ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉ


Գրիգոր Հակոբյանի հուշերից

Չարենցի նկատմամբ ուշ պատանեկան և վաղ երիտասարդական տարիերին տածած իմ բուռն սերը հետագայում փոխվեց իսկական պաշտամունքի: Դա իր բարձրակետին հասավ 1935-ին, երբ բախտ ունեցա հաճախել Հայաստանի խորհրդային գրողների միության վարչությանը կից գրական ստուդիան, ուր բանաստեղծական արվեստ էր դասավանդում Չարենցը:
Ես լսել եմ պրոֆեսորներ Մ. Աբեղյանի, Ս. Հակոբյանի, Ա. Տերտերյանի և շատ ուրիշների դասախոսությունները: Բայց Չարենցի նման դասախոս միայն Չարենցն ինքն է եղել: Այդ իմաստով, կարելի է ասել, որ Չարենցն ինքն էր իր մրցակիցը: Չարենցը, որ կազմել ու հրատարակել էր շուրջ մեկուկես տասնյակ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, թե՛ սովորողների, և թե՛ ուսուցիչների համար հանդես էր գալիս որպես ավագ ու բանիմաց ընկեր, իր իմացածը հալում-լցնում էր դիմացինի գլուխը: Թեև մենք Չարենցի հետ խոսում էինք վերին աստիճանի զգուշությամբ, բայց մեր նկատմամբ նրա ունեցած անմիջականությունը երբեմն դուրս էր բերում զգուշության սահմաններից, և անզգույշ հարցեր էինք տալիս նրան: Մենք, որ գրեթե միշտ տեսնում էինք փոքրամարմին ու վտիտ Չարենցին, որ ոչ այնքան բարձր ամբիոնի ետևում հազիվ էր երևում, հանկարծ՝ «Որպես Էյֆելյան աշտարակը մեծ...»:
Այդ մասին մենք՝ նրա սաները, դրսում, դասամիջոցներին, հաճախ էինք միմյանց հետ խոսում: Եվ մի օր էլ մեր ընկերներից մեկը բերնից թռցրեց.
_
Ա՛յ ընկեր Չարենց, դուք այնպես եք գրել. «Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ», որ ձեզ չտեսած մարդուն կարող է թվալ, թե դուք, իրոք, Էյֆելյան աշտարակի, գուցեև մեր Արարատի ... բարձրությունն ունեք:
_
Բայց մի՞թե ես այդպիսին չեմ,_ հանգիստ ու անվրդով և իր ասածին միանգամայն համոզված ու հավատացած տոնով հարցրեց նա:_ Երևի դուք իմ ֆիզիկականն եք տեսնում, հա՞: Բայց բանաստեղծին պետք է ճանաչել նրա ստեղծագործությամբ և ոչ թե ֆիզիակական գոյությամբ: Ես իմ երգերով, որ իմ հոգեկանի արտահայտությունն են, ինձ զգում եմ, այո՛, որպես Էյֆելյան աշտարակը մեծ: Եվ եթե կուզեք իմանալ, այո՛, նաև Արարատի նման բարձրաբերձ ու վեհապանծ: Ինչու՞ չեք հիշում այն տողերը, ուր ասում եմ.
...
Ու բա՛րձր է, բա՛րձր է, կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բա՛րձր է ու հաստատ-
Հզո՛ր, ահարկու՛...
Հը՛, դե ասե՛ք, մի՞թե ես՝ որպես նոր կյանքի բանաստեղծ, այդպիսին չեմ:
...
Գրական համալսարանի սաներից մեկը.
_
Դուք, այդքան բարի հոգի ունենալով, ամենքին լավն ու բարին ցանկանալու պատրաստակամությամբ մի մարդ, ինչպե՞ս է, որ դուք ձեզ կոչել եք...Չարենց:
_
Այդ հարցի պատասխանը բոլորովին այլ է: Ես մտածեցի հարցիդ մեկ այլ՝ ավելի տրամաբանական պատասխան տալ: Աշխարհում բարի տեսքով ներկայացվող ձևի, հատկապես անվան տակ շատ չար բովանդակություններ են թաքցվում: Օրինակ՝ ասում են բարի թագավոր, բարի ու գթառատ իշխան: Բայց թագավորն ու իշխանը ո՞նց կարող են բարի լինել, երբ նրանց տիրապետությունը պահանջում է չար ու դաժան օրենքների ու բռնության կիրառում: Առանց այդ չար ու անհոգի բռնակալության ո՛չ թագավոր կլինի, ո՛չ իշխան: Իսկ ես հասարակության մեջ հանդես գալու առաջին իսկ օրերից որոշեցի հակառակն անել: Ինչպես դու ասացիր՝ ես՝ բարի սիրտ ու հոգի: Այսինքն՝ ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասսծ, չար անուն եմ տվել: Հաճախ ձևն ու բովանդակությունը հակադրության մեջ են մտնում միմյանց հետ: Հաճախ չարը հանդես է գալիս բարու դիմակով, թող մեկ անգամ էլ բարին հանդես գա չարի դիմակով և կոչվի...Չարենց:
Բոլորս հիացած էինք նրա այդ հանպատրաստից պատասխանով:


Չարենցի հետ» գրքից
)

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև