Հատված «Օվկիանոս» գրքից
Սարյանի այգում, նույնանուն արձանի մոտ մի մարդ ինքն իրեն հայհոյեց բարձր, շատ բարձր ձայնով: Այդ մարդը Կես Կյանք ապրած մարդ էր: Կանայք ամոթանք տվեցին ու հեռացան: Սի աղջիկ խորշանքով ոտքից գլուխ չափեց, սպառնաց, որ ոստիկան կկանչի: Բայց Կես Կյանք ապրած մարդը շարունակեց հայհոյել: Տղաներ մոտեցան, պահանջեցին, որ լռի՝ շարունակեց: Գցեցին գետնին, սկսեցին ծեծել: Հագի սիրուն վերարկուն ցեխոտվեց: Գլխից, ճակատից, քթից ու բերանից արյուն հորդեց: Երբ դադարեց շարժվել, թողեցին ու փախան:
Արևածաղիկ, ընկույզ, ֆստղ, դդմի բոված կորիզ, պնդուկ, նուշ, ծամոն, ծծովի ու կրծովի կոնֆետ, մատնոց վաճառող պառավը քստքստացնելով մոտեցավ Կես Կյանք ապրած մարդուն: Նրա դեմքն այլանդակվել էր, ասես սև խաղողից քաշած գինով էին թաթախել, պղպջակներ թողնելով՝ կափկափում էր: Պառավը ձեռքը դրեց նրա մեջքին ու կռանալով՝ հին ականջը մոտեցրեց հոգեվարքող ձկան բերանին, մի քանի ակնթարթ քարացած մնաց, հետո ուղղվեց, ժպտաց ու սկսեց հայհոյել՝ բարձր, ավելի բարձր:
Այգու բոլոր կողմերից, զեռունների
կիսաշարժումներով, հավաքվեցին հին ու նոր մարդիկ: Հանկարծ պառավի հայհոյանքի մեջ հառնեց թույլ, ընդհատվող խզզոցով հարազատ մի ձայն: Սիրուն վերարկուով
Կես Կյանք ապրած մարդու հայհոյանքն
էր միացել նրան:
Ու թեև նա մահացել էր, հասկացավ, որ պառավը դեռ իր կողքին է, ու պառավը հասկացավ, որ Կես Կյանք ապրած մարդն իր կողքին է: Եվ նրանք պոկվեցին գետնից, ճախրեցին մինչև ծառերի կատարներն ու շարունակեցին հայհոյել, ավելի ուժեղ, ավելի բարձր: Ներքևում, ինչպես ասում են, ասեղի ու նման բարակ բաների համար մի ծպեղ տեղ չէր մնացել: Խմբված մարդիկ մատները վեր էին տնկել ու կատաղած կանչում էին. «Դե ցա՛ծ իջեք է, իջեք ցած է, տղա եք` իջեք»: Իսկ Կես Կյանք ապրած մարդն ու պառավը ժպտում էին նրանց և, իհարկե, հայհոյում ավելի ուժեղ, ավելի բարձր և ավելի բարձր:
Գիրքը կարող եք ձեռք բերել այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий