«Նա տեր է ու հավատարիմ» Հրանտ Մաթևոսյանը Սոս Սարգսյանի հուշերում

  Վիթխարի բեռ է ինձ համար, իմ ուժից ու կարողությունից վեր՝ Մաթևոսյան Հրանտի մասին տեղեկություն թողնելը:
  Աննշան չափով գործս թեթևանում է նրանով, որ վերջերս միտք եմ արել, միտք ու տեսել եմ, իսկապես պարտք եմ, ասել-խոսելու, գրելու, մանավանդ սիրելու, սիրելու էն հոգիներին, որոնք իմ ազգի գինը (ինձ էլ հետը) իմ աչքում ու աշխարհում բարձրավնում են, ճկռելով, քրտինք թափելով, փոթորկվելով, հոգու թեժ լավան իր հոգու ընդերքում սանձելով, ի հեճուկս դրսի անբարյացակամի, ի հեճուկս ներսի տգետի, հարազատ խուլիգանի, ի հեճուկս սեփական կաշառակերի ու տականքի, ի հեճուկս էն մերոնց, որ մեր փեշերից բռնած՝ մեզ ցած են քաշում:
  Մեր մեծերը, մեր Հրանտը օձիքից բռնած ասում է. «Չէ, չես իջնելու, չեմ թողնելու ճահիճն ընկնես, խելքդ գլուխդ հավաքիր, ետ չենք գնալու, մեր գույնը չենք փոխելու»:

Որ երկրում էլ լինեմ, ինչ վեճի էլ բռնվեմ, ինչքան էլ ինձ նեղեն, վերջում դեմ եմ տալու Մաթևոսյան Հրանտի գրականությունը, նրա արվեստի բնույթն ու էությունը, աշխարհայացքը, նրա փիլիսոփայությունը, որովհետև հենց էդպիսի բաներն են իմ ժողովրդին տեղ տալիս ժամանակի ու տարածության մեջ: Մեզ պարզերես անողներն են:
   Շատ վաղուց գիտեմ Հրանտին: Տեր աստված, էն ինչքան եմ տանջվել, մին էսպես եմ տեսել, մին էնպես, մին շատ խորն եմ տեսել, մին … Դեհ, գնա տառապիր, քո ժամանակի մեծ գրողն է. քո ընկերն է, քո ախպերն է, էս ինչո՞ւ չի ասում ու անում էն, ինչ դու ես պատկերացնում նրա փոխարեն: Բայց ինչ՝ եթե մարդ կա, թքում է իր անցյալի վրա, ի՞նքն էլ թքի, եթե մարդ կա, որ հորթային հրճվանքով է էսօրն ընդունում, ի՞նքն էլ հրճվի, եթե մարդ կա…
   Չգիտեմ, չգիտեմ… Բայց նրա գործը, նրա ապրելու իմաստը գրել չէ՞: Էդտեղ չե՞ն  նրա խոսքն էլ, հոգին էլ, դիրքորոշումն էլ ու ամեն, ամեն ինչը, որ մեզ պիտանի են, որ մեր հիմքն են, հենքն են, ապրելու մեր իրավունքի բարոյականությունը: Էսպես:
Իրենից էլ տարիքով մեծ եմ, ես ու ինքը տարբեր գործի ենք, բայց արի ու տես, որ ինչ էլ արել կամ անում եմ, այսինքն՝ ամեն շարժվելիս, շեղանց, ասենք շլդիկացած, ինձնից էլ թաքուն, հաճախ մտովի աչք եմ գցել Հրանտի կողմը, ի՞նչ կասի էս մեծ ճաշակավորը…
   Մեծ գրող է, չամաչենք մեծարելուց: Ճշմարիտն ու իրականը քաղաքակիրթների առաջին շարքերում մեզ պահողը պետք է, որ մեզ համար շատ թանկ լինի, շատ գնահատելի:  Ով էլ որ ստեղծի: Էսօր խոսքը Հրանտի մասին է: Ու ես ասում եմ. Մաթևոսյան Հրանտը մեր ամենամեծ արձակագիրն է: Եկեք նորից կարդանք:
Հայոց ընդերքը, հին ու ջահել շերտերը փորող ու քչփորող հայ մարդուն, նրա սիրտոն ու հոգին աշխարհիհամար բացող ու աշխարհին կապող մեր նույնպես… Լոռեցին:

  Ընկերությունս, եղբայրությունս նրա հետ մի առատ տեղ ունի, մորը չեմ տեսել, էն մորը, որ միայն հասկանալի կանացի նրբանկատությամբ կամ մայրական իմաստնությամբ ընկերուհիներից, համագյուղացիներից թաքցրել է, ձևացրել է, թե Հրանտի համար իր սիրտը հպարտությունից չի ուռչում: Մայրամուտի երկրորդ կիթն անելիս հոգնած գլուխը թաքցրել է կովի փորի տակ, երգ մրմնջացել կովի համար (կովի անունն ի՞նչ է եղել), ու ժպտացել, ու երջանիկ եղել, որ Հրանտոյին ինքն է ծնել ու աննկատ մեզ նվեր արել, մեզ բաշխել… Էսպես եմ տեսնում էս պատկերը, որի իսկականը չեմ տեսել ու, ավաղ, չեմ տեսնելու:
   Իգնատին չեմ տեսել: Նրա տղա Հրանտը խոսք է տվել, որ պիտի տանի ինձ հոր հետ ծանոթացնի: Հուսանք: Վերջապես պարտավոր է, տարիքս առնում եմ չէ՞… Մանավանդ երազանք ունեմ՝ Լոռվա («Էն Լոռու ձորն է…») կանաչ սարերն ու կիրճերը Հրանտի հետ չափչփելու: Միա անգամ էլ կարոտս առնեմ (նրա հետ) նրա (մեր) աշխարհի մարդկանցից, քաղցր Լոռվա քաղցր բարբառից… Էնտեղ չե՞ն նրա ստեղծած կերպարները, հաղորդվեմ, հարստանամ, սիրեմ նրանց կոշտուկոպիտ տեսքն ու նրանց անհատակ ու փխրուն հոգիները մեկ էլ: Էդպես է, փխրուն են քաղաքակրթության հիմք դնողները, աշխարհին հաց տվողները, կենցաղի ստուգված ու փորձված, անանցանալի առաքինություններով:
   Ո՞ր մեկին չսիրեմ, ո՞ր մեկն է, որ հոգուս հարազատ չէ, եզի պես աշխատավոր Անդրոյի՞ն, հավիտենական ընդդիմադիր Աղունի՞ն, որ փոթորկի պես չի թողնում, որ աշխարհը ճահիճ դառնա, խառնշտորում է մթնոլորտը, որ մարդիկ չթմրեն ու հաշտվեն խեղճության ու սեփական թերությունների հետ, թե՞ «Մենք ենք, մեր սարերի»  հովիվներին իրենց սեփական Լեյտենանտով: Հնձվոր, տավարած, կովկիթ, դեզ դնող, խոզարած, հողի լեզուն վաղուց վերծանած, անտառի լեզուն իմացող աշխատասեր, աշխատունակ… Ալխո, Ալխո, հե՜յ գիտի Ալխո… ու սրանց մեջ աստղի պես շողշողացող, ԵՐԿՐԻ ՏԵՐ Ռոստոմ Սարգսյան, նույն ինքը՝ Ռոստոմ ՄԱՄԱԻԿՈՆՅԱՆԸ… Էհե՜յ, էս ու՞մ երկիրն եք ավերում…
   Էս բոլորը միասին Մաթևոսյանի աշխարհը ու մի ամբողջ ծով բարոյականություն:
   Այսինքն՝ սրանք էնքան էլ իմ խելքի բաները չեն, որ վերլուծություններ անեմ, գրականագետներ կան:
Ուզում եմ հասկանա էսօր Հրանտին, ուզում եմ զգալ, թե որքա՞ն է ծանր նրա համար հենց էս օրը: Էս մեր անտեր եղած, պատռված, ճողված… էս մեր իրար չհանդուրժող, իրարից զզվող, իրար չներող, էս մեր… կարճամիտ ժամանակներում:
  Մենք մեզնով, կամ չգիտեմ ինչից արբեցած, գոռում- գոչյունի մեջ միմյանց վրա մատ ենք թափ տալիս, արյուն ենք թափում, ժխոր ենք սարքում, մեղավոր ենք փնտրում: (Մեղավորը խելոքն է, կռիվ անողերի մեջ մեղավորը ուժեղն է, իշխանություն ունեցողը: Մի իմաստունի խոսք է: ) Կանգնել ենք գետի երկու ափին (այ ձեր ցավը տանեմ, բա էս մեր գետը վազքարեր չունի՞, որ իրար միանանք), նեղացած կանչում ենք Հրանտին թէ՝ շուտ արա, անցիր էս ափը, չէ՝ էն ափը, սրանց դեմ, չէ՝ նրանց դեմ: Կաց ախպեր, կաց, միա արյուն ենք, ախր: Մի արմատի շիվ ենք, մի երկինք ու մի արև ունենք, մի Մասիս սար, որի սպիտակ բարձրությունն էմեր երազանքը: Մենք որ չսիրենք մեզ, ո՞վ կսիր:
   Չէ, պարզից էլ պարզ է՝ այ Հրանտը իր արյանը չի դավաճանում, նա կողմ չունի, ե՛ս ունեմ, դու՛ ունես, նա՛ ունի, Մաթևոսյան Հրանտը չունի: Աստծո կամքով նրա կողմը մեկն է՝ Հայկի ցեղը, նրա ազգը, հայոց աշխարհագրությունը, հայոց հանճարը, հայոց պետականուոյունը, նրա լուսյ ապագան, որ սկսվում է էս օրից:          
 Նա ՏԵՐ է ու հավատարիմ ամենքիս, չի կարող սրան սիրել, նրան՝ չէ: Հոր պես է ցավում, երբ իրար միս ենք ուտում: Որ կողմից էլ կճմտես, ինքն է… Կանգ չառնե՞նք: Էս ատելություններին վերջ չտա՞նք… Թեկուզ Հրանտի սրտի երկարակեցության համար: Մի՞թե նա այն մարդկանցից չէ, որի ապրած ժամանակը պիտի հարգենք, որի համար պատասխանատու ենք նաև մենք:
   Խոսքս չլրացավ: Չգիտեմ տեղի՞ն էր, թե՞ չ՝: Էդպես դուրս եկավ:
  Հա՛, Հրանտ, գնանք Լոռի: Խուլիգանի նման մի լավ քեֆ անենք, խորովաշով, բանով, շիշը խփենք ծառին…
   Ու հաշտ մնանք, հաշտ, որ վաթսուն տարիդ դառնա հարյուր քսան:
Աստված քեզ օգնական:
Մայիս, 1995


Հատվածը Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից:

Հրանտ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ
Սոս Սարգսյանի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև