Հայկազ Մարգարյան «Եվնուխները (Ներքինիները)»



Անվան ծագումնաբանությունը

«Եվնուխ» բառը հունական ծագում ունի, այն թարգմանաբար նշանակում է օթյակի, ննջասենյակի պահապան: Հայերենում օգտագործվել են և´ եվնուխ, և´ ներքինի անվանումները: Հետաքրքրական է, որ «եվնուխ» բառին հանդիպում ենք մինչքրիստոնեական ժամանակաշրջանի գրականությունում, երբ Հայաստանում ավելի շատ տարածված էր հունականությունը (հելլենիզմ): Քրիստոնեության ընդունումից հետո մեր պատմիչների մոտ որպես հոմանիշ հայտնվում է ներքինի բառը:

Ծագումը

Ներքինիները դարեր շարունակ եղել են հասարակության հիվանդագին հետաքրքրության կենտրոնում: Ինձ համար էլ դժվար է անտարբեր անցնել այս թեմայի կողքով: Որտեղի՞ց են նրանք հայտնվել, ո՞վ է նրանց ստեղծել: Այս հարցերի պատասխանը ես գտա գրքերում, բայց այնտեղ էլ ամեն ինչ պարզ չէր: Ներքինիների առաջին հետքերը հայտնաբերվեցին քաղաքակրթության օրրանում` Միջագետքում, որտեղ Եփրատն ու Տիգրիսը միախառնվելով թափվում են Պարսից ծոցը: Արգավանդ դելտայում ապրում էին բազմաթիվ ցեղեր, որոնց մի մասի մոտ մայրիշխանություն էր: Դեռևս Ք.ա IX դարում ասորական Շամիրամ թագուհին ամորձատել էր տալիս տղամարդ ստրուկներին: Այս պրակտիկան անցավ նաև այլ ցեղերի: Ժերար դե Ներվելը իր «Ճանապարհորդություն դեպի Արևելք» գրքում նկարագրում է արևելյան որոշ թագուհիների՝ շրջապատված ներքինիների շքախմբով:

Ներքինիների տեսակները

Հայտնի են ներքինիների մի քանի տեսակներ՝ նրանք, ովքեր ծնվել են ներքինի, բռնությամբ կրտվածներ և կամավոր կրտվածներ, ովքեր դա արել են հանուն հոգևոր մաքրության ու անաղարտության: Սրա մասին հիշատակություն կա նաև Մատթեոսի Կտակարանում. «Եվ կան նեքինիներ, որոնք իրենց այդպիսին են դարձրել Երկնային Արքայության համար» (19:12):

Ներքինիներին օգտագործելու ավանդույթը արագ տարածվեց ողջ Արևելքում` Պարսկաստանից մինչև Չինաստան: Պարսիկները գերիներին ամորձատում էին և որպես ռազմական ավար՝ գերի կույսերի հետ նվիրում իրենց արքաներին: Պարսկական Կյուրոս արքան 538թ. Ք.ծ.ա. գրավեց Բաբելոնը: Մեծ թվով գերիներ կրտելուց հետո նա հայտարարեց, որ ներքինիները ամենահուսալի ծառաներն են, քանի որ չեն կարող երեխա ունենալ և ընտանիք կազմել: Այսինքն` այլ հոգս, քան տիրոջը ծառայելը, նրանք չունեին: Այս մասին մեզ տեղեկացնում է անտիկ շրջանի հույն պատմիչ Քսենոփոնտը (IV դար Ք.ծ.ա.):

Ահա թե ինչ է նա գրում. «Հետևելով կենդանիների վարքին՝ նա (Կյուրոսը) եզրակացրեց, որ անհնազանդ ձին կրտելուց հետո դադարում է կծելուց ու քացի տալուց, բայց բոլորովին էլ չի կորցնում պատերազմում անհրաժեշտ որակները, որ կրտած ցուլը նույնպես փոխում է բնույթը, դառնում հանգիստ ու հանդարտ, բայց չի կորցնում աշխատանքում անհրաժեշտ ուժն ու դիմացկունությունը, և վերջապես շները կրտվելուց հետո չեն փախչում իրենց տերերից, այլ հավատարմությամբ պահպանում են նրանց ունեցվածքը և օգնում որսի ժամանակ: Նույն կերպ էլ մարդիկ, կորցնելով սիրո նկատմամբ հետաքրքրությունը, նրանք դառնում են ավելի հանգիստ, բայց ոչ պակաս ջանասեր ու եռանդուն տրված հանձնարարությունները կատարելու համար»:
Հրեաների ու քրիստոնեաների մոտ համոզմունք կար, որ կանայք խոչընդոտում են մաքրակենցաղությանն ու հոգևոր անաղարտությանը: Երկրորդ դարի քրիստոնյա գրող և աստվածաբան Տերտուլիանոսը պնդում էր, որ Երկնային Թագավորությունը բաց է կրտվածների համար և շատերին ոգևորեց ամորձատվելու, բայց այդ քայլին գնացածներից շատերը հետագայում զղջում էին իրենց որոշման համար:
Հերեդոտը պատմվածք ունի Քիոս կղզու Փանիոն անունով մի ստրկավաճառի մասին, որը գնում էր ամենագեղեցիկ տղաներին, կրտում և նորից վաճառում ստրուկների շուկայում: Այդ տղաների թվում էր Հերմոտ անունով մեկը, որը մեծ հարստություն ու հզորություն ձեռք բերեց Սարդոսում (հին Լիդիայի մայրաքաղաքում)՝ դառնալով տեղի պալատական ներքինին: Շատ տարիներ անց Հերմոտի և Պանյոնի ճանապարհները նորից խաչվեցին: Հերմոտը որոշեց վրեժխնդիր լինել: Նա Պանյոնին համոզեց իր հետ գնալ Սարդոս՝ խոստանալով մեծ իշխանություն ու հարստություն: Պանյոնը անտեղյակ Հերմոտի պլաններից և գայթակղված խոստումներից՝ ընկավ նենգ ներքինու թակարդը և շատ թանկ վճարեց իր նախկին արարքների համար: Հերմոտը ստիպեց իրեն տանջողին ամորձատել իր չորս որդիներին, իսկ հետո որդիներին ստիպեց կրտել իրենց հորը:

Կաթոլիկ եկեղեցին ամորձատում էր տղաներին, որպեսզի պահպանվի նրանց բարձր երգեցիկ սոպրանոն Սիքստինյան պապական երգչախմբում երգելու համար: Այդ պրակտիկան գոյություն ուներ Վերածննդից և պահպանվեց 1878թ.: Ամորձատվածներ էին երգում նաև իտալական օպերայում, որտեղ նրանցից մի քանիսը` Գրիմալդին, Ֆարինելլին և Նիկոլինին մեծ համբավ ձեռք բերեցին:
Մի քանի հարյուր ներքինիներ ծառայում էին Մեքքայի և Մեդինայի մզկիթներին կից: Նրանք հաղորդակցվում էին աղոթքի եկած կանանց հետ, ինչը իսլամի օրենքներով չէր թույլատրվում սովորական տղամարդկանց:

XVIII դարի երկրորդ կեսին Ռուսաստանում գոյություն ուներ Կրտվածների աղանդ: Այստեղ հավատում էին Եդեմի Այգիների մասին լեգենդին, ըստ որի Ադամն ու Եվան ծնվել են առանց սեռի և միայն արգելված պտուղն ուտելուց հետո են բաժանվել ըստ սեռերի: Մեղսագործելուց հետո արգելված պտղի մնացորդները կպել են Ադամին ու Եվային սեռական օրգանների և կրծքերի տեսքով: Նախկին անաղարտ մաքրությունը վերադարձնելու համար աղանդի հետևորդները իրենք իրենց կրտում են, կտրելով կամ խեղելով սեռական օրգաններն ու կրծքերը, և դրա համար օգտագործում էին դանակներ, սուր քարեր և ապակու կտորներ:

Ամորձատելու սովորույթը բուզանդացիներից անցավ թուրքերին: XIV դարում թուրք օսմանները սկսեցին մեկուսացնել կանանց, և Բյուզանդիան նրանց ներքինիներ էր տրամադրում: Սակայն շուտով թուրքերն իրենց ձեռքն առան ներքինիների առևտուրը, որը հսկայական եկամուտներ էր բերում:

Ամորձատումը լայն տարածում էր գտել Չինաստանում: Այն պահպանվեց մինչև Մեծ պալատի կործանումը Պեկինում` 1911 թվականը: Բայց եթե Չինաստանում ներքինի կարող էին դառնալ միայն չինացիները, ապա Թուրքիայում` բոլորը, բացի թուրքերից: Ղուրանն արգելում էր ամորձատել մուսուլմաններին: Սկզբից Թուրքիայում հայտնվեցին սպիտակ ներքինիներ Հյուսիսային Կովկասից, Վրաստանից ու Հայաստանից, բայց այս երկրների տղամարդիկ դժվար էին տանում վիրահատությունը, և մեծ էր նրանց մահացությունը վիրահատությունից հետո: Դրա համար էլ ներքինիներ էին բերում Աֆրիկայից` Եգիպտոսից, Սուդանից ու Եթովպիայից: Սևամորթները ավելի հեշտ էին տանում վիրահատությունը, ավելի ուժեղ էին և դիմացկուն:

Ներքինիների առևտուրը

Իսլամի համաձայն ռազմագերիները դառնում էին իրենց գերողի սեփականությունը և որպես ամեն մի սեփականություն, կարող էին օտարվել: Մուսուլման ստրկավաճառները կապեր էին հաստատում աֆրիկյան ցեղապետերի հետ՝ նրանց համոզելով իրենց վաճառել սկզբում գերի ստրուկներին, իսկ այնուհետև նաև իրենց ցեղակիցներին: Երկուստեք ձեռնտու առևտուրը սկսեց արագ զարգանալ:
Սևամորթ ստրուկների մեծ մասը Եթովպիայից, Սուդանից և Չադից երբեմն նավերով Նեղոսով, երբեմն էլ` ոտքով կամ ուղտերով կտրելանցնելով Սահարայի անապատը հասնում էին Նեղոսի դելտա, այստեղից էլ նրանց քշում էին Մեքքայի, Մեդինայի, Բեյրութի, Իզմիրի ու Կոստանդնուպոլիսի ստրկավաճառության շուկաները:

Ներքինիների վիրահատությունը

Քանի որ իսլամն արգելում էր մուսուլմաններին զբաղվել կրտելով, դա անում էին եգիպտացիք, հրեաներն ու քրիստոնյաները: Ստրուկների խմբից առանձնացնում էին դեռահաս տղաներին և վիրահատում հենց ճանապարհին, հանգստի ժամանակ: Դա ծանր ու վտանգավոր վիրահատություն էր, որը հաճախ ավարտվում էր մահվան ելքով, իսկ անապատի շոգ ու չոր կլիման խանգարում էր վերքերի արագ ապաքինմանը: Անապատի տաք ավազը համարվում էր ամենալավ դարմանը թարմ վերքերի բուժման համար, և դա էր պատճառը, որ տղաներին կրտելուց հետո մինչև վիզը թաղում էին ավազի մեջ և պահում էին այնքան ժամանակ, մինչև փակվեին վերքերը: Ահավոր ցավից, արյունահոսությունից ու տաք ավազից տառապած ներքինին արդեն բարձր գին ուներ և մեծ եկամուտ էր բերում ստրկավաճառին: Նրանց գնում էին հարուստ մարդիկ, և ներքինին մեծ հնարավորություն էր ստանում բարձր դիրք ու իշխանություն ստանալու մեծահարուստի տանը:

Նորմալ մարդուն ներքինի դարձնելու սև արհեստը պարուրված էր գաղտնիքի ու խորհրդավորության շղարշով: Ըստ պատմաբան Ն. Մ. Պանցերի և հայտնի ճանապարհորդ ու արաբագետ Ռիչարդ Բարտոնի՝ ներքինիները բաժանվում էին երեք խմբերի.
  • Ամորձատվածներամբողջությամբ հեռացված առնանդամով ու անորձիներով
  • Կրտվածներջարդված կամ ձգված ամորձիներով
  • Ֆիլիբիներքարե դանակով հեռացված կամ վառած ամորձիներով
Ամենայն հավանականությամբ ամորձատման ձևերն ամեն տեղ նույնն են եղել, տարբեր են եղել արյունահոսությունը դադարեցնելու մեթոդները:
Մերձավոր Արևելքում և Թուրքիայում ածելու մի հարվածով հեռացնում էին տղամարդու սեռական օրգանները և միզածորանի մեջ խողովակ էին դնում, որից հետո վերքը այրում էին եռացող յուղով և տառապյալին դնում էին թարմ թրիքի մեջ: Մի քանի օր կերակրում էին միայն կաթով: Վիրահատությունը կատարում էին մինչև տղայի սեռական հասունացումը: Հիվանդի ապրելու հավանականությունը բավականին մեծ էր:

Իսկ ահա թե ինչպես է նկարագրում նույն վիրահատությունը Չինաստանում Կարտեր Ստենտը:
Արյունահոսությունը նվազեցնելու համար վիրահատվողի փորն ու կոնքերը ամուր կապում էին կաշվե պինդ փոկերով: Հեռացվելիք մասերը երեք անգամ լվանում էին կծու պղպեղի լուծույթով, որից հետո այն հեռացվում էր մանգաղանման դանակով: Այնուհետև միզածորանի մեջ մտցվում էր խողովակ` ծորանով ու խցանով: Այս ամենը ծածկվում էր սառը ջրով թրջած թղթով և փաթաթվում վիրակապով: Դրանից հետո երկու մարդ բռնում էին վիրահատվողի թևերը և երկու-երեք ժամ քայլեցնում սենյակում: Հաջորդ երեք օրերին հիվանդին ջուր չէին տալիս, և նա տանջվում էր ոչ միայն ծարավից ու ահավոր ցավերից, այլև բնական պահանջները բավարարելու ցանկությունից: Երեք օր անց հանում են վիրակապերը, և այս դժբախտը հնարավորություն է ստանում միզելու, որը ուղղակի շատրվանում է: Եթե միզելու պրոցեսը հաջող է անցնում, ուրեմն հիվանդի հետ ամեն ինչ կարգին է, իսկ եթե չի կարողանում միզել, ուրեմն նրան ոչնչով չեն կարող օգնել, և նա դատապարտված է մահվան:




Պատմաբան Պոլ Ռայկոն հիշատակում է արծաթյա խողովակի մասին, որը ներքինիները պահում էին իրենց գլխաշորի ծալքերում: Միզելու համար այն մտցնում էին միզածորանի մեջ:
Ամորձատումը հեշտ էին տանում սեռական հասունության չհասած տղաները: Հասուն տղամարդկանց մոտ ամորձատումը առաջ էր բերում անվերադարձ կորստի, հուսահատության և հոգեկան անկման զգացում և վրեժխնդրության ձգտում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

ԲԼՈԳԻ ԱՋԱԿԻՑ

Կարդացեք նաև