլ տվեցին կանգնել գյուղի ցայտաղբյուրի մոտ, որտեղ Բազմաշենի կանայք երգելով իրենց կարմիր կուժերն էին լցնում: Նրանք մի վերջին անգամ խմեցին ջուրը, իսկ երբ շրջվեցին, որ հեռանան, մի քանի կանայք սկսեցին ճչալ, կարծես հենց նոր գլխի ընկան, որ տարօրինակ մի բան էր կատարվում իրենց հետ:
   Մինչ նրանք քայլում էին, Գասպարը հետ էր նայում իր գյուղին: Նրա տները, այգիները և եկեղեցիները անէանում էին ամառային երկնքի մեջ:
   “Գրկե՜ ինծի”,- լալիս էին երեխաները: Բայց մայրերն արդեն գրկած տանում էին իրենց ավելի փոքր բալիկներին: Եվ միակ բանը, որ կարողանում էին անել, նրանց ականջներին հիմարություններ ասելն էր:
   “Մի՜ լար”,- շշնջում էին նրանք: “Եթե լաս, թուրքերը քեզի կը մեռցնեն”:       Փաստորեն, այդ բառերն այդքան էլ հիմար չէին, քանզի շուտով թուրքերն ու հայերը մեն մենակ մնացին աշխարհում: Դաժան, անդրդվելի արևի տակ բոցավառվեցի օսմանյան կրքերը:
   Սկզբում դաժանությունն ինչ-որ տրամաբանություն ուներ: Ոստիկանները գնդակահարում էին միայն թույլերին, հիվանդներին և ծերերին, որոնք մաքառում էին քարավանի վերջում: Նրանք պարզապես կարգ ու կանոնն էին պահում: Բայց շուտով դաժանության համար նոր պատճառներ գտան. “Գյավուր”,- գոռում էին ոստիկանները:
   Բազմաշենի ժողովուրդն առաջին գիշերն անցկացրեց Խարբերդի հարավային դաշտերում: Ոստիկանները գոռում էին գյուղացիների վրա, ինչպես գյուղի շներն էին ժամանակին իրենց ոչխարների վրա հաչում: Նրանք դեռևս չգիտեին այս դավադրության անունն ու էությունը, բայց թուրքերն ու հայերը կատարյալ էին իրենց դերերում: Թուրքերը զվարճանում էին` տանջելով հայերին, իսկ հայերը պարզապես քնած էին ձևանում: Կիսալուսինը թագավորում էր երկնքում:
   Առավոտվա կողմ, երբ հայերը նորից սկսեցին քայլել, փրկության հավատը կորավ: Միակ հարցը այս չոր, դեղին ճանապարհին այն էր, թե երբ իրենք կմահանան:


   Բոբիկ ոտքերն այրվում էին թեժ հողի վրա: Երեխաները չէին կարողանում քայլել, և երբ մայրերը ստվերի մի հատված էին գտնում ծառի տակ, երբեմն երեխաներին թողնում էին այնտեղ: “Հո՜ս կեցիր: Երդամ քեզի ջուր բերեմ”,- ասում էին նրանք: Հեղնարը կառչել էր Գաբրիելին, հայացքը խղճահարությամբ հարել Գասպարին` նրա շագանակագույն աչքերին, թավ հոնքերին, կլորիկ քթին:
   Գասպարը սարսափած էր Եփրատ գետի ափին իր տեսածից: Հազարավոր հայեր բերվել էին այնտեղ և մինչ սպասում էին գետն անցնելու իրենց հերթին, աղոթում էին փրկության համար: Շատ հայ կանանց աղոթքներ պատասխան էին ստանում, բայց ոչ այնպես, ինչպես նրանք էին հույս տածում: Թուրքերն ու քրդերը թափառում էին ամբոխի մեջ` իրենց համար կին և սիրուհիներ փնտրելով:
   Բարակ բեղով, փափախավոր մի քուրդ տղա էր որոնում, որը կկարողանար աշխատել, և գտավ Հեղնար Գավրոյանի կողքին կանգնածին: Գասպարի մայրը դողաց:
   “Ո՜չ”,- նա ասաց թուրքերեն:
   Բայց աշխարհի վերջում ոչը ոչինչ չէր նշանակում, և Հեղնարի շուրջը հավաքված կանայք նրան համոզում էին, որ սա Գասպարի վերջին հնարավորությունն է: Լսել էին, որ տասներկու տարեկանից բարձր տղաները շուտով առանձնացվելու են խմբից:
   Կրակոցները ճայթում էին հեռվում. քուրդը Հեղնարին ասում էր, թե ինքը կփրկի տղայի կյանքը: մայրը գիտեր` ինչ պետք է արվի: Նա փաթաթվեց Գասպարին:
“Վա՜յ, մայրի՜կ, վա՜յ”,- լացեց Գասպարը:
Հեղնարն ու Գասպարը միասին լալիս էին, և նրանց շուրջը հավաքված լալիս էին Գավրոյանները, Տեր-Սարգսյանները, Չիլոյանները և կնոջ հագուստի մեջ թաքնված հորեղբայը: Միայն Գաբրիելն էր հանգիստ:
   Քուրդը քաշեց Գասպարին, ու Գասպարը պոկվեց մոր գրկից:
   Գետի ափի երկայնքով քրդին հետևելով` Գասպարը դեռ լսում էր հղի մոր ճիչերը: Նա հետ էր նայում և արցունքների միջից տեսնում էր նրան ու իր մանուկ եղբորը` մոր գրկին: Նա չէր ճանաչելու փոքրիկին և երբեք այլևս չէր տեսնելու մորը:
   Գասպարը շարունակում էր քայլել առաջ, նայել հետ: Հետո նա ավելի շատ էր քայլում և ավելի քիչ նայում, մինչև որ այլևս չէր նայում, մինչև որ նա կամք ու գիտակցություն չուներ այլևս, մինչև որ Գասպարը ո՜չ գեղջուկ էր, ո՜չ հայ, ո՜չ էլ այլևս երեխա. միայն` շարժումների անշունչ հաջորդականություն` ձախ-աջ, ձախ-աջ, ձախ-աջ, պատմության և ճակատագրի ամայի տարածքներում աջ ու ձախ շարժվելով:

Հատվածը Կարին Հովհաննիսյանի “Գերդաստան Ստվերաց” գրքից

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև