ՀՈՒՍԻԿ ԱՐԱ «ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»


Կյանքից թանկ սերն է քո անունով
քանի՞ անգամ ուզել եմ մեռնել,
բայց ապրում եմ,
որ մեկ օր ավել զգամ համդ։

Նախ բարակ մարմնիդ նուրբ կարերը տեսա,
հետո ճանաչեցի հայտնության պես հոգիդ
հայացքիս պատռված տեղերը հավաքվեցին,
և մարմնիս ամեն բջիջը դարձար:
Ու քեզ այնպես սիրեցի,
որ ձմռան մեջ խոստացա մեկ օր գարուն,
և հունվարի վերջին օրը գարուն էր արդեն։
Դու անակնկալ ուրախ տաք լույսի մեջ էիր ցատկոտում,
քեզ հետ՝ բոլոր ընկերուհիներդ զարմացած
արթնացած բնության ասվածուհին էիր,
և այդ մեկ օր գարունը քոնն էր ձմռան կեսին։
Նայում էի կատարված հրաշքին ու ասում՝
ի՞նչ հզոր է սիրո ուժը, Աստված իմ,
որ կարող է բնության ընթացքը փոխել։

Իմ ապրելու բանաձևը դու ես տվել
երջանիկ եմ, երբ սեր կա մեջս
ու բանաստեղծություն։
Բայց այդ բառը՝ սեր,
որ տիեզերքի այցեթուղթն է մարդու աշխարհ,
այնպես նեղլիկ ու լղար է հիմա թվում
և անկարող է տեղավորել ամբողջը՝
ինչ ես եմ զգում քո նկատմամբ
սիրուց առավել դու ես միայն,
թող ների ինձ երկինքը, ոչ թե Աստված։

Մարմնիդ մոտենալով՝
ես քո դուռն եմ եկել որպես ուխտավոր,
ոչ թե կրքից մոլեգնած կեսգիշերի սիրեկան։
Քեզ սիրելով՝ ինձ եմ փրկել
քեզ ունեմ օդ, աշխարհ ու արև,
իսկ թե ի՞նչ ես զգում դու, ներիր,
այնքան էլ չի հուզում ինձ․․․
ու թե կուզես սիրտս հանիր,
ես չէ, նա է ինձ ուղղորդել՝ մատնելով հասցեդ։

Քեզ չեմ ասել այս պատմածից գոնե մի բառ
հանկարծ չավերես այն գեղեցիկը,
որ իմ կյանքն է քո նվիրած օրերով։

Վերցրո՛ւ քեզ հետ, երակիդ մեջ առ
սրտի գույն խոստովանությունն այս,
որ կյանքիդ բոլոր օրերում
չար ու փորձանքից քեզ կպաշտպանի թալիսմանի պես։ 



Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև