ԷՌՆԵՍՏՈ ՍԱԲԱՏՈ «ԹՈՒՆԵԼԸ» (հատված)



Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարիան ամուսնացած էր Ալյենդեի հետ, տրամաբանական էր, որ ժամանակին ինչ-որ բան զգացել էր նրա նկատմամբ: Պետք է խոստովանեմ, որ ‹‹Ալյենդեի խնդիրը››, ինչպես ես էի ասում, ամենաշատն էր ինձ անհանգստացնում: Տարաբնույթ առեղծվածներից հատկապես երկուսն էին, որ լուծում պիտի ստանային. առաջին. Մարիան դեռ սիրո՞ւմ էր նրան, և երկրորդերբևէ սիրե՞լ էր նրան. այս հարցերը հնարավոր չէր զատել միմյանցից, քանի որ դրանք փոխկապակցված էին, իսկ եթե Ալյենդեին չէ՞ր սիրում, այդ դեպքում ու՞մ էր սիրում, ի՞նձ, թե՞ Հունթերին, կամ գուցե նրանցից մեկին, ում հետ գաղտնի խոսում է հեռախոսով, իսկ միգուցե Մարիան որոշ տղամարդկանց նման միաժամանակ մի քանի սիրեկան ունի, հնարավոր է նաև, որ նա ոչ մեկիս էլ չի սիրում, մեզ` հիմարներիս, հավատացնում է, թե մեզնից յուրաքանչյուրը միակն է իր համար, իսկ մյուսները պարզապես ստվեր են, որոնց հետ մակերեսային և անլուրջ հարաբերություններ է պահպանում:
Մի օր որոշեցի պարզել ‹‹Ալյենդեի խնդիրը››, սկսեցի հարցուփորձ անել Մարիային, թե ինչու էր ամուսնացել Ալյենդեի հետ:
-
Ես սիրում էի նրան,- պատասխանեց Մարիան:
-
Ուրեմն այլևս չե՞ս սիրում:
-
Ես նման բան չասացի:
-
Դու ասացիր. ‹‹Ես սիրում էի նրան›› և ոչ թե ‹‹սիրում եմ››:
-
Դու միշտ կառչում ես իմ ցանկացած բառից և ամեն ինչ չափազանցնում,- զայրացած ասաց Մարիան,- ես ասացի, որ ամուսնացել եմ նրա հետ, որովհետև սիրում էի, բայց դա չի նշանակում, որ այլևս չեմ սիրում:
-
Ուրեմն սիրու՞մ ես Ալյենդեին,- անմիջապես ասացի, ասես դրանով ուզում էի մեղադրել նրան տրված հարցերին սուտ պատասխան տալու համար:
Մարիան մռայլվեց և լռեց:
-
Ինչու՞ չես պատասխանում, Մարի՛ա:
-
Որովհետև կարծում եմ, որ անիմաստ է պատասխանել, այսպիսի դեպքեր բազմիցս են եղել:
-
Բայց այս խոսակցությունն ուրիշ է, ես հարցրեցի, թե արդյոք դու շարունակում ես սիրել Ալյենդեին, դու ասացիր` այո, չնայած հիշում եմ նաև, որ ասում էիր, թե իբր ես առաջին մարդն եմ, որին դու իսկապես սիրում ես:
Մարիան կրկին լռեց, ինչից ես ահավոր զայրացա. անհնար էր նրան ստիպել խոսել:
-
Դե ի՞նչ կասես,- պնդեցի ես:
-
Տարբեր ձևերով են սիրում,- մի տեսակ հոգնած ասաց Մարիան,- ինքդ էլ ես հասկանում, որ ես հիմա չեմ կարող այն նույն սիրով սիրել Ալյենդեին, ինչպես որ սիրում էի նրա հետ ամուսնանալիս:
-
Ի՞նչ ձևով:
-
Ինչպե՞ս թե ինչ ձևով, դու գիտես, թե ես ինչ նկատի ունեմ:
-
Ամենևին:
-
Ես բազմիցս խոսել եմ դրա մասին:
-
Ասել ես, բայց երբեք չես բացատրել:
-
Բացատրե՞լ,- բղավեց Մարիան, -դու ինքդ ես բազմիցս ասել, որ կան բաներ, որոնք բացատրության կարիք չունեն, իսկ հիմա պնդում ես, որ այդքան բարդ բանը ես բացատրեմ: Հազար անգամ ասել եմ, որ Ալյենդեի հետ մենք հրաշալի ընկերներ ենք, ես նրան որպես եղբոր եմ սիրում, խնամում, քնքշանքով վերաբերվում նրան, հիանում նրա հոգու խաղաղությամբ և համոզված եմ, որ նա ինձնից մի գլուխ բարձր է, ընդ որում՝ բոլոր առումներով, նրա կողքին ինձ ողորմելի և մեղավոր եմ զգում, մի՞թե այսքանից հետո դու կարող ես մտածել, որ ես չեմ սիրում նրան:
-
Բայց ես չասացի, որ դու նրան չես սիրում, այդ դու ասացիր, որ այլևս չես սիրում, նշանակում է, որ նախկինում դու նրան սիրել ես ճիշտ այնպես, ինչպես հիմա ինձ ես սիրում, մյուս կողմից էլ կրկնում ես, որ ես առաջինն եմ, որին իսկապես սիրում ես:
Մարիան`տխուր, նայեց ինձ.
-
Լավ, թողնենք այս թեման, արի խոսենք Ալյենդեի մասին, ասում ես, որ նրան քրոջ պես ես վերաբերվում, հիմա ուզում եմ` հարցիս պատասխանես, դու քնու՞մ ես նրա հետ:
Մարիան էլ ավելի տխուր նայեց ինձ, սկզբում լուռ էր, բայց հետո շատ ցավալի ձայնով ասաց.
-
Ես պարտավո՞ր եմ պատասխանել այդ հարցին:
-
Այո՛:
-
Սարսափելի է, դու ինձ հարցաքննում ես:
-
Բայց դրանից հեշտ բան չկա, պետք է ասել կամ այո, կամ ոչ:
-
Այնքան էլ հեշտ չէ, ինչպես դու ես կարծում, հանկարծ ու մի բան այն չասեմ:
-
Հրաշալի է, ուրեմն քո պատասխանն է՝ այո՛,- սառը տոնով ասացի ես:
-
Այո՛:
-
Նշանակում է` դու ցանկանում ես նրան:
Ես դա դիտմամբ ասացի` առանց հայացքս նրա աչքերից կտրելու, որպեսզի ինչոր եզրահանգումների գայի: Բնականաբար, ես չէի հավատում, որ Մարիան, իսկապես, կիրք էր զգում Ալյենդեի նկատմամբ, չնայած, հաշվի առնելով Մարիայի խառնվածքը, նրանից ամեն ինչ էլ կարելի էր սպասել, բայց ես ուզում էի ստիպել նրան բացատրել, թե ինչ էր հասկանում ‹‹ եղբայրական սեր›› ասելով, ինչպես ենթադրում էի, Մարիան ձգձգում էր պատասխանը, բնականաբար, հարմար բառեր էր փնտրում, վերջապես սկսեց խոսել.
-
Ես ասացի, որ քնում եմ նրա հետ, բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ նրան:
-
Ահա՜ թե ինչ,- հանդիսավորությամբ բացականչեցի ես,- ուրեմն դու քնում ես նրա հետ, չնայած անտարբեր ես նրա նկատմամբ` ձգտելով Ալյենդեին հակառակը համոզել:
Մարիան համրացավ. նրա աչքերից ապակուց իջնող ջրի կաթիլների պես լուռ արցունքներ հոսեցին:
-
Ես նման բան չասացի,- կամացուկ շշնջաց Մարիան:
Ես շարունակեցի անգթաբար խոսել:
-
Պարզ է մի բան, այն, որ եթե դու ցույց տաս, որ այլևս ոչինչ չես զգում Ալյենդեի նկատմամբ, որ զոհաբերում ես քեզ` նրա հետ անկողին մտնելով` նրա խելքի, քնքշության և այլնի համար, ապա Ալյենդեն այլևս երբեք չի քնի քեզ հետ, այլ կերպ ասած, եթե Ալյենդեն իրեն առաջվա պես է պահում, ուրեմն դու ընդունակ ես ոչ միայն ձևացնելու, թե սիրում ես, այլև հաճույք խաղալու, դու դրա վարպետն ես:
Մարիան, գետնին նայելով, լուռ արտասվում էր.

-
Անհավատալի դաժան ես,- վերջապես կարողացավ արտաբերել:
-
Մի կողմ թողնենք այդ ձևականությունները, ինձ միայն բովանդակությունն է հետաքրքրում, այն է` դու ընդունակ ես տարիներ շարունակ ամուսնուդ հիմարի տեղ դնելու` ձևացնելով, թե իբր հաճույք ես ստանում, զգացմունքներ տածում նրա նկատմամբ, հիմա էլ, հիմար դպրոցականի տեղ դրած, ինձ ես խաբում. գոնե հիմա հասկանում ես, թե ինչու էի երբեմն կասկածի տակ դնում արարքներիդ անկեղծությունը: Ես միշտ հիշում եմ Դեզդեմոնայի հորը, որ զգուշացնում էր Օթելլոյին. ‹‹Այն կինը, որը խաբել է սեփական հորը, կխաբի նաև օտար տղամարդուն››, գլխիցս դուրս չի գալիս այն միտքը, որ դու միշտ էլ խաբել ես ամուսնուդ:
Հանկարծ մեջս ցանկություն առաջացավ հասնելու ծայրաստիճան դաժանության, թեև, գիտակցելով, թե որքան կոպիտ և անտակտ են հնչելու բառերս, ասացի.
-
Դու կույր մարդու ես խաբում
:


Թարգմանությունը իսպաներենից ՝ Ռուզաննա Պետրասյանի 
ԷՌՆԵՍՏՈ ՍԱԲԱՏՈՅԻ «ԹՈՒՆԵԼԸ»  գիրքը կարող եք ձեռք բերել այստեղ


Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև